...

Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական լարված իրավիճակը՝ նոր ձևավորված կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մշակել է առաջնահերթ գործողությունների ծրագիր, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

1․ Հայաստանի Հանրապետությունում աղքատության վերացման ռազմավարության շրջանակներում անհրաժեշտ է առաջիկայում ևս պահպանել գնաճի ներկա տեմպերը։ Այդ դեպքում ծայրահեղ աղքատները կվերանան առաջիկա երեք, իսկ աղքատները՝ վեց ամսվա ընթացքում, և աղքատության ցուցանիշը կիջնի մինչև զրո տոկոս։

2․ Բոլոր մթերային խանութների վաճառասեղանների վերևում տեղադրվում են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա ժամանակին բացահայտել և տուգանել գնապիտակները տեսնելուց հետո իշխանությունների մասին իրենց կարծիքն արտահայտող ՀՀ քաղաքացիներին։

3․ Մթերային խանութները պարտավոր են նիսյայով առևտուր անել՝ «Ապագա կա» ծրագրի շրջանակներում։

4․ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ։ Արգելվում է ՀՀ քաղաքացիներին տուգանել այնպիսի գործողությունների համար, որոնց դեպքում տուգանք նախատեսված չէ։

5․ Հայաստանի Հանրապետությունում մտցվում է նոր հարկատեսակ՝ «Շքեղության հարկ»։ Այդ հարկատեսակով հավաքված գումարներով ապահովվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շքեղ կյանքը։ 

6․ ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության սուբսիդավորումն ու մասնավորապես ֆերմերային տնտեսություններին մատչելի գնով դիզվառելիքի տրամադրումը։ Ֆերմերային տնտեսություններ են համարվում այն տնտեսվարողները, որոնց արտադրական փուլում դիզվառելիքի օգտագործում չի նախատեսվում։

7․ Նախկին հանցավոր ռեժիմի որդեգրած «միսը թանկ ա՝ սոխ կերեք» մոտեցումն անընդունելի է։ ՀՀ հպարտ քաղաքացիներն իրենք պիտի որոշեն ինչ ուտել, և կառավարության միջամտությունն այս հարցում մերժված է անշրջելիորեն։

8․ Կառավարությունը հավատարիմ է մնում երկնիշ տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ իր խոստմանը։ Տնտեսական աճը համարվում է երկնիշ, եթե տնտեսական աճին հավատացողների տոկոսը երկնիշ է։

9․ ՀՀ կառավարությունը շարունակում է սոցիալապես անապահով խավերի անվճար բուժզննումը, «ՔՊ»-ին ընտրածների դեպքում՝ նաև հոգեբանական և հոգեբուժական։

Կառավարությունը վստահություն է հայտնում, որ այս ծրագրի իրականացման դեպքում ՀՀ-ում մնացած քաղաքացիները շատ արագ իրենց մաշկի վրա կզգան բարեփոխումների դրական արդյունքները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1070 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ