Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական խնդիրը քաղաքական կարճատեսությունն ու անվճռականությունն է։ Այս խնդրի հետ են կապված այսօր իշխանության ու հասարակության առաջ ծառացած բազում հիմնահարցեր։
Իշխանության անվճռականության պատճառով է, որ մինչ օրս ոչ միայն չի լուծվել Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը, այլև էլ ավելի է խճճվել, ու այդ վիճակը կարող է տարիներ տևել։
Նույն անվճռականության պատճառով իշխանությունն այդպես էլ չի համարձակվում դատական համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնել, չգիտես ինչու և ում խորհրդով հրաժարվեց վեթինգ իրականացնելուց, ինչ-որ պահի համարձակորեն ձեռնարկեց անցումային արդարադատության մեխանիզմի ներդրումը, սակայն հետո վեհերոտ քայլերով նահանջեց այդ գաղափարից։ Արդյունքում՝ ունենք անհասկանալի վարքագծով դատական համակարգ, դատավորներ ու դատական որոշումներ, որոնք, չի բացառվում, հենց այսօր էլ սպասարկում են հայտնի մերժված շրջանակներին։
Իշխանության ամենացցուն անվճռականությունը երևում է Ամուլսարի հարցում։ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն արդեն երկու տարի չեն կողմնորոշվում պետական ու համազգային նշանակություն ունեցող այս խնդրի լուծման հարցում։ Արդյունքում՝ արդեն տևական ժամանակ Ամուլսարի հարցում տիրում է անորոշություն, ժամանակ առ ժամանակ լարվածություն է առաջանում բնապահպանների ու իրավապահների միջև, որը նաև վերածվում է բախումների, ինչպես եղավ երեկ։
Այս վիճակի պատասխանատուն գործող իշխանությունն է, որն ունենալով քաղաքական ու հասարակական մեծ լիգիտիմություն, մեծ-մեծ խոսքեր ասելով քաղաքական կամք ունենալու մասին, չի համարձակվում վերջնական որոշում ընդունել Ամուլսարի փակման (կամ բացման) հարցում։ Փոխարենը որդեգրել է սպասողական, խուսանավողական գործելաոճ, որը հղի է վտանգավոր հետևանքներով։ Վտանգավոր հետևանքներ հենց իր իշխանության համար։
Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը ու դրանից շաբաթներ անց վերստին ասպարեզ էր եկել Ամուլսարի հարցը, Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ինքը ժամանակին լիներ իշխանության ղեկավար, թույլ չէր տա Ամուլսարի շահագործումը, այսինքն՝ ընդունում է, որ Ամուլսարը որպես հանք շահագործելը սխալ է։
Միաժամանակ նշել էր, թե իր կառավարությունը նախորդ կառավարության ընդունած որոշումների ժառանգորդն ու պատասխանատուն է և այդ որոշումներից հրաժարումը անպատասխանատու քայլ կարող է դիտարկվել միջազգային հանրության կողմից (շատ վիճելի, անվճռականությունը խոսքերով քողարկելու միտք)։
Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը տրվել է Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ՝ 2014 թվականին, ընդ որում՝ ստվերային գործարքների արդյունքում, որոնց վերաբերյալ կան քրեական գործեր։ Եվս մեկ հիմք՝ անհրաժեշտ որոշում ընդունելու համար։
Արդեն տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ է հանքի շահագործմանը, ամեն դեպքում հայտարարել է այդ մասին՝ շեշտելով բնապահպանական կոմպոնենտը։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը, որոնք այսօր կառավարությունում ու խորհրդարանում են, ժամանակին ակտիվորեն պայքարել են ընդդեմ Ամուլսարի շահագործման և ընդհանրապես, տարիներով եղել են բնապահպանական խնդիրների կիզակետում, հանուն բնության պահպանության պայքարի առաջնագծերում։
Թվում էր, թե այս գաղափարի ու որակի իշխանության համար խիստ տրամաբանական պետք է լիներ արագորեն լուծել Ամուլսարի հարցը՝ հոգուտ բնության։ Սակայն, ինչպես ցանկացած հարցում, այստեղ էլ իշխանության ֆանտաստիկ անվճռականությունը գերիշխում է սկզբունքների ու գաղափարների վրա, ինչը կարող է տխուր վերջաբան ունենալ հեղափոխական, «քաղաքական կամք» ունեցող իշխանության համար։
Համլետ Կիրակոսյան