...

Հեղափոխությունն իներցիա չի սիրում

Հեղափոխությունն իներցիա չի սիրում

Օրեր առաջ Hetq.am-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը, ինչը լայն քննարկման առարկա դարձավ հանրության շրջանում, իսկ երեկ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորներն իմացել են դրա մասին և քվեարկել են դրա օգտին։ Այնուհետև նշել է, որ կառավարման համակարգում նախկինում այդ կարգի որոշումները միշտ գաղտնի են արվել՝ համարելով, որ կան անհատական, անձնական տվյալներ, և հիմա ուղղակի իներցիայով այդպես է արվել, ուրիշ ոչ մի բան: Փաշինյանը նաև հիշել է, որ ԱԺ ամբիոնից «պարգևատրումային սկանդալի» ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, և հանրությունն էլ պետք է ուրախանա, որ մարզպետն ունի այդ 400 հազար դրամի կարիքը: Նաև շեշտել է, որ պետք չէ ասել, որ նախարարը թոշակառուից քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, նախարարի աշխատանքի որակից է կախված՝ թոշակառուի թոշակը կավելանա, թե ոչ և ինչ տեմպով։ 

Փորձենք հասկանալ հեղափոխության շնորհիվ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին։ Սակայն ամեն ինչ հերթով։ Փաշինյանի պատասխանում հիմնավորում չկա, ասել է այն, ինչ ասել էր «պարգևատրումային սկանդալի» ժամանակ։ Արդարացի էր հանրության զայրույթը։ Փաշինյանն աննկատ չթողեց և ասաց, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, և հանրությունն ուրախ պիտի լինի, որ մարզպետը 400 հազարի կարիքն ունի, նույնը կրկնել է երեկ։ Այսինքն՝ ակնարկ է, որ կոռուպցիա չկա։ Չենք առարկում։ Մենք էլ ենք ասում, որ կոռուպցիա չկա։ Եթե համեմատելու լինենք նախորդների հետ, մեծ առավելություն է։ Բայց մենք չենք համեմատում։ Պարզ պատճառով։ Եթե կոռուպցիա չլիներ երկրում, լիներ օրինականություն և թոշակառուն 30 հազար չստանար, ուսուցիչը 80 հազար չստանար, դժվար է ասել, թե հեղափոխություն կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ դառնար։ Հրապարակում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ամեն ինչ որոշողը ժողովուրդն է, իսկ հիմա հղում է անում նախկիններին և ասում է՝ իներցիայով է եղել։ Հեղափոխությունն իներցիան բացառում է։ Չի սիրում։ Հեղափոխությունն ունի իր կանոնները։ Հեղափոխությունը միայն Սերժին չի մերժել, հեղափոխությունը մերժել է ամբողջ կառավարման համակարգն իր այլանդակ դրսևորումներով։ 

Հիմա դառնանք նախարարների 1,5 միլիոն աշխատավարձին։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը Շվեյցարիայի նման բարեկեցիկ երկրի վարչապետ  է, ոչ թե ընդերքից սկսած քարուքանդ եղած դատարկ գանձարանով պատերազմող երկրի, որի արտաքին պարտքն անասելի չափերի է հասել և կարող է նման շռայլություն թույլ տալ ու 1,5 միլիոն դրամ վճարել նախարարներին։ Վարչապետը եթե գտնում է, որ թոշակառուի թոշակի ավելացումը կախված է նախարարի աշխատանքից, ապա առաջինը նախարարի աշխատավարձն է կախված նախարարի աշխատանքից, ինչն առայժմ տեսանելի չէ։ Նախարարություններում աշխատանքը կատարում են վարչությունները, եթե վարչությունների պետերը տեսնում են, որ իրենց ղեկավարները մի քանի անգամ բարձր են ստանում իրենցից, այլևս իրենք լավ չեն աշխատելու։ Այս պարագայում անիմաստ է նախարարից լավ աշխատանք սպասել։ Դարձյալ թոշակառուի թոշակի բարձրացում չի լինելու։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորները տեղյակ են եղել, ապա դա այդքան էլ այդպես չէ։ Բյուջետային քննարկումների ժամանակ 1,5 միլիոն աշխատավարձի մասին խոսք չի եղել։ Խոսքը վերաբերել է 30% պարգևավճարների մասին։

Ընդհանրապես Փաշինյանը սիրում է ասել, որ մասնավոր սեկտորում աշխատավարձը բարձր է, որ լավ մասնագետները չեն գալիս պետական համակարգ ցածր աշխատավարձով։ Սեփականատերը, եթե շահույթ չունենա, որտեղի՞ց պիտի բարձր վարձատրի։ Իսկ բարձր աշխատավարձը և պարգևավճարը միայն և միայն շահույթի արդյունք են լինում։ 

Եվ վերջապես, եթե տնտեսությունը կաթվածահար է, քիմիական արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զրոյացված է, հետաքրքիր է, բյուջեի մուտքային մասը ինչով են ապահովում, գումարած էլ արտաքին պարտքը, որ Փաշինյանը նման շռայլություն է թույլ տալիս։ Պատերազմող, շրջափակված երկիրն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ։ Աբսուրդ է։ Բյուջեն մսխել է նշանակում։ Նման դեպքերում անցնում են խնայողության ռեժիմի, սկսում են իշխանություններն իրենցից, ինչպես եղել է 2015թ. Խորվաթիայում, այդ մասին Հայաստան 24.com-ը բարձրաձայնել է դեռ «պարգևատրումային սկանդալի» ժամանակ։ Պետական կառավարման համակարգում Նիկոլ Փաշինյանը պիտի կրճատեր նախկինների սահմանած ուռճացրած աշխատավարձերը և մնացած այլ անիմաստ ծախսերը՝ քաղաքացու օրվա, գորգ լվանալու, անկապ պաստառների համար։ Եթե ՀՀ քաղաքացին ապրում է խնայողության ռեժիմով, ինչո՞ւ նույն խնայողությունը չի լինելու իշխանությունների համար։ Եթե անգրագետ Պողոսը ցիանիդից, թթվային դրենաժից ու արբիտրաժից չի հասկանում, ապա 1,5 միլիոնը քանի անգամ է գերազանցում նվազագույն աշխատավարձը, հաստատ կհասկանա։ Այսուհանդերձ մենք կողմ ենք հեղափոխությանը, իսկ  իշխանությունները պիտի նման սխալներ թույլ չտան, ինչը նախկինների ռևանշի համար ճանապարհ հարթել է նշանակում։ Մերժվածներն էլ չոգևորվեն, իրենց վերադարձ չկա։ Հանրությունը թույլ չի տա, ատելության չափաբաժինը մեծ է։

Հ.Գ. Քիմիական արդյունաբերության՝ երկրի երեսից վերանալու պատճառն այն էր, որ գործարանների ղեկավարները վարկերի հաշվին իրենք իրենց և յուրայիներին բարձր աշխատավարձ էին նշանակում, վերջում էլ սնանկ էր ճանաչվում գործարանը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3913 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ