...

Տարբեր լծակներ ունեցող մարդիկ սպառնում են Ջերմուկի բնակիչներին

Տարբեր լծակներ ունեցող մարդիկ սպառնում են Ջերմուկի բնակիչներին

Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչները պատրաստվում են նաև ձմռանը փակ պահել Ամուլսար տանող ճանապարհը: Այսօր Ամուլսարի պահապանները կրկին հավաքվելու են և քննարկելու իրենց առաջիկա անելիքները:

«Ամուլսար անող ճանապարհները չեն բացվելու, հիմա քննարկում ենք վառելիքի հարցը, որ շարունակենք հերթապահություն իրականացնել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ոստիկանության ուժերի կողմից իրենց վրա ճնշումներ չեն գործադրվում, բայց որոշակի խմբեր Ամուլսարի համար պայքարողներին սպառնում են:

«Վերջին շրջանում կան մարդիկ, որ պաշտոններ զբաղեցնելով, փորձում են իրենց լծակներն օգտագործել և բնակիչներին հանդիպում են և առաջարկում, որ պոստեր չգնան, ասում են՝ եթե գնաք, կմիջնորդենք, որ կորցնեք ձեր աշխատանքը»,- պատմեց Ջերմուկի բնակիչը:

Շիրակ Բունիաթյանը դեռ չի ուզում փակագծեր բացել և անուններ տալ: Խոստանում է, որ առաջիկայում փաստերով այն կներկայացնեն և պարզ կլինի, թե ովքեր են նրանք:

«Կպարզվի, թե այդ մարդիկ սեփական նախաձեռնությամբ են այդպես անո՞ւմ, թե՞ ուղղորդված են և հրահանգներ են կատարում: Չի կարող Ջերմուկում Ամուլսարի հետ կապված ճնշում լինի բնակիչների նկատմամբ:

Հեղափոխությունը դեռևս մարզեր չի հասել, շատ պաշտոններում դեռևս շարունակում են պաշտոնավարել նախկինների մարդիկ: Ճիշտ է, նրանք նոր իշխանության համակարգում են, բայց նոր իշխանության կադրերը չեն: Չենք ուզում պատկերացնել, որ այդ մարդիկ իրենց արատավոր գործելաոճը շարունակում են իշխանության հրահանգավորմամբ: Չենք հավատում դրան, քանի որ հեղափոխությունն արատավորը հեռացնելու նպատակով էր:

Բնակչությունը ոտքի կանգնեց, որ մերժի այդ արատավորը, ոչ թե եթե դու ունես լծակ, բնակչին կանչես և ասես՝ նայիր գործից կհանենք»,- նշեց նա:

Ջերմուկի բնակիչները պնդում են, որ Ամուլսարի հարցով իրենց դիրքորոշումը չի փոխվել: Բունիաթյանի խոսքով՝ հիմա պայքարի պասիվ ձևն են ընտրել, քանի որ չեն ուզում իրավիճակը լարել:

«Մենք այն մարդիկ ենք, ովքեր կիսում են հեղափոխության գաղափարը և պետք չէ, որ Հայաստանը գնա ինչ-որ ցնցումների: Դա չի նշանակում, որ մենք նահանջում ենք: Մենք շարունակելու ենք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված իրավունքը, այսինքն՝ պայքարել շրջակա միջավայրի համար»,- ասաց նա:

Ջերմուկցիները կարծում են, որ կառավարությունը հարցին խելամիտ լուծում կտա:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ