...

Ով ասում է՝ վնասակար չէ, տունն իրեն եմ նվիրում

Ով ասում է՝ վնասակար չէ, տունն իրեն եմ նվիրում

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները արշավ են սկսել համագյուղացի Հարություն Դանիելյանի ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու նպատակով:

«Նահատակ» պոչամբարին ամենամոտ գտնվող տունը Դանիելյաններինն է: Ընտանիքի անդամները հաճախ են գանգատվում առողջական խնդիրներից:

Հարություն Դանիելյանն անհանգստացած է հատկապես 3 անչափահաս երեխաների ճակատագրով: Նրանք հաճախ են պոչամբարի ափին խաղում և տրտնջում առողջությունից: Երեխաները մի քանի անգամ ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում են ստացել:

«Ստեղ հնարավոր չէ ապրել: 3 տարեկան երեխան խի՞ պիտի ասի գլուխս ցավում է, սիրտս խառնում է, էն մեկն ասում է՝ փորս ցավում է: Ամեն օր նույն վիճակն է, մենք էլ նույնը: Եթե ամռանը ճանապարհով անցնելիս լինեք, մի րոպե կանգնեք, աչքերդ չես կարողանա բացել, այ տենց վառում է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում սրտնեղեց գյուղացին:

Հայրն էլ սրտանոթային հիվանդությունից է տառապում՝ ստենտավորում են արել:

Միայն Դանիելյանների ընտանիքում նման խնդիրներ ունեցողներ չկան. գյուղում շատ են բնակիչները, որոնք սրտանոթային հիվանդություններից են գանգատվում:

Ընտանիքը չի կարողանում իր աճեցրած բանջարեղենից օգտվել: Անասնապահությամբ էլ չեն կարողանում զբաղվել և ապրուստ հոգալ:

«Հավի ձուն, որ տանում եմ Ալավերդի  ծախեմ, չեն առնում: Ասում են՝ ձեր Այրումի ձուն թունավոր է: Հավերն այդ պոչամբարի մոտ են լինում»,- ասաց նա:

Դանիելյանների այգու միրգն ու բանջարեղենը պիտանի չէ օգտագործման: Տնամերձ հողամասից վերցրած մրգի և բանջարեղենի փորձանմուշները հետազոտության են ենթարկվել Չեխիայի քիմիական ինստիտուտում:

Հայտնաբերվել են մկնդեղի և այլ ծանր մետաղների բարձր քանակություն, ինչը քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին բազմաթիվ հիվանդությունների ռիսկեր է պարունակում։

«Մի շարք ծանր մետաղներ են հայտնաբերվել: Առաջին տեղում մկնդեղն է: Հողի որոշ փորձանմուշներում մկնդեղի քանակը ընդհուպ 70 անգամ գերազանցել է թույլատրելի չափաբաժինը:  Ըստ բնակավայրերի կարող ենք ասել, թե որտեղ է ավելի մեծ ռիսկը կամ դրա քանակությունը որտեղ է ավելի շատ հանդիպել: Օրինակ՝ Ախթալա համայնքի Ճոճկան գյուղում է մկնդեղն ամենատարածվածը: Երկրորդ տեղում կադմիումն է, իսկ երրորդը՝ նիկելը»,- փոխանցեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

Հետազոտության են ուղարկել նաև ազատ պայմաններում տեղաշարժվող հավերի ձուն:

Չեխիայից պատասխանել են, որ դիօքսինների միացություններ կան հավկիթների մեջ, որոնք քաղցկեղածին են  և վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:

«Իսկ Ալավերդի քաղաքում սննդի մեջ դիօքսինի քանակությունը տագնապ է առաջացնում, քանի որ նորմայից մի քանի անգամ գերազանցում է դրանց քանակությունը: Այսպես օրինակ՝ Միջազգային ստանդարտների առավելագույն շեմը գերազանցում են 2,5 անգամ, իսկ Հայաստանի ստանդարտները՝ 1,8  անգամ: Համեմատության համար վերցրել ենք նաև սուպերմարկետից գնված հավկիթները, դրանց մեջ դիօքինների քանակը 0,20 մլ է, իսկ ահա Ալավերդիում հավերի ձվերի մեջ պարունակում է շուրջ 15 մլ»,- ասաց նա:

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ արշավ են սկսում ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու, և մանկահասակ երեխաներին ավելի անվտանգ գոտի տեղափոխելու նպատակով։ 

Այժմ գրություններ են կազմում, որ ուղարկեն համապատասխան պատկան մարմիններին: Փոխհատուցում ստանալու նպատակով պատրաստվում են նաև դատարան դիմել:

«Նահատակ» պոչամբարից 50 մետր հեռավորության վրա ապրող Հարություն Դանիելյանը փորձել է վաճառել տունը, բայց ոչ ոք չի ցանկացել աղտոտված միջավայրում տուն գնել: Իսկ այլ բնակավայրում տուն գնելու նրա բոլոր ջանքերն իզուր են անցել: Զինվորականի աշխատավարձով տան գումար չի կարողացել հավաքել:

Պոչամբարից հեռու տուն ունենալու գաղափարը նրան անգամ խոպան է հասցրել, բայց աշխատավարձը կրկին տան համար չի բավականացրել: Վաստակած գումարով հազիվ 7 հոգանոց ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքներն է հոգացել:

«Ով ասում է, որ պոչամբարի մոտ ապրելը վնասկար չէ, տունն իրեն եմ նվիրում: Կարող են գալ ապրել, ամեն օր սիրուն տեսարան կտեսնի»,- վրդովվեց Մեծ Այրումի բնակիչը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», 14, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1921 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ