...

Ո՞ւմ է կասկածում Փաշինյանը

Ո՞ւմ է կասկածում Փաշինյանը

Անտրամաբանական համեմատություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին մեկ անգամ ևս կոչ է արել բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Վարչապետը նրանց գործողությունները համարել է ոչ տրամաբանական, անհարգալից, և որ այն չի բխում ՀՀ-ի շահերից:

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակը վարչապետի խոսքն անտեսելը չէ: Ամուլսարի խնդիրը միայն հանքի ճանապարհները փակ պահողներին չի վերաբերում: Հանքի շահագործմանը դեմ է հասարակության մեծամասնությունը և մինչև կառավարության կողմից վերջնականապես Ամուլսարում հանքարդյունաբերության թույլտվության ծրագիրը չչեղարկվի, շարունակելու են փակ պահել ճանապարհը: Իսկ ջերմուկցու համար էլ վարչապետի արած համեմատությունը տեղին չէր:

«Նայած՝ հարցին որ տեսանկյունից ես նայում: Հնարավոր է՝ ճանապարհը փակ պահելն իր տեսանկյունից անտրամաբանական է: Ինձ համար էլ անտրամաբանական էր Երևանից Կապան մեկնած մեքենայի արտանետումները համեմատել Ամուլսարում մետաղական բաց հանքից ստացվող վնասների հետ»,- հակադարձեց նա:

Վարչապետը փաստեր չունի

Ըստ վարչապետի՝ դեպի հանք տանող ճանապարհը փակ պահելու պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Եվ Ամուլսարի հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ ճանապարհը փակված է: Հանքի ճանապարհը փակ պահողներն այլ կարծիքի են: Շիրակ Բունիաթյանը նկատում է՝ եթե ճանապարհը փակ չլիներ, հարցն արդեն լուծված կլիներ:

«Ամուլսարն արդեն հանք կլիներ: Մենք այդ իրավիճակում ենք փակել ճանապարհները, օրեր հետո պետք է սարի գագաթը բացվեր: Անտրամաբանական է մեղադրել մարդկանց: Ինքն ունի երկմտանք և ասում է՝ լավ կլիներ, որ բացվեր և ֆինանսական առաջընթաց կլիներ, բայց ունի մտավախություն, որ վտանգ կլինի: Լինելով երկրի ղեկավար՝ փաստեր չունի, որ վնաս կլինի՞, թե՞ ոչ, ուրեմն՝ անտրամաբանական է անմիջապես Ամուլսարի հարևանությամբ ապրող մարդկանց մեղադրել, որոնք նկատելով վտանգը, կասեցրել են իրենց մարմնով, առողջությամբ: 2 տարի է՝ դրսում են»,-  վրդովվեց նա:

Կասկածում է, թող գտնի

Ամուլսարի շուրջ տեղի ունեցող գործընթացի հետ կապված, սակայն, Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի: Նա տարակուսում է, որ իրավիճակի մեջ շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն բաժնետոմսերը։ Բայց նրանց էլ, ըստ վարչապետի, երազախաբություն է սպասվում, որովհետև այդպիսի զարգացումներ թույլ չեն տալու:

Ամուլսարի պահապանին Փաշինյանի կասկածները ծանոթ են: Նման հայտարարություն էլի է եղել, երբ Ջերմուկի բնակիչները հանդիպել են վարչապետին, ասել է, որ նրանց նկատի չունի: Շիրակ Բունիաթյանի կարծիքով՝ սա նախորդ հայտարարության շարունակությունն է: Պնդում է՝ ճանապարհը փակողները նվազագույն աշխատավարձով ապրող քաղաքացիներ են, որոնք դժվար նման հավակնություններ ունենան: Իսկ, եթե վարչապետը կասկածում է, կարող է դեմն առնել:

«Եթե կան այդպիսիները, որոնք նպատակ ունեն պտուղներ քաղել այս պայքարից, ուրեմն՝ իրավապահական մեծ համակարգ ունենք, թող իրավապահները գտնեն շահադիտական նպատակ ունեցողներին, ովքեր պայքարի մեջ են, կամ աջակցում են: Եթե կան մարդիկ, ովքեր ուղղորդվում են, կամ գործիք են, թող գտնեն այդ մարդկանց, նրանց պապաներին և պատժեն»,- ասաց նա:

Ջերմուկցիները չեն նահանջում

Ջերմուկցին կրկին հիշեցնում է՝ իրենց պայքարն ուղղորդված չէ և սկսել են հանքի դեմ պայքարել դեռ նախորդ իշխանության ժամանակ: 

«Մեր պայքարը ժողովրդավարության լայն դրսևորում է՝ այն հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամուլսարի հանքի դեմ պայքարողների խոսքով՝ հասել են մի կետի, որտեղից այլևս հետդարձի ճանապարհ չկա: Կրկին պնդում են՝ Ամուլսարը հանք չի դառնալու:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   7569 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ