...

Փոխհատուցվելու են միայն կատարված ծախսերը և ոչ թե կորցրած բերքը

Փոխհատուցվելու են միայն կատարված ծախսերը և ոչ թե կորցրած բերքը

Ընկերությունները ջանք չեն գործադրում

Ծիրանն ու խաղողը գարնանային ցրտահարությունից ապահովագրելու համար հաշված օրեր են մնացել, բայց գյուղացիները դեռ չեն շտապում օգտվել այդ հնարավորությունից: Հայաստանում արդեն մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության գործընթացը: 

Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ։ Ռիսկերը՝ կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գար­նա­նային ցրտահարության մասով կներդրվի երկու մարզում (Արարատ, Արմավիր): 

Սահմանված են նաև գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները: Գարնանային ցրտահարության ռիսկի դեպքում այգեգործները հնարավորություն կունենան մինչև փետրվարի 15-ն ապահովագրություն կատարելու: Իսկ  կարկուտ և հրդեհ ռիսկերից բերքն ապահովագրելու համար գյուղացին մինչև մարտի 25-ը  դեռ ժամանակ ունի:

Պայմանագրեր կնքելու համար տնտեսավարողները կարող են համագործակցել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ:

Ֆերմերները չեն շտապում

Որևէ այգեգործ  բերքն ապահովագրելու հարցով դեռևս «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ պայմանագիր չի կնքել: Ընկերության ներկայացուցիչի կարծիքով՝ ապահովագրական համակարգի նկատմամբ դեռ անվստահություն կա, թերևս նաև այս պատճառով է, որ ֆերմերները չեն ցանկանում  բերքն ապահովագրել:

«Համակարգը դեռ չի կիրառվում: Իսկ ապահովագրություն անում են այն գյուղացիները, որոնք գյուղատնտեսական գործունեություն ծավալում են վարկերով և նրանց բանկն է ստիպում: Հակառակ դեպքում կամավոր ոչ ոք ապահովագրություն չի կատարում»,-  «ՉԻ»-ի հետ զրույցում փոխանցեց ապահովագրական ընկերության փոխհատուցումների բաժնի ղեկավարը:

Ծախսերի ապահովագրություն

Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ, ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանի համար գյուղացիների պասիվությունը սպասելի էր: Ըստ նրա՝ ապահովագրական ընկերությունները ևս ջանք չեն գործադրում, որպեսզի պայմանագրերը վաճառեն: Մյուս կողմից էլ, քանի որ գյուղատնտեսական ապահովագրությունը պարտադիր բնույթ չունի, կամավորները քիչ են:

«Դա պետք է կապեին ինչ-որ ծրագրերի հետ, օրինակ, կապեին վարկավորման ծրագրերի հետ, որպեսզի այն գոնե անուղղակիորեն պարտադիր լիներ: Իսկ ապահովագրական ընկերությունները դժկամություն ունեն մասնակցելու, քանի որ այն ռիսկերը, որոնք դեռ փակ չեն, և ենթակառուցվածքներն էլ չեն աշխատում, չեն կարող մտնել դրա տակ: Իրենք, ինչ-որ բաներից ելնելով, համաձայնել են ներգրավվել համակարգում, բայց վաճառքին չեն մասնակցում: Գովազդ էլ տեղադրված չէ իրենց կայքերում: Սա խոսում է այն  մասին, որ մասնավոր ընկերությունները չեն ուզում վաճառել պայմանագրերը: Պայմանագրերի վաճառքով զբաղված են հիմնականում չինովնիկները, էկոնոմիկայի նախարարությունն է հորդորում, որ գնենք, և վաճառքի միակ խթանն այն արտահայտությունն է, որ դուք չեք ստանա պետական աջակցություն, եթե ապահովագրություն չեք կատարել: Միաժամանակ էլ ասում են, որ ժամանակին այդ աջակցությունը շատ չնչին է եղել: Իրարամերժ հայտարարություններ են անում»,- մատնանշեց նա:

Մասնագետը նկատեց՝ քանի դեռ շատ հարցեր պարզ չէին և ընկերություններին էլ պարտավորեցնում էին ապահովագրական բյուրոյի ծախսերը փոխհատուցել, դրա համար էլ վեց ընկերություններից միայն երեքը համաձայնեցին մասնակցել գործընթացին:  

Փորձագետի խոսքով՝ ներդրված ծրագրով փոխհատուցվելու են միայն ծախսերը և ոչ թե կորցրած բերքը: Թերևս պատճառներից մեկն էլ այս է, որ գյուղացիները չեն շտապում օգտվել դրանից:

«Պարզ չէ վնասների մեթոդաբանությունը, ինչպես է վնասը հաշվարկվելու: Ենթակառուցվածքները զարգացած չեն: Վաճառքի գործընթաց չկա: Ի սկզբանե համակարգի անկյունաքարը սխալ է դրված: Նշեմ, որ հանրային քննարկման էլ չդրվեց ծրագիրը: Նույն պատմությունն ունեցանք սպանդանոցների դեպքում և հետաձգեցին: Փոխանակ պայմանագրերի վաճառքի ծավալներն ավելանա՝ ասում են, որ ցորենն էլ կապահովագրեն: Սա պիլոտային ծրագիր է, եկեք հասկանանք՝ սա ինչ ընթացք է ունենում, նոր շարունակենք: Վաճառքի ծավալներն ապահովելու համար բերում ենք այլ մշակաբույսեր, և տարածքներ ենք ընդգրկում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 100 պայմանագիր է կնքվել:

Ըստ կառավարության՝ ծրագրի իրականացման շնորհիվ ՀՀ 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Գյուղացու ֆինանսական ծախսերի առնվազն 50 %-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարը կփոխհատուցվի 60 %-ով:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ