...

Հազիվ ԱԺ-ն են հասցնում լեգիտիմացնել

Հազիվ ԱԺ-ն են հասցնում լեգիտիմացնել

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ «որևէ կերպ չեն մասնակցելու» Հանրապետության նախագահի ընտրությանը։ «Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ։ Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը»,- ասված է երկու խմբակցությունների համատեղ հայտարարությունում:

Բայց իզուր թեկնածու չեն առաջադրել։ Ահավասիկ, կարող էին առաջադրել և էլի դիտարժան շոու ապահովել հասարակության համար։ Ինչ-ինչ, բայց դա ընդդիմադիր խմբակցությունների մոտ ահագին լավ է ստացվում։ Ինչ վերաբերում է «ընտրության լեգիտիմացման» մասնակցությանը, ապա այս երկու խմբակցությունները արդեն լեգիտիմացրել են ԱԺ-ն և հիմա մի ինստիտուտ՝ այս կողմ, մի ինստիտուտ՝ այն կողմ, բան չի փոխում։ Միջազգային հանրությանն էլ իզուր են վկայակոչում։ Ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանին ԵԽԽՎ բանաձևի կատարման մասին հարց էինք տալիս, ասում էր՝ ԵԽԽՎ-ը ոչ պալիտբյուրո է, ոչ էլ՝ «ռազբիրատ անելու տեղ»։ Մարդը մեկ անձի բռնապետություն էր ստեղծել ու ծաղրում են ընդդիմադիրներին՝ դրսից տղա բերելու համար։ Սերժ Սարգսյանն էլ՝ նույնը։ Իր կառավարման տարիներին քարոզում էր «ներսի սպիտակեղենը» դուրս չհանել, և ով փորձում էր դրսում բարձրաձայնել Հայաստանի խնդիրների մասին՝ միանգամից մեդիակայսրության արբանյակներով հարձակվում և դավաճան էին հռչակում։ Հիմա դերերը փոխվել են, ու ընդդիմադիրները սրտնեղում են՝ մոռանալով, որ երբ իշխանություն էին, անում էին այն, ինչ այսօր իրենց հետ են անում։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ