Առաջիկա ընտրությունները գուցե իսկապես կարող էին երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու ճանապարհի առաջին քայլը դառնալ, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը չորոշեին վերջին վատությունն անել Հայաստանին ու չմասնակցեին դրանց։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչև վերջ չգնար։
Բանն այն է, որ նրա մասնակցությունն ամբողջովին փոխում է առաջիկա ընտրությունների բովանդակությունն ու իմաստը։ Եթե մի ամբողջ երկիր աղետի ենթարկելուց հետո նա սուսուփուս հեռանար ու տնային կալանքի պայմաններում սպասեր իր հետագա ճակատագրին՝ ընտրությունների բովանդակությունը բոլորովին այլ կլիներ։ Քաղաքական ուժերը երկիրն այս աղետից դուրս բերելու ծրագրեր կներկայացնեին, ժողովուրդն էլ դրանց միջև ընտրություն կկատարեր, ու գուցե հնարավոր լիներ առաջ շարժվել։ Բայց Նիկոլի մասնակցությունն ընտրողներին ստիպում է միանգամայն այլ վարքագիծ դրսևորել և նախապատվությունը տալ ոչ թե այն ուժին, որի ծրագրերն ու գաղափարները լավագույնը կլինեն, այլ այն ուժին, որի՝ Նիկոլին վռնդելու հնարավորություններն ավելի մեծ են գնահատում։
Պատկերացրեք այսպիսի վիճակ։ Կա այգի, որը պետք է մշակել, և տարբեր թեկնածուներ ծրագրեր են ներկայացնում, թե ինչպես է պետք մշակել, ինչ աճեցնել և այլն։ Բնականաբար՝ կհաղթի նա, ում գիտելիքներն ու փորձն ավելի մեծ են։ Բայց պատկերացրեք, որ այդ այգին կամ բոստանը այծեր են մտել։ Խնդիրը միանգամից փոխվում է, որովհետև պարզ է, որ առաջին հերթին պետք է այծերին քշել այգուց և միայն դրանից հետո մտածել մյուս հարցերի մասին։ Իսկ այդ դեպքում կարող է նախապատվությունը տրվել ոչ թե նրան, ով այգի մշակել գիտի, այլ նրան, ով ավելի ագրեսիվ է, ավելի բարձր է գոռգոռում ու ավելի մեծ մահակ ունի։ Որակներ, որոնք այծերին քշելու համար գուցեև շատ կարևոր են, բայց այգին արդյունավետ մշակելուն հաստատ չեն օգնի։
Բայց վերադառնանք մեր «այծերին» ու սահմանադրական ճանապարհով դրանց քշելու գործընթացին։ Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանն այսօր ակնհայտորեն ավելի շատ կողմնակիցներ ունեն, քան տրամաբանորեն կարող էին ունենալ՝ հաշվի առնելով նրանց նախկին գործունեությունը (առավել ևս, որ այնքան էլ շատ ժամանակ չի անցել, և մարդկանց հիշողություններում դեռ թարմ են նրանց ասպատակությունները)։ Ընդ որում՝ այդ կողմնակիցների զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, նույնպես շատ լավ հիշում է անցյալը և «աչքով աչք չունի» տեսնելու նրանց։ Բայց պատրաստ է քվեարկել նրանց օգտին, որովհետև համարում է, որ «այծերին քշելու» ամենամեծ շանսը հենց նրանք ունեն, իսկ թե հետո ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա։ Իրականում լավ էլ հայտնի է, թե ինչ ցույց կտա ժամանակը։ Եթե հաջողվի «քշել այծերին», այգու վիճակը դրանից առանձնապես չի փոխվի, որովհետև «այծերի» փոխարեն մոտավորապես նույնը իրենք կանեն (հասկանալի է՝ շատ ավելի խելամտորեն ու կազմակերպված)։
Ուրեմն ինչպե՞ս հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Պատասխանը միանշանակ է․ քանի որ միայն մի ընտրություններ են լինելու, և հնարավոր չի լինելու առաջին փուլով ձերբազատվել օրվա պատուհասներից ու երկրորդ փուլով նորմալ իշխանություններ ձևավորել, պետք է հունիսի 20-ին ընտրություն կատարելիս մտածել ոչ միայն «այծերին քշելու» մասին (որքան էլ դա բացարձակ առաջնահերթություն լինի), այլև կարևորել, թե դրանից հետո ինչպես պետք է «մշակել այգին», և ով լավագույնս կանի դա։
Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի վերջին վատությունը պարզապես չի ստացվի։
Մարկ Նշանյան