...

Մարզպետարանը կողմ է դպրոցի տնօրենի մրցույթի արդար անցկացմանը. պարզաբանում

Մարզպետարանը կողմ է դպրոցի տնօրենի մրցույթի արդար անցկացմանը. պարզաբանում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր կրկին չի կայացել Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը:

Հուլիսի 17-ին նշանակվածն էլ տեղի չէր ունեցել և հետաձգվել էր, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չէր եկել մրցույթին։ Տեղի ունեցածի վերաբերյալ Արարատի մարզպետարանը հանդես է եկել պարզաբանմամբ.

«Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթի շուրջ առաջացած լարվածության վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 23.07.2020թ. մրցույթին մեր կողմից նշանակված դպրոցի խորհրդի անդամների չներկայանալով՝ արտահայտում ենք մեր դիրքորոշումը հետևյալի վերաբերյալ:

Մեր դիտարկմամբ՝ դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական և ուսուցչական խորհուրդների անդամները անկախ չեն, հետևաբար, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այս մրցույթը չի կարող լինել օբյեկտիվ և անաչառ, քանի որ այն արդեն իսկ ուղղորդված է: Հատկանշական է այն, որ խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնում են, որ ցանկանում են դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել մի մարդու, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրին անգամ ծանոթ չեն: Համաձայն գործող կարգի՝ մրցույթի ընթացքում հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը, և խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր՝ տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից: Մրցույթի մյուս 2 հավակնորդները ևս հայտնվել են անհավասարության պայմաններում, քանի որ առանց նրանց լսելու, նրանց ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրին ծանոթանալու և հարցազրույց անցկացնելու, դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական և ուսուցչական խորհուրդների ներկայացուցիչները արդեն ունեն ձևավորված տեսակետ՝ դպրոցի տնօրենի ընտրության և տնօրենի ով լինելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 17.07.2020թ. մրցույթն օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հետաձգվել է՝ խորհրդի նիստի իրավազորությունը չապահովվելու համար, քանի որ այդ օրը նիստին չեն մասնակցել խորհրդի 3 անդամ՝ մեկական անդամ՝ նշանակված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմնի և մարզպետարանի կողմից:

Նշվածի հիման վրա շեշտում ենք, որ մեր ներկայացուցիչներից մեկի չներկայանալը մրցույթի կայանալուն խոչընդոտ չի կարող լինել և չի եղել, քանի որ խորհուրդը բաղկացած է 8 անդամներից: Արարատի մարզպետի կողմից նշանակված երկու անդամներից միայն մեկն է բացակայել: Միաժամանակ, մենք պատասխանատու չենք այլ ներկայացուցիչների մասնակցության համար, ովքեր նշանակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գործող կարգի համաձայն՝ նմանատիպ դեպքերում հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար:

Ուշադրություն ենք սևեռում նաև այն փաստի վրա, որ խորհրդի նախագահ Սահակյան Ցողիկը ուսուցչական խորհրդի անդամ է և դպրոցի նախկին տնօրեն, մրցույթի հավակնորդներից Ծովինար Գալստյանի ընկերուհին է, խորհրդի անդամ Նեսման Գևորգյանն ուսուցչական խորհրդի անդամ է, որի երկու աղջիկները՝ Սոֆյա Գևորգյանը և Լուսինե Գևորգյանը նույնպես նույն դպրոցի ուսուցիչներ են, խորհրդի անդամ Լուսինե Նահապետյանը դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանի գործավարուհին է, ծնողական խորհրդի անդամ է, որն իր երեխային 2019-2020թ.թ. ուսումնական տարում մեկ այլ դպրոցից տեղափոխել է Նորամարգի դպրոց, որպեսզի դառնա ծնողական խորհրդի անդամ, խորհրդի անդամ Սիլվա Հմայակյանը ծնողական խորհրդի անդամ է, ինչպես նաև դպրոցի տնտեսվար Հովհաննես Շահբազյանի կինը: Կողմնակալ մրցույթի ապացույց է նաև այն, որ դպրոցի ամբողջ ծնողական և ուսուցչական կազմը լծվել է Ծովինար Գալստյանի ընտրության գործին: Դրա վկայությունը՝ կից ներկայացված ձայնագրություններն են: Ի դեպ, սույն անձինք, խախտելով արտակագ դրության իրավական ռեժիմի կանոնները, Արարատի մարզպետարանի դիմաց և դպրոցում կազմակերպել են հավաքներ և ժողովներ:

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Արարատի մարզպետարանը, ավելի քան որևէ մեկը, կողմ է դպրոցի տնօրենի մրցույթի արդար անցկացմանը»,- մեկնաբանել են մարզպետարանից:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1244 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ