...

Որոշ դպրոցներում ջերմաստիճանը նորմայից ցածր է

Որոշ դպրոցներում ջերմաստիճանը նորմայից ցածր է

Հոտին սովոր են 

Այս տարի էլ է Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի միջնակարգ դպրոցում «բուրում» սոլյարկայի հոտը: Դպրոցը չունի լոկալ ջեռուցման համակարգ և դասասենյակները տաքացնում են վառարաններով` հեղուկ վառելիքով:

Դասասենյակներում անհրաժեշտ առնվազն 18-22 ջերմաստիճանն ապահովվելու համար լրացուցիչ միջոցների են դիմել: Էլեկտրական սալիկների օգնությամբ են անհրաժեշտ ջերմաստիճանը դասասենյակներում պահպանում:
 
Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պետական ծրագրով նախատեսված է դպրոցներին տրամադրել օրական 2,6 լիտր վառելիք` յուրաքանչյուր դասարանի հաշվով, ինչը, սակայն, ցրտաշունչ օրերին դասասենյակները տաքացնելու համար չի բավականացնում:
 
Արտաքինից բարվոք վիճակում թվացող դպրոցի ներսի պատերի ծեփը պոկված է, դռները՝ կոտրված, նստարանները մաշված են և վնասված:

Կրթօջախը վերանորոգման կարքի ունի: Հիմնադրումից հետո շենքում առաջին անգամ շինաշխատանքներ են իրականացվել է 2015 թվականին, երբ ուժեղ քամու հետևանքով վնասվել էր տանիքը: 

«Տանիքը փոխված է, պատուհանների 60-70 տոկոսը փոխված է, մնում է ներքին հարդարումը»,- մանրամասնեց տնօրենը:

Ջրաշենի դպրոցի աշխակերտների թիվն անընդհատ տատանվում է: Սամվել Պողոսյանի փոխանցմամբ՝ գնալով աշակերտների թիվը, սակայն, ավելանում է:

«114 աշակերտ էին, մեկը գնաց Նոյեմբերյան, մնացին 113-ը: Ծնելիության թիվը մեծ է, դրա համար էլ աշակերտներ ունենք»,- նկատեց Պողոսյանը: 

Մարզպետարանում տնօրենին խոստացել են այս տարի դպրոցի վերանորոգման հարցն օրակարգային դարձնել և շենքի հետ միասին լուծել նաև ջեռուցման հարցը: 

Տնօրենը վստահեցնում է՝ բացակայություններ չունեն: Այսօր չորս աշակերտ չի դասի հաճախել, իսկ նախորդ շաբաթ բացակայություններ չեն ունեցել:

Բացականները շատ են

56 աշակերտ այսօր դասի չի գնացել մարզի Նոր Արմավիր դպրոցում: Տնօրեն Հերիքնազ Հարությունյանի պնդմամբ՝ բացակայությունները հարգելի են, լսարաններում նորմայից ցածր ջերմաստիճանը չէ դպրոց չհաճախելու պատճառը:

«Արձակուրդից հետո միշտ այդպես է լինում: Զգուշացրել են, որ բացակայությունները հարգելի են, հիվանդ աշակերտներ ունենք»,- ասաց նա:
 
Անմխիթար վիճակում գտնվող դպրոցը 223 սան ունի: Այսօր արդեն հեղուկ վառելիքով տաքացվող դպրոցի դասարաններում անհրաժեշտ տաքություն չի եղել: Հին պատուհանների և դռների արանքներուվ ցուրտը ներս է մտնում: 

«Մինչև այսօր տաք է եղել և դասասենյակներում հնարավոր է եղել տաքություն պահպանել: Այն դասասենյակներում, որտեղ դռներն ու պատուհանները փոխված չեն, ջերմաստիճանը նորմայից ցածր է՝ 16- 17 աստիճան է»,- մանրամասնեց դպրոցի տնօրենը:

Յուրաքանչյուր տարի տաք դասասենյակներ և նորոգված դպրոց ունենալու հույսով դիմել են մարզպետարան: Այս տարի էլ ավանդույթը շարունակելով նույն հարցը մինույն պատկան մարմնին են հասցեագրել: Դրական պատասխան չեն ստացել: Հարցն ուսումնասիրել են, քննարկել, բայց վերանորոգման մասին ոչ մի խոսք: 

Ի դեպ, Արմավիրի մարզի 15 դպրոց չունի լոկալ ջեռուցման համակարգ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս օրերին հանրապետության տարբեր դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ