...

«Բադեյան» պետական քոլեջում մրցույթը չի կայանում ԿԳՄՍ ներկայացուցիչների չներկայանալու պատճառով

«Բադեյան» պետական քոլեջում մրցույթը չի կայանում ԿԳՄՍ ներկայացուցիչների չներկայանալու պատճառով

Ինչո՞ւ են նախարարությունում երեք տարի շարունակ այս հարցին մատների արանքով նայում 

Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջը արդեն երեք տարի տնօրեն չունի։ Կրթօջախը ղեկավարում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանը: Տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթները այդպես էլ տեղի չեն ունենում։ Պատճառն առնվազն տարօրինակ է՝ մրցույթի օրը ԿԳՄՍ նախարարության կողմից լիազոր ներկայացուցիչը այդպես էլ չի ներկայանում: Այս տարի չորրորդ մրցույթն է չեղարկվել: Չեն կայացել փետրվարի 23-ին, մարտի 2-ին, մայիսի 5-ին, մայիսի 12-ին տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթները: 

Պարզաբանման համար գրավոր դիմեցինք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և նախարարությունից այսպիսի պատասխան ստացանք. «Հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամաններով նախարարության տարբեր աշխատակիցներ նշանակվել են որպես լիազոր ներկայացուցիչներ, սակայն տարբեր պատճառներով՝ աշխատակիցների ծանրաբեռնվածություն, հիվանդություն, չեն մասնակցել Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրենի մրցույթին»։ Իսկ թե ինչո՞ւ են նախարարությունում մատների արանքով նայում հայտարարված մրցույթին, դժվար է ասել։ Արդյո՞ք ոչ հանցավոր պայմանավորվածության կամ հովանավորչության արդյունքում... Մի բան ակնհայտ է. նայում են այնպես, ինչպես կրթական բոլոր հիմնախնդիրներին՝ սովորական անփութությամբ ու անտարբերությամբ՝ չհաշված ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումը միտումնավոր երկարաձգելու հանգամանքը։ 

Տեղեկացանք նաև, որ «Բադեյան» պետական քոլեջի մասով կա հարուցված քրեական գործ, որի վարույթը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում: Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ պարզաբանում ստանալու, թե ինչ առնչությամբ և ինչ հատկանիշներով է քրգործ հարուցվել: Պատասխանը ներկայացնում ենք ստորև. 

«Ձեր հարցման կապակցությամբ հայտնում եմ, որ 2022 թվականի հունիսի 18-ին «Բադեյան» քոլեջի աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ Վարդենիս քաղաքի «Բադեյան» քոլեջի տնօրենի պաշտոնակատարը 2022 թվականի մարտի 4-ին հանձնարարել է իրեն վերարտագրել «Քույրական գործ» երկրորդ կիսամյակի դասամատյանը 2021 թվականի սեպտեմբեր ամսից սկսած, քանի որ մատյանում փաստացի ներառված է մեկ սովորողի անուն, ով չի հաճախել դասի, սակայն փոխադրվել է երկրորդ կիսամյակ: 2022 թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում որոշում է կայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ առերևույթ հանցանք կատարելու վերաբերյալ ստացված հաղորդումը և ստուգման ենթակա փաստաթղթերն՝ ըստ ենթակայության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու մասին: 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում որոշում է կայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու առերևույթ հանցագործություն կատարելու համար թիվ 62232222 քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտե ուղարկելու մասին: Թիվ 62232222 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

Քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սյուզաննա Նալբանդյանը ՉԻ հետ զրույցում նախ «զարմացավ», որ քոլեջի մասով քրգործ կա հարուցված, հետո, երբ հիշեցրեցինք, որ խոսքը վերաբերում է դասամատյաններում առկա անճշտությունների և կեղծիքների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում գտնվող քրգործին, խորհուրդ տվեց հարցը ուղղել Քննչական կոմիտեին: Մեր այն դիտարկմանը, թե չարաշահելով պաշտոնը՝ քոլեջի քննական հանձնաժողովի որոշ անդամների ինքը թույլ չի տվել մասնակցել քննություններին, տիկինը հայտարարեց. «Նման բան գոյություն չունի, ինչ-որ մեկը փորձում է ձեզ սուտ տեղեկություն հաղորդել: Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, խնդրեմ, համեցեք, մատյաններում անճշտությունների հարցով եթե կա վարույթ, իրենցից ստացեք ինչ-որ տեղեկատվություն: Խնդրում եմ զուր ժամանակ չծախսել»։ Մինչ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում էր չտրվել ապատեղեկատվությանը, քննական հանձնաժողովի նախագահի տեղակալ, քոլեջի փոխտնօրեն Մերի Շահինյանը, ի հակասումն Նալբանդյանի, հայտնեց, որ ինքը իրոք ներկա չի գտնվել քննություններին (ինչը պարտավոր էր ի պաշտոնե.Մ.Ծ.): Իր բացակայությունը պատճառաբանելով ինչ-ինչ դասընթացների մասնակցելու հանգամանքով, Մ.Շահինյանը խնդրեց, որ իրեն «չխառնեն տարածված ասեկոսեներին»։ 

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ. 1 Այս ամենով հանդերձ, դեռևս անորոշ է, թե երբ կկայանա քոլեջի տնօրենի պաշտոնի համար հաջորդ մրցույթը, և ԿԳՄՍ նախարարությունը երբ բարի կամք կդրսևորի այս թնջուկին վերջնական լուծում տալու համար:      

Հ.Գ.2 Երբ մեր հոդվածը պատրաստ էր հրապարակման, նախարարության կայք-էջից տեղեկացանք, որ «Բադեյան» պետական քոլեջում հայտարարվել է այս տարվա թվով 5-րդ մրցույթը: Այն նշանակված է հուլիսի 26-ին: Սպասենք հետագա զարգացումներին:
                                   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ