...

Առաջին նախագահն ասել էր, հիմա կրկնում են բոլորով

Առաջին նախագահն ասել էր, հիմա կրկնում են բոլորով

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողովի օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվել է: Այս մասին ծավալուն հայտարարությամբ են հանդես եկել խորհրդարանական երկու խմբակցությունները։ Չխորանալով հայտարարության մանրամասների մեջ՝ թերևս առանձնացնենք դրանից մեկ կտոր․ «Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո»։ Մի րոպե կանգ առնենք ու փաստենք, որ այս սկզբունքի կիրառման մասին առաջին անգամ հրապարակային խոսել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ստացվում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը առաջարկում են այն, ինչ Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ է համարել դեռևս տարիներ առաջ։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանն էլ կողմ է արտահայտվել այս սկզբունքի կիրառմանը։ 

Դեռևս 2016 թ. մայիսի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանը այս սկզբունքին անդրադարձավ «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» իր հոդվածում՝ արձանագրելով, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։ Մեկ այլ մեջբերում Տեր-Պետրոսյանից․ «Հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետևյալն է։ Երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարևորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել»։ Այս հայտարարությունն արվել է պատերազմի օրերին՝ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին։ Հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին որոշում էր ընդունել։ Սա չէր վրիպել առաջին նախագահի ուշադրությունից։ «Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է մի ձևակերպում, որն աննախադեպ է նման հայտարարությունների շարքում: Խոսքը վերաբերում է հետևյալ կետին. «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»: Ըստ էության, «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձևակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում»,- փաստել էր Տեր-Պետրոսյանը:

Իմիջիայլոց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ նշել է, թե իրենց բանաձևը «անջատում հանուն փրկության» դոկտրինն է, որն իրենց քաղաքական ուժը փորձելու է առաջ տանել։ Իր հերթին Նիկոլ Փաշինյանը 2021 թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ասել էր, թե «անջատում հանուն փրկության» բանաձևը համարում են Արցախի խնդրի միակ լուծում։ 

Հիմա խոստովանության հերթը երկու խորհրդարանական խմբակցությունների լիդերներինն է։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ