...

Հնարավոր է՝ գազի սակագինն արդեն բարձրացել է

Հնարավոր է՝ գազի սակագինն արդեն բարձրացել է

Գազի գինը ձևավորվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ընթացքում

«Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի»,- հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ քննարկումները շարունակվում են:

Իսկ ի՞նչ տեղի կունենա ապրիլից հետո, պարզ չէ: 

Մինչդեռ էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գազի սակագինն արդեն իսկ բարձրացել է: Ըստ նրա՝ ջեռուցման շրջանում գազի սակագնի բարձրացումը ժողովուրդը շատ ծանր կտանի և սոցիալական բունտից խուսափելու համար հետաձգել են մինչև գարուն:

«Շատ հնարավոր է հունվարի մեկից էլ բարձրացած լինի, ուղղակի չեն ասում: Դա ընդունված պրակտիկա է: Նախկինում էլ է եղել, երբ գազի սակագինը բարձրացել է, բայց բնակչությանը չեն հայտնել, հետո պարզվել է, որ պարտքեր են կուտակվել գազի սակագնի թանկացման հետևանքով: Սա նույն երևույթն է: Մենք ունենք գազի սակագնի բարձրացում, չեն հայտնում, սակայն ասում են, որ ապրիլից կարող է բարձրանալ»,- նշեց փորձագետը:

2019-ի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացվեց 15 դոլարով՝ 1000 խմ համար դառնալով 165 դոլար, բայց բնակիչների համար այն չթանկացավ: Գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինն անփոփոխ թողնելու հետևանքով առաջացած ֆինանսական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա: 

«Այդ ժամանակ գազի սակագինը բարձրացավ 30 դոլարով: Մենք կարող ենք գրանցել, որ արդեն 1,5 տարի է, ինչ Հայաստանը պարտքեր է կուտակում, որի մասին չի հայտարարում»,- նկատեց նա:

Արմեն Մանվելյանի խոսքով՝ գին թելադրողը գազ մատակարարող երկիրն է: Փորձագետը մատնանշեց, որ ընդհանրապես գազի գնագոյացման տնտեսական պարամետրեր չկան: Այն ավելի շուտ քաղաքական հարց է, որը ձևավորվում է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ընթացքում:

«Որքան այդ հարաբերությունների որակը բարձր է, այնքան գազի սակագինը ցածր է, իսկ որքան հարաբերությունների որակը ցածր է, այնքան բարձր է գազի սակագինը: Հիմա այս գնի փոփոխությունը ցույց է տալիս, որ մեր հարաբերություններում խնդիր կա, որը պետական մակարդակով չի բարձրաձայնվում: Պարզ չէ, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, բայց գազի սակագնից դատելով՝ հասկանում ենք, որ ամեն ինչ հարթ չէ»,- համոզմունք հայտնեց փորձագետը:

Գազի «թավշյա» գինը

Ի դեպ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ չի բացառել, որ ապրիլի մեկից հետո հնարավոր  է, որ գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի: Իսկ էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետի կարծիքով՝ հայտն արդեն իսկ ներկայացված է:

«Գործընթացն այսպես է ընթանում, երբ «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացնում, դրանից 90 օր հետո նոր գազի սակագինը բարձրանում է: Ես մտածում եմ, որ հայտն արդեն իսկ ներկայացված է: Սպասում են՝ 90 օրն անցնի, նոր գազի սակագինը բարձրացնեն: Հավանաբար, գազի սակագինը բոլորի համար կբարձրանա: Կա միջպետական պայմանագիր, որով «Գազպրոմ Արմենիան» պետք է մոտ 9 տոկոս եկամուտ ունենա: Ինչքան ես հասկանում եմ, ինքը չի ունեցել այդ եկամուտը: Ընկերությունը պետք է նաև որոշակի ներդրումներ անի:
Պայմանագիրը երկու կողմերն էլ խախտել են: Հայաստանը թույլ չի տվել, որ ընկերությունը գումար աշխատի, վերջինս էլ ներդրումներ չի արել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ հնարավո՞ր է պետությունը փոխհատուցի բնակչությանը, եթե գազի գինը թանկանա, Մանվելյանը պատասխանեց. «Կարող է ինչ-որ խավերի համար սուբսիդավորում կատարվի, բայց ոչ բոլորի համար: Ես դժվարանում եմ ասել՝ կանի՞, թե՞ չի անի, որովհետև սուբսիդավորումը մեծ գումարներ արժե»:
Իսկ գազի սակագնի բարձրացումը բացասական հետևանքներ է ունենալու տնտեսության վրա՝ շղթայական ռեակցիան կհանգեցնի թանկացումների ալիքի: Էլեկտրաէներգիան նույնպես հնարավոր է թանկանա:  

«Գազի ամենախոշոր սպառողները ՋԷԿ-ներն են՝ «Երևան», «Հրազդան»: Պարզ է, եթե գազի սակագնի բարձանա, ՋԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան ևս թանկանալու է: Ավտոմեքենաների 70 տոկոսը գազով են աշխատում, ճանապարհածախսի թանկացում ևս սպասվում է: Դա կտանի նաև այլ ապրանքների և ծառայությունների գների բարձրացմանը»,- մտահոգվեց փորձագետը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ