...

Վերադարձել է նախկին գնին

Վերադարձել է նախկին գնին

Ձվի գինը կայունանում է՝ վերադարձել է նախկին գնին: Այս պահին 0 կարգի ձուն խանութներում վաճառվում է 40 դրամով, 01 կարգը՝ 43-ով: Իսկ 02 կարգի ձվի արժեքը 45 դրամ է կազմում, 03 կարգը՝ 50: Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «ՉԻ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ գնաճը չնչին է: Գինը բարձր է փետրվար ամսվա գնանկման համեմատ:

Նրա փոխանցմամբ՝ ձվի բացթողման գինը խանութներում սահմանված արժեքից 10 դրամով ցածր է:

«Փետրվարին ինքնարժեքից ցածր էր գինը, հիմա եկել հավասարվել է ինքնարժեքի գներին: Աստիճանաբար բերում են գների կայունացմանը: Տարվա կտրվածքով ունեցել ենք շուկայական միջին գին, որը հունվար- փետրվարին խիստ ընկել էր, գնանկում էր տեղի ունեցել՝ գերարտադրության պատճառով»,- նկատեց նա:

Միության նախագահի պարզաբանմամբ՝ ձվի գնի անկման պատճառով թռչնագլխաքանակի կրճատում տեղի ունեցավ, ինչպես նաև շատ տնտեսվարողների մոտ ժամկետանց ձվեր հայտնաբերվեցին և ոչնչացվեցին:

«Հիմա արտադրում են այնքան, որքան պետք է, բայց մի բան էլ ավել: Հիմա բարձրացրեցին, որ ինքնարժեքից գոնե մի քիչ բարձր լինի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, եթե վարույթ է բացել մի քանի ընկերությունների նկատմամբ, ուրեմն՝ տնտեսվարողն այդ ընթացքում չի կարող գին բարձրացնել: Ոնց կարող է այդքան ռիսկ ունենալ տնտեսվարողը, որ վարույթի ժամանակ վերցնի գին բարձրացնի: Մաքսիմում, եթե բարձրացնի, պետք է հասցնի նախորդ գնին: Բայց չի բարձրացնի, որովհետև սպառում չկա, դեռ մնացորդներ էլ կան»,- նշեց նա:

Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ ձվի գինը խանութներն են բարձրացնում: Առիթից օգտվում են և փորձում գերշահույթ ստանալ: 

Ի դեպ, ըստ Թռչնաբույծների միության նախագահի, թանկ է վաճառվում տնական ձուն՝ 70-80 դրամով:
Ստեփանյանը վստահեցրեց, որ Զատկին ընդառաջ ձվի պակաս չի լինի, իսկ գին էլ արտադրողը չի բարձրացնի: Գնաճ վերավաճառողների թեթև ձեռքով կգրանցվի:

Հիշեցնենք, որ հունվար-փետրվար ամիսներին ձվի գինը կտրուկ նվազել էր՝ շուկայում անգամ 20 դրամանոց ձու էր վաճառվում:

Ձվի շուկայում ուսումնասիրություններից հետո ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել ձու արտադրող մի քանի ընկերությունների նկատմամբ:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ