...

Միայն կոստյումի դատարկ գրպաններով կոռումպացված համակարգն առողջացնելն անհնար է

Միայն կոստյումի դատարկ գրպաններով կոռումպացված համակարգն առողջացնելն անհնար է

Կապանում հինգ ժամ տևողությամբ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ավանդույթը չխախտելով ներկայացրեց իր հերթական 100 փաստերը՝ թվախեղդ անելով հանրությանը: Նույնիսկ այնպիսի թվեր էր ներկայացնում, որ ամենևին էլ պետք չէր, որ վարչապետ Փաշինյանը ներկայացներ, այլ՝ տվյալ ոլորտի ղեկավարը կամ նույնիսկ ոլորտի ղեկավարի մամուլի ծառայության ղեկավարը։

Դժվար է ասել, թե հեղափոխական հանրույթը վարչապետ Փաշինյանից ուզում էր լսել՝ խնձորի ու կեռասի կամ ծաղկակաղամբի ու բրոկոլիի արտահանումը քանի տոկոսով է ավելացել։ Հրաշալի է, որ գյուղմթերքների արտահանման ծավալներն աճել են, թող ներկայացներ ոլորտի ղեկավարը, իսկ վարչապետ Փաշինյանը ներկայացներ Սահմանադրությունում այն փոփոխությունները, որոնք պետք է վերջ դնեին սուպերվարչապետական համակարգին և վերադարձնեին կիսանախագահական համակարգը, որը բազմից ապացուցել է իր կենսունակությունը։ 

Ասուլիսից պարզ է դարձել, որ ուժային կառույցների ղեկավարներն էլի նույն վանեցյաններն ու օսիպյաններն են լինելու, չնայած արդեն ամիսներ առաջ էլ պարզ էր, երբ ԱԺ-ում մերժեցին ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքացիական դարձնելու «Լուսավոր Հայաստանի» օրինագիծը։ Այսինքն՝ ուժային կառույցներում կառուցվածքային փոփոխություն չի լինելու։ Հանրությունը չի վստահում այդ կառույցներին և փոփոխություն չի տեսնում դրանց աշխատանքում, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահում է, ինչը շատ վտանգավոր է և մի քիչ էլ անհասկանալի։ 

Իսկ Սերժի հագով կարած Սահմանադրությունը փոխելու լրագրողներից մեկի հարցին էլ ասել է․ «Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու վրա։ Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, այդ լրատվամիջոցները ինչպես եղել, այնպես էլ շարունակում են հաջողությամբ մնալ նախկին ռեժիմի գրպաններում»:  

Կոստյումի դատարկ գրպանը երաշխիք չէ, որ մի ամբողջ կոռումպացված համակարգ կարող է առողջանալ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անձով է պայմանավորում ողջ համակարգի կոռումպացված լինելը, ենթադրվում է, որ Փաշինյանն էլ է պատրաստվում հավերժ կառավարելու։ Իսկ ինչով է համոզված, որ հաջորդ՝ լավագույն դեպքում հերթական ընտրություններով ՔՊ-ն ունենալու է ԱԺ-ում մեծամասնություն, որ ինքն էլ նույն կոստյումով շարունակի պաշտոնավարել։ Միայն կոստյումի դատարկ գրպաններով պայմանավորել և արդարացնել սուպերվարչապետական համակարգը, անկեղծ ասած, հիմնավորում չէ, և ոչ միայն հիմնավորում չէ, այլև մի քիչ էլ ծիծաղելի է։ Պարզապես լուրջ չէ։ 

Իսկ լրագրողի հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Փաշինյանը դարձյալ անձնավորելով է պատասխանել հարցին: «Հայաստանի քաղավիացիայի ղեկավարի պաշտոնում Տաթևիկ Ռևազյանի նշանակվելու օրից սկսվել է ամենաստոր արշավը նրա նկատմամբ»,- ասել է նա։ Այնուհետև մանրամասնել է, որ երբ Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է կոմիտեի ղեկավար, առաջին օրից սկսվել է ամենաստոր արշավը, լրատվական արշավը այդ կնոջ նկատմամբ, ամենաստոր, որը 90 և ավելի տոկոսով կազմակերպված է եղել ներսի պաշտոնյաների կողմից։ Ամենաստոր բաներն են գրել իրեն Տաթևիկ Ռևազյանի մասին, որ այ, գնում՝ խայտառակում է մեր երկիրը, գնում Ryanair-ի պահակի հետ է հանդիպում, գալիս ձեզ սխալ ներկայացնում է, թե ինքը որևէ պաշտոնյայի հետ է հանդիպել, մարդիկ ծիծաղում են մեզ վրա, էս են անում, էն են անում։ Ազգային անվտանգության հարց ներկայացնող հարցերը չեն զեկուցել կոմիտեի ղեկավարին։ 

2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է: Հայտարարել, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, համակարգային փոփոխություն չանել և պայմանավորել անձերով, հանրայնացնել «պատի տակի» խոսակցությունները և համարել, որ դիմադրությունը ջարդված է, այնքան էլ լուրջ չէ։ Նման անլուրջ և պրիմիտիվ պատասխաններով արժեզրկում է սեփական խոսքը։

Իսկ Կապանից վերադարձն ու Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը հատեց ողջախոհության սահմանը։ Մի կողմ թողնենք Հրայր Թովմասյանի կերպարը, թե ոնց է հասել ՍԴ, հանրությանը հայտնի է։ Այսուհանդերձ երկրի ղեկավարը իրավական գործընթացներին, ինչը մանրամասն ներկայացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ընթացք չտվեց, որ լուծում ստանար սահմանադրական ճգնաժամը, և նստել, պատմում է՝ Հրայր Թովմասյանի շողոքորթության առարկա գրիչն ինչ տվայտանքներով է հասել իրեն ու այդ ամբողջ պատմությունը հրապարակելն ուժեղ հակահարված է համարում։

Եթե սուպերվարչապետական համակարգի առողջացումը պայմանավորում է կոստյումի դատարկ գրպաններով, հեղափոխության դեմ պետական ապարատի դիմադրությանը ջախջախում է «պատի տակի» խոսակցությունները հանրայնացնելով, ՍԴ ճգնաժամի լուծումը գրիչի գոյությունով է լինելու, ապա դժվար է ասել՝ ինքը կշարունակի պաշտոնավարել նույնիսկ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, այն դեպքում, երբ ուժայիններն էլ նախկիններինն է։  

Քանի դեռ ամեն ինչ կորած չէ Նիկոլ Փաշինյանը պետք է կատարի հեղափոխության պահանջները, հակառակ պարագայում պետությունն ու հասարակությունը շատ թանկ են վճարելու։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ