...

Մարդիկ երբևէ իրենց կալոշներից չեն դժգոհել

Մարդիկ երբևէ իրենց կալոշներից չեն դժգոհել

Հեղափոխությունից երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը շրջում է մարզերով և տեղում ծանոթանում է ասֆալտապատման աշխատանքներին, ու գյուղերի փողոցների ասֆալտապատումը համարում է հեղափոխության բերքահավաք։  Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզ այցից հետո Փաշինյանն ինքն իրենից գոհ, փողոցների ասֆալտապատումից շատ ավելի գոհ ուղիղ եթերում հայտնեց կատարված ասֆալտապատման աշխատանքների մասին և ասաց․ « ...Հեղափոխության բերքահավաքն էր այսօրվա այցը, քանի որ էն ժամանակ մենք խոսոտումներ էինք տալիս, այսօր դրանք կատարվում են։ Գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում, մարդը, որ շրջել է միշտ կալոշներով, այսօր իրենց տնից մարդիկ դուրս են գալիս և բարձրակարգ, ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում: Պրոցեսը սկսվել է, հեղափոխության ժամանակ տրված խոստումները կոնկրետ կատարվում են...»։ 

Հենց սկզբից արձանագրենք, որ անուրանալի է եղել Նիկոլ Փաշինյանի դերը հեղափոխության հաղթանակի գործում։ Մենք չենք ուրանում, բայց նաև չենք կարող չարձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը նահանջել է հեղափոխության պահանջներից և հեղափոխության հիմնական պահանջները թողած՝ երկրորդական բաներով է զբաղված։ Այն, որ ճանապարհների ասֆալտապատումը պարոն Փաշինյանը ներկայացնում է հեղափոխության խոստում, իրականությանը չի համապատասխանում. ժողովուրդը փողոց էր դուրս եկել երկրում արդարություն հաստատելու պահանջով, ամենևին խոսք չի եղել ճանապարհների ասֆալտապատման մասին և մարզերից, որ մարդիկ գալիս էին, չէին էլ դժգոհում իրենց կալոշներից, մարդիկ ուզում էին իրավական երկրում ապրել, այդ իսկ պատճառով ճանապարհների ասֆալտապատումը հեղափոխության բերքահավաք և հեղափոխության պահանջի կոնկրետ կատարում չի կարող լինել։

Տարօրինակ է, չէ՞, հեղափոխության հիմնական պահանջները չկատարես, գյուղերի փողոցների ասֆալտապատումն ամբողջ մի հեղափոխության բերքահավաք համարես։ Իհարկե, հրաշալի կլիներ, որ հեղափոխությունից երկու տարի անց երկրի հեղափոխական ղեկավարը ոչ թե ճանապարհների ասֆալտապատումը ներկայացներ հեղափոխության բերքահավաք և հեղափոխության խոստումների կոնկրետ կատարում, այլ, ասենք, ուղիղ եթերով ասեր, որ հեղափոխության ժամանակ խոստացել էին Սերժի հագով կարված Սահմանադրությունը փոխել, փոխել են Սահմանադրությունը, դատաիրավական համակարգն են փոխել, ՍԴ ճգնաժամն են հաղթահարել: Հեղափոխության ժամանակ խոստացել էին ոչ միայն Սերժին մերժել, այլև ամբողջ պետական կառավարման համակարգը և արդեն պետական կառավարման համակարգն են փոխել: Հեղափոխության ժամանակ խոստացել էին մարտի մեկի ոճրագործությունը բացահայտել, որ հանցագործները պատժվեն, արդեն բացահայտված է, և մարդասպաններն իրենց արժանի պատիժն են կրում: Հեղափոխության ժամանակ խոստացել էին թալանչիներին պատժել և թալանած ամեն մի լուման բյուջե վերադարձնել, թալանչիներին պատժել են և ենթադրյալ իքս գումարը վերադարձրել են բյուջե, ինչը կլիներ հեղափոխական հանրույթի առջև երկրի պատասխանատու ղեկավարի խոսք և հեղափոխության բերքահավաք ու խոստումների կատարում։  

Եվ վերջապես հեղափոխությունից երկու տարի անց ազդարարեր, որ նախկին 20 տարիներին իրավաքաղաքական գնահատական են տվել։ Վերջապես ժողովուրդը փողոց էր դուրս եկել ոչ թե իրենց կալոշներից դժգոհելով՝ փողոցների ասֆալտապատում պահանջելու, այլ արդարություն էր պահանջում, որից ածանցվելու էր մնացյալը։ Էդքան դիմացել էին, հիմա էլ կդիմանային, ինչպես ինքն է ասում՝ կալոշներով շրջելուն, միայն թե երկրում օրինականություն լիներ։ Քաղաքակրթության հիմնական բաղադրիչը օրինականությունն է։ Եթե երկրում օրենքի առաջ բոլորը հավասար չեն, ինչ քաղաքակրթական հեղափոխության մասին է խոսքը։ Քաղաքակրթական հեղափոխություն տեղի ունեցած երկրում կարո՞ղ էին խաղաղ ցուցարարների վրա կրակածները պատասխանատվության չենթարկվել, իսկ գլխավոր ամբաստանյալն էլ իր հանգիստը վայելեր։ Քաղաքակրթական հեղափոխություն տեղի ունեցած երկրում կարո՞ղ էր նախկին ոստիկանապետը լրագրողին իր մասնագիտական պարտքը կատարելու պահին սպառնալ վրաերթով կամ գյուլլելով և անպատիժ մնալ։ Մի ուրիշ մեղադրյալ էլ ասուլիս է հրավիրում։ 

Ինչպես տեսնում ենք՝ վերը թվարկած հեղափոխության հիմնական պահանջներից ոչ մեկը իրականություն չի դարձել, և հեղափոխական հանրույթի համար դա անընդունելի է, ինչը և նպաստում է Փաշինյանի վարկանիշի անկմանը։ Սա նշանակում է հեղափոխության պարտություն, ինչը իրականացվում է իշխանությունների բարի կամքով։ Ի՜նչ հույս ու հավատով էր հեղափոխական հանրույթը փողոց դուրս եկել և մերժում էր քսանամյա մղձավանջն ու կոռումպացված համակարգը, իսկ հեղափոխությունից երկու տարի անց բոլոր մերժվածները, որոնց մեղադրանք է առաջադրված, իրենց կուտակածն են վայելում, ոչ մի մեղադրյալ պատասխանատվության չի ենթարկվում, երկրում իրավական քաոս է, իսկ երկրի հեղափոխական ղեկավարը ասֆալտ փռելը համարում է հեղափոխության բերքահավաք։ 

Վարչապետը լուրջ չի վերաբերվում հեղափոխության արժեքներին, իսկ երկիր ղեկավարելը լուրջ բան է։ Ասֆալտ փռելն էլ ավարտեցին, հետո ի՞նչն է հեղափոխության բերքահավաք համարելու։ Հետո էլ երևի մոշ աճեցնողների համար անգլերենի և ռուսերենի կուրսեր կկազմակերպեն և մոշի առատ բերք կունենան ու կարձանագրեն հեղափոխության առատ բերքահավաք քաղաքակրթության հեղափոխության շրջանակներում։ Ամբողջը մի բան է նշանակում՝ մսխել են հեղափոխությունը։ Ափսոս էր հեղափոխությունը։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ