...

Ամուլսար տանող ճանապարհը կբացվի՞, թե` ոչ

Ամուլսար տանող ճանապարհը կբացվի՞, թե` ոչ

Առաջիկա օրերին կորոշվի՝ դեպի Ամուլսար տանող ճանապարհը կբացվի, թե՝ ոչ:

Շաբաթվա վերջին Ջերմուկում տեղի կունենա հանրային քննարկում, որի ժամանակ էլ ընդհանուր հայտարարի կգան՝ բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որպեսզի «Լիդիան» ընկերությունը ձմեռացման աշխատանքներ իրականացնի: 2 օր առաջ Ջերմուկում տեղ է ունեցել Վայոց ձորի ոստիկանության վարչության պետի պաշտոնակատարի, Ջերմուկի ոստիկանապետի, համայնքապետի, մի քանի այլ պաշտոնատար ոստիկանների և բնակիչների հետ հանդիպում:

Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը «ՉԻ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ հանդիպման եկած պաշտոնատար անձինք առաջարկել են գոնե մի քանի օրով Ամուլսարի մուտքերը բացել:

«Մենք լիքը չուզենալու պատճառներ ունենք, անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ տեխնիկան ձմեռացման տանելու անհրաժեշտություն կա, ոչ մեկը ձեռք չի տվել, որ նորից մի հատ էլ ձմեռացում անեն»,- ասաց նա:

Ջերմուկցիները բարձրաստիճան ոստիկանների առաջարկի վերաբերյալ միասնական որոշում կկայացնեն և այդ մասին բոլորին տեղյակ կպահեն:

«Կարծում եմ՝ մարդիկ գիտակցում են, եթե տանք բացասական պատասխան և կառավարության կողմից լինի այլ որոշում, մենք պետք է ամեն բանի պատրաստ լինենք: Իրենք առաջարկում էին, որ «Լիդիանը» կամ այլ կապալառու ընկերություն մուտք գործի տարածք և կատարի ձմեռացման աշխատանքներ»,-  նշեց նա:

Շիրակի Բունիաթյանի կարծիքով՝ պետք չէ ընդառաջել և դեպի հանք տանող ճանապարհները բացել: Բայց դա միայն իր տեսակետն է: Նրա խոսքով՝ Ամուլսարի հարցը ամբողջ Ջերմուկինն ու հայությանն է:

«Ամուլսարի հետ կապված բոլոր որոշումները միշտ միասնական ենք կայացրել: Կարող է՝ ես չեմ ուզում, բայց մեծամասնության կարծիքն այլ լինի: Ըստ իս, պետք է թույլ չտալ, բայց մեր նպատակն այն չէ, որ իրենց գույքը փչանա: Մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Շիրակ Բունիաթյանը ոստիկանների այցը և իրենց արված առաջարկը պատահական չի համարում:

Տեղեկություններ կան, որ «Լիդիան» ընկերությունը մինչև դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել:

Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը այս տեղեկատվության վերաբերյալ հայտնել էր. « «Լիդիան Ինթերնեշընըլի» բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև դեկտեմբերի 20-ը»:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ