...

Ամենաշրջանառվող մտայնությունը՝ ինչու Փաշինյանը պետք է հեռանա

Ամենաշրջանառվող մտայնությունը՝ ինչու Փաշինյանը պետք է հեռանա

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ համաձայն չէ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Մասնավորապես՝ 

1․ «Կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ 

2. Երբ հեղինակն առաջարկում է «Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», անհասկանալի է, թե ինչի՞ շուրջ բանակցել Նիկոլի հետ։ Արցախը հակառակորդին զիջելո՞ւ։ Հայրենիքը մաս-մաս տալո՞ւ։ Պետության ինքնիշխանությունը զրոյացնելո՞ւ։

3. Համամիտ չեմ հեղինակի նաև հետևյալ մտքի հետ, թե ով էլ լինի՝ «հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»։ 

Աշոտյանը փաստարկել է իր անհամաձայնությունը։ Ոմանց այդ փաստարկները կարող են թույլ թվալ, ոմանց՝ սպառիչ։ Աշխարհացունց ոչինչ տեղի չի ունեցել։ ՀՀ առաջին նախագահը իր ազդեցիկ խոսքն է ասել, քաղաքական գործիչն էլ իր կարծիքն է շարադրել։ Բայց խնդիրը Աշոտյանի գրառման վերջին պարբերությունն է, որտեղ նա հավելել է․ «Վերջիվերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը, հանդիսանալով փորձառու և հմուտ դիվանագիտական և քաղաքական գործիչ, չի կարող չհասկանալ, որ պարտվածի բանակցածը մի բան է, չպարտվածի բանակցածը՝ մեկ այլ։ Հակառակորդի կողմից ծաղրանքի ենթարկվածի հոգեբանությունը մի բան է, արժանապատիվ բանակցողինը՝ մեկ այլ»։

Անկեղծ ասած՝ այս մտայնությունը վերջին շրջանում գերիշխող է դարձել։ Շատ հաճախ Քոչարյանի և Սարգսյանի վերադարձը մերժող մարդիկ էլ ստորակետ են դնում և շարունակում, որ պատրաստ են առերեսվել սատանայի հետ, միայն թե այլևս չտեսնեն պարտության սիմվոլին, առավել ևս նրան չտեսնեն ծանր և պատասխանատու բանակցություններում Հայաստանը ներկայացնելիս։ Որովհետև եթե Փաշինյանը, հնարավոր է, առանձնապես չի կոմպլեքսավորվում ծաղրանքից ու ստորացումից, ապա բազմաթիվ մարդկանց պարագայում հակառակն է արձանագրվում։ Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ հանդուրժե՞լ, որ բանակցությունները վարի պարտության սիմվոլը, թե՞ սա արդեն էական չէ։ Գուցե բանակցությունների ելքի տեսանկյունից սա վճռորոշ հանգամանք չէ, բայց բանակցությունների մթնոլորտի իմաստով սա կարևո՞ր է։ Չգիտենք։ Բոլոր դեպքերում այս խոսակցությունն ու մտայնությունը այսօր ամենաշրջանառվողն է, և գուցե անհրաժեշտ է ավելի շատ խոսել այս մասին։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ