...

Փաշինյանը մսխեց նաև պատերազմի հաղթանակը

Փաշինյանը մսխեց նաև պատերազմի հաղթանակը

Պատերազմի հաղթանակը 25 տարի անց դաժան պարտություն կրեց։ Պատերազմի հաղթանակի պարտությունից առաջ հեղափոխության հաղթանակն էր պարտվել։ Հեղափոխության հաղթանակը նույնպես չէր կարող չպարտվել։

Նիկոլ Փաշինյանը չկատարեց հեղափոխության ոչ մի պահանջ։ Սահմանադրությունը նույնը մնաց, կառավարման համակարգն իր արատավոր ու կործանարար հետևանքներով նույնը մնաց։ ՍԴ-ում հայտնվեցին մերժվածների կարկառունները։ Դատական համակարգը մնաց մերժվածների ազդեցության տակ։ Երկրում օրինականություն չհաստատվեց։ Մերժվածներն այնքան «հաբռգեցին», որ իրենց ընդդիմություն հռչակեցին, իսկ նման ընդդիմությունը պարզապես նվեր էր Փաշինյանի իշխանությունը հավերժացնելու համար։ Երկուսուկես տարի ամեն ինչով զբաղվեց, բացի հեղափոխության պահանջները կատարելուց։ Անիմաստ լայվեր էր անում, թե ինչքան մետաղի ջարդոն ու ՀԴՄ կտրոններ են հավաքել, թե ինչքան պտուղ-բանջարեղեն են արտահանել, և մոշ հավաքողներն էլ պիտի անգլերեն իմանան։ Սա անլուրջ վերաբերմունք էր հեղափոխությանը։ Սա հեղափոխության հաղթանակը մսխել էր նշանակում։

Ամենաողբերգականն ու ամենաաղետալին այն էր, որ Փաշինյանը մսխեց նաև պատերազմի հաղթանակը։ Շարունակեց նախկինների «ոչ մի թիզ հող» արկածախնդրությունը, որ նրանց նման ստատուս-քվո պահպաներ և շարունակեր պաշտոնավարել։ Հետո հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Դավիթ Տոնոյանը հայտարարեց «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բանակցությունները փակուղի տարավ և առանց բավարար սպառազինության, միայն զինվորների սննդակարգը փոխելով գնաց պատերազմի, որի ելքը կանխորոշված էր, երբ արդեն ԳՇ պետը զեկուցել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Ամենայն հավանականությամբ հույսը «Էրատո» ջոկատն էր։ Եթե հավելենք նաև ներքին քաղաքական անկայունությունը, պատկերն ամբողջական է դառնում։ Մամուլում հրապարակումներ եղան, որ հրամանատարները դիրքեր են թողել, առաջնագծում հայտնվել են մարդիկ և ասել են, թե հողերը ծախել են։ Իսկ սա չէր կարող ազդեցություն չունենալ բանակի մարտունակության վրա։

Երկրում, որտեղ ներքին քաղաքական կայունություն չկա, պատերազմը չի կարող չպարտվել։ Օրինակները բազմաթիվ են։ Շատ հեռու չգնանք. 90-ականներին մեր հարևան Վրաստանի և մեր թշնամի Ադրբեջանի օրինակները։ Ի տարբերություն մեր հարևանների, մենք տարբերակ ունեինք խուսափելու պատերազմից, ինչը Փաշինյանը չի արել միայն ու միայն իշխանությունը երկարաձգելու համար, ինչի ապացույցը Փաշինյանի պատմություններն են, որ օրվա մեջ մի երկու անգամ ներկայացնում է, թե եթե ինքը գնար խաղաղ կարգավորման, այսինքն՝ կողմ լիներ այսպես կոչված «Լավրովյան պլանին», իրեն դավաճան կասեին։

Փաշինյանը որքան որ անլուրջ վերաբերվեց հեղափոխության հաղթանակին, նույնքան անլուրջ էլ վերաբերվեց պատերազմի հաղթանակին: Եթե մի փոքր լրջություն ունենար, համաձայն կլիներ խաղաղ կարգավորմանը և առանց բավարար սպառազինության չէր գնա պատերազմի, երկիրը զերծ կպահեր աղետից։ Թե՛ հեղափոխության պարտության, թե՛ պատերազմի պարտության պատճառը մեկն է՝ ցանկացած գնով պահել իշխանությունը։

Երկիրը տասնամյակներով հետ է գնացել, օր առաջ երկրին պետք է վստահելի իշխանություն թե՛ դրսի, թե՛ ներսի համար, վտանգված է պետության անվտանգությունը։ Իսկ Փաշինյանի վստահության ռեսուրսը սպառվել է։ Երկիրը պիտի ղեկավարի դիվանագիտության նուրբ արվեստին տիրապետող այնպիսի մեկը, որը կարողանա լսելի լինել արտաքին աշխարհում։ Երկուսուկես տարին ապացուցեց, որ Փաշինյանի մտավոր կարողությունները թույլ չեն տալիս, որ արտաքին աշխարհում լսելի լինի։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ