...

Վարչապետի աննախադեպ մուննաթն անիմաստ է

Վարչապետի աննախադեպ մուննաթն անիմաստ է

Վարչապետ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունեն։ Նրա խոսքով, կառավարությունն ինչ արդյունք արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողություններն արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի ու ի հեճուկս նախարարությունների, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է։ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ եթե պետական կառավարման համակարգը դնեն մի կողմ ու ասեն՝ նորն են ստեղծում, համապատասխան մասնագետներ չեն գտնվի։  

Ափսոս, վարչապետ Փաշինյանը մեկուկես տարի անց նոր է հասկացել, որ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է։ Զարմանալի կլիներ, որ չդիմադրեին։ Իհարկե, մեծ խելք և մեկուկես տարի պետք չէր հասկանալու համար, որ նախկինները պետք է դիմադրեն, եթե կադրերի 90%-ը նախկիններն են, և համակարգային փոփոխություն էլ չի եղել: 

Վարչապետի զայրույթը մի քիչ անկեղծ չէ։ Եթե համոզմունք ունի, որ պետական կառավարման համակարգը դնեն մի կողմ ու ասեն՝ նորն են ստեղծում, համապատասխան մասնագետներ չեն գտնվի, ապա կարելի է ենթադրել, որ դարձյալ կադրային փոփոխություն չի լինելու, և եթե հավելենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունը ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինագծին, ապա պատկերն ամբողջական է դառնում։  

Պարոն վարչապետ, եթե պետական կառավարման համակարգն աշխատելու ունակություն չունի, ապա պատասխանատուն մեկ մարդ է, այն էլ Դուք եք և չեք կատարում հեղափոխության պահանջները։ Հեղափոխությունը միայն Սերժին չէր մերժել, հեղափոխությունը ամբողջ կոռուպցիոն համակարգն էր մերժել, պարտավոր էիք կատարել հեղափոխության պահանջները և կատարեիք համակարգային փոփոխություններ, որից հետո նոր կարելի էր պայքարել կոռուպցիայի դեմ և վերականգնել արդարությունը։ Իսկ եթե կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես Դուք եք ասում, տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման մարմինների, ապա պարզ է, որ արդյունք չի լինելու։ Այդպես չի լինում։ Կոռուպցիոներներից ո՞ր մեկն է արդարադատության առջև պատասխան տվել։ Ոչ մեկը։ Միայն ՀԴՄ կտրոններ հաշվելով կոռուպցիայի դեմ չեն պայքարում։ Սա չի կոչվում կոռուպցիայի դեմ պայքար։ Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա է։ Համակարգը նույնը, կադրերը նույնը։ Մարդիկ իրենք իրենց դեմ չեն կարող պայքարել։ 

Վերհիշենք վարչապետի կադրային քաղաքականությունը հեղափոխությունից հետո։ Ուժային կառույցները թողեց նույնը, ավելին՝ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալին նշանակեց Սյունաց երկրի մարզպետ, ինչին սյունեցիները շատ արագ պատասխանեցին և Կապանի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն պարտվեց։ Իսկ իշխանություններն արդարացան, որ իրենք ժողովրդավար են, և հաղթել է ժողովրդավարությունը։ Էյֆորիա։ Այնուհետև Աբովյանի քաղաքապետի ընտրությանը նույնպես իշխանության ներկայացուցիչը պարտվեց։ Չգիտես ինչու, վարչապետ Փաշինյանը եզրակացություն չէր անում։ Ո՞վ է տեսել, որ հեղափոխության ճանապարհով իշխանության գան և չկատարեն հեղափոխության պահանջները և մերժվածների իշխանության հիմնասյուն հանդիսացող ուժային կառույցները թողնեն նույնը։ Երբ հակառակորդը տիրապետում է ահռելի ռեսուրսների և ոչնչի դեմ չի կանգնելու։ Պարոն Փաշինյան, Ձեր հենարանը ժողովուրդն էր, այն էլ երբ տեսնում է, որ հեղափոխական փոփոխություններ չի լինում, դադարում է վստահել։ Հեղափոխության պահանջներից հիմնականը սոցիալականն է եղել։ Լավ, համակարգային փոփոխությունները չարեցիք, բա ի՞նչն էր պատճառը, որ նախարարներին միլիոնուկես աշխատավարձ վճարեցիք, պատգամավորներն էլ 10 ամսում 14 անգամ պարգևավճար ստացան, և պատրաստվում եք ԱԺ-ի աշխատավարձն էլ հունվարի մեկից բարձրացնել, երբ ինքներդ եք ասում, որ տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողություններն արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի է ու ի հեճուկս նախարարությունների։ Դուք Ձեզ հակասում եք։ Նույնիսկ փոքր հիմնարկի ղեկավարը վատ աշխատողին ո՛չ աշխատավարձ է բարձրացնում, ո՛չ էլ պարգևավճար է տալիս։  

Անհասցե և աննախադեպ մուննաթն անիմաստ է, եթե համակարգային փոփոխություն չի անելու։ Իհարկե, նման դեպքեր եղել են, որ վարչապետը զայրացել է և կոչ է արել դատարանների դռները փակել, որոշ դատավորների վնգստացող է ասել, բայց արդյունքում ամեն ինչ նույնն է մնացել։ Դժվար է ասել, երեկվա զայրույթից հետո պետական կառավարման համակարգում բան փոխվելու է, թե չէ, երբ վարչապետը համոզմունք ունի, որ եթե պետական կառավարման համակարգը դնեն մի կողմ ու ասեն՝ նորն են ստեղծում, համապատասխան մասնագետներ չեն գտնվի։ Ափսոս էր հեղափոխությունը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ