Եվ այսպես, քարոզարշավն ավարտվեց։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց կարող ենք արձանագրել, որ համընդհանուր ժխորի մեջ քաղաքական այն ուժերը, որոնք իսկապես պետության ապագայի վերաբերյալ ասելիք ունեին, այնուամենայնիվ կարողացան իրենց հիմնական ասելիքը տեղ հասցնել։
Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ։ Նա ամենաշատն էր խոսում, բայց ոչ ինքը ասելիք ուներ, ոչ էլ իր ընտրազանգվածը՝ որևէ բան լսելու ցանկություն կամ առավել ևս՝ լսածն ընկալելու կարողություն։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը տարբեր բնակավայրերում տարբեր ինտենսիվությամբ (կախված այդ պահի հոգեվիճակից) օդում թափահարում էր մուրճն ու գոռգոռում, թե ընտրություններից հետո դրանով ջարդելու է բոլորի գլուխը, հետևաբար՝ ապագա կա։ Դա, բնականաբար, որևէ կապ չուներ պետության ապագայի կամ երկիրն այս վիճակից դուրս բերելու հետ, բայց նման մանրուքները, հասկանալի է, ոչ իրեն էին հետաքրքրում, ոչ էլ մուրճի տեսքից էքստազի մեջ ընկած «պողոսներին»։
Պետության ապագայի վերաբերյալ կոնկրետ ասելիք, պարզվեց, ընդամենը երկու ուժեր ունեին՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Հայաստան» դաշինքը։ Անկախ ձևակերպումներից ու օգտագործված բառամթերքից՝ երկուսի ասելիքն էլ, վստահաբար, տեղ հասավ։
Հասկանալի դարձավ, որ Կոնգրեսը Հայաստանի ապագան պատկերացնում է այսպես․ պետք է ձերբազատվել պատրանքներից, մեկառմիշտ հրաժարվել արկածախնդրությունից, ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու դրանք աստիճանաբար մեծացնելու հնարավորությունները և փորձել վերականգնել փլուզված պետական համակարգը, որպեսզի որպես անկախ պետություն արժանապատիվ հարաբերություններ կառուցենք ինչպես պոտենցիալ դաշնակիցների, այնպես էլ հարևանների հետ։
Հասկանալի դարձավ նաև, թե ինչպես է Հայաստանի ապագան պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը։ Այն է՝ ունենալ «ժամացույցի պես աշխատող» կառավարման համակարգ և տնտեսություն (հասկանալի է՝ ճիշտ այնպիսի կոռուպցիոն սխեմաներով, որոնք գոյություն ունեին իր նախագահության տարիներին), Հայաստանը փաստացի դարձնել ռուսական գուբերնիա և հույս ունենալ, որ Ռուսաստանը կգնահատի դա ու ոչ միայն կապահովի մեր անվտանգությունը, այլև թույլ կտա, որ հայերը դեռ որոշ ժամանակ ապրեն Արցախում։ Իսկ եթե ռուսները հետագայում ցանկանան ևս մեկ անգամ տարածաշրջանային առևտրում օգտագործել հայկական խաղաքարտը՝ թող բարի լինիեն դրա համար վերականգնել հայկական բանակը։ Կրկնենք՝ կապ չունի, թե ելույթների ժամանակ ով ինչ էր ասում։ Մարդիկ հենց այսպես էլ հասկացան Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ասածները, ու ճիշտ էլ հասկացան։
Կարող է հարց առաջանալ՝ լավ, մի՞թե «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես ասելիք չուներ։ Իհարկե ուներ։ Հիմնական ասելիքն այն էր, որ խորհրդարանում հայտնվելու դեպքում պատրաստ է կոալիցիա կազմել Քոչարյանի հետ և օգնել, որ Հայաստանն իր ապագան կառուցի ռուսական գուբերնիայի կարգավիճակում։ Այսինքն՝ ասելիքը վերաբերում էր ոչ թե սեփական ծրագրին, այլ մի ուրիշ ուժի ծրագրին մաս կազմելու պատրաստակամությանը (ինչն, ի դեպ, չի նվազեցնում այդ կուսակցության շանսերը, որովհետև շատերը կան, որ դեմ չեն ինքնիշխանության վերջնական կորստին ու այդ գնով ապահովություն ձեռք բերելուն, բայց դեմ են, որ դա արվի Քոչարյանի ձեռքով)։
Մի խոսքով՝ որևէ մեկն իրավունք չունի ասել, թե հասարակությունն ապակողմնորոշված ու շփոթված է, հետևաբար՝ չի կարողանալու գիտակցված ընտրություն կատարել։ Իրականում նրանք, ովքեր հասկանալու ցանկություն ունեն՝ լավ էլ հասկանում են, թե ինչ տարբերակների միջև են ընտրություն կատարելու և պետության հետագա գոյության ինչ տարբերակ են ընտրելու։ Իսկ նրանց դեպքում, ում պետության գոյությունն ընդհանրապես չի հուզում, ամեն ինչ պարզ է։ Նրանք ընտրելու են մուրճն ու տեսարանները։
Մարկ Նշանյան