...

Հակառակ պարագայում կասկածելի կլինի Ձեր անկեղծությունը

Հակառակ պարագայում կասկածելի կլինի Ձեր անկեղծությունը

ՀՀ քաղաքացուն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է ծանր ժառանգություն. փակուղի մտած Ղարաբաղյան կոնֆլիկտ, Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա: Ստամբուլյան կոնվենցիան նույնիսկ չի էլ կարելի խնդիր համարել, բայց պայմանական խնդիր համարենք: Իրականում Ստամբուլյան կոնվենցիան մի  թուղթ է, որ ստորագրել են մերժվածները, նույնիսկ ՀՀ քաղաքացին տեղեկացված էլ չէր: Հիմա իշխանություններն ընդունեն էլ, չընդունեն էլ, ՀՀ քաղաքացու կենցաղավարությունը չի փոխվելու: Մարդիկ ինչպես ապրել են, այդպես էլ պիտի ապրեն: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարողներն ուղղորդվում են մեկ կենտրոնից, և նրանց նպատակն է ամեն գնով վարկաբեկել իշխանություններին:  

Այ, իսկապես խնդիրներ են Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը և Ամուլսարը, որոնք իշխանությունից պահանջում են անկեղծ լինել ՀՀ քաղաքացու հետ: Եթե Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը կախված է միջազգային հանրությունից, ապա Ամուլսարի դեպքում բացառապես իշխանությունների դիրքորոշումից. որ չշարունակեն նախկինների գործելակերպը, այն է՝ հովանավորչություն մի մասնավոր ընկերության, որն ապականելու է առողջարանային քաղաք Ջերմուկը: 

Երկուսի դեպքում էլ կարծես թե իշխանությունների մոտ անկեղծություն չի նկատվում: Պոպուլիզմով առաջնորդվելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ այսչափ լուրջ խնդիրների համար:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ: Արդյո՞ք  Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր: Իհարկե, ոչ: Քսան տարի է մեղադրյալ Քոչարյանի թեթև ձեռքով Ղարաբաղը դուրս է մղված  բանակցային գործընթացից, կոնֆլիկտը փակուղում է, իսկ թե հետո ինչպես է Արցախը Հայաստան դարձնելու, Փաշինյանը  չի մանրամասնում: Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անկեղծ լինել քաղաքացու հետ և ասել ճշմարտությունը, որ միակ լուծումը փոխզիջումայինն է, և որոշողը միջազգային հանրությունն է: Վերջում շատ ավելի ցավոտ է լինելու, ինչպես Ամուլսարը: Ընտրված ղեկավարը պարտավոր է անկեղծ լինել իր ընտրողի հետ, ընտրողը կհասկանա: Իր ղեկավարման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե 0.01% բնապահպանական վտանգ պարունակի շրջակա միջավայրի համար, ապա հանքը չի շահագործվի:  Սակայն, Փաշինյանի երեկվա ուղիղ եթերից պարզ դարձավ, որ Ամուլսարը հանք է դառնալու: Մեկուկես տարի ղեկավարելուց հետո, խնդրին տեղեկացված լինելով նոր է հայտարարում, թե  ոչ մի իրավական հիմք չկա Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու համար, և եթե բնապահպանական մտավախության առումով թույլ չեն տալու Ամուլսարը շահագործելու, ապա ինչո՞ւ են թույլ տալիս Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքը կամ Թեղուտի հանքը. արդյո՞ք նրանք համապատասխանում են բոլոր բնապահպանական ստանդարտներին և միջազգայնորեն խնդիր կարող է առաջանալ, որ կառավարությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում:  

Այ քեզ բան: Անհեթեթություն է: Սա արդեն հեղափոխական ճանապարհով իշխանության եկած լեգիտիմ ղեկավարի տրամաբանություն չէ: Սա  հակասություն է Նիկոլ Փաշինյանի նախկին խոստումներին ու հայտարարություններին: Սույնով Նիկոլ Փաշինյանը դավաճանում է հեղափոխության սկզբունքներին և ճանապարհ է հարթում մերժվածների վերադարձին, ինչը շատ վտանգավոր է: Հանրությունը դեմ է հանքի շահագործմանը, որը հիմնավորվում է մասնագիտական եզրակացություններով: Միջազգայնորեն ի՞նչ խնդիր առաջանալու մասին է խոսքը, ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Ի՞նչ է, պիտի ասեն, թե նրանք խախտումներով են աշխատում, Ամուլասարի հանքն էլ պիտի խախտումներով աշխատի: Աբսուրդ:  Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ միջազգային հեղինակավոր կազմակերպություն Էլարդի ուսումնասիրությունների արդյունքներով հանքի շահագործումը անհնարին է դառնում: Իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թերություներն այնքան շատ են, որ նույնիսկ հնարավոր չէ հաշվել բնապահպանական ռիսկերը:  

Պարո՛ն վարչապետ, եթե Ձեր նշած հանքերն աշխատում են բնապահպանական նորմերի խախտումներով, ապա այնպես պիտի անեիք մեկուկես տարվա ընթացքում, որ նրանք բնապահպանական խախտումներ թույլ չտային և եթե անհնար էր, ուրեմն պիտի դադարեցնեին հանքերի շահագործումը: Մերժվածների համար ի՞նչ բնապահպանություն, ի՞նչ բան. նրանք քանդում էին երկրի ընդերքը և ինչքան հնարավոր էր իրենց համար գերշահույթ էին ապահովում: Եթե նախկիններին ՀՀ քաղաքացին մերժել է այս և նման շատ անիրավ բաների համար է, հիմա Դուք շարունակում եք մերժվածների գործելակերպը և հովանավորում եք մասնավոր ընկերությանը: Դուք կարող էիք երեկվա հայտարարությունն անել գոնե մեկ տարի առաջ, գուցե հանրության կողմից այլ արձագանք ունենար: Իսկ հիմա հանրության տրամադրությունն այդքան էլ Ձեր օգտին չէ, բայց ամեն ինչ կորած չէ, դեռ ժամանակ ունեք մերժելու Լիդիանին: Դա կլինի ապացույցն այն բանի, որ չեք շարունակում մերժվածների կործանարար տնտեսական քաղաքականությունը և չեք դավաճանում հեղափոխության սկզբունքներին: Հակառակ պարագայում կասկածելի կլինի Ձեր անկեղծությունը: 

Ջավահիր Այվազյան
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ