Պարզվում է՝ մարտի 1-ի գործով բազմաթիվ քաղբանտարկյալների մեղադրանքը դատարանում պաշտպանած դատախազ Արամ Ամիրզադյանը, որն իր խնդրանքով է միացել մարտի 1-ի դատախազական խմբին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտոն է ստացել Սփյուռքի նախարարությունում:
Մենք առայժմ չգիտենք, թե նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտ այս ինչ յուրահատուկ սեր է առաջացել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին դատապարտած դատավորների, դատախազների, քննիչների նկատմամբ, բայց այդ պրոցեսն արդեն ակնհայտ է դառնում:
Իսկ թե ով է Արամ Ամիրզադյանը և ինչպես է 2008-ին կատարել իշխանությունների պատվերները, ներկայացնում ենք 2008թ. մայիսի 15-ին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի գործով կայացած դատական նիստի ռեպորտաժը, որը հրապարակվել է մամուլում:
Քաղբանտարկյալը հացադուլ և ջրադուլ հայտարարեց հենց դատարանի դահլիճում
«Ես հպարտ եմ, որ քաղաքացիական նոր հասարակության ճարտարապետ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցն եմ ու եղել եմ նրա վստահված անձը նախագահի ընտրություններում», - երեկ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ մարտի 1-ի գործով կալանավորված, 2004թ. ընտանիքով Թեհրանից Երևան տեղափոխված Վարդգես Գասպարին՝ շարունակելով. «Այս գործը ամբողջությամբ սարքված է՝ ըստ քաղաքական պատվերի: ...Ինձ համար պատվաբեր է, որ դատվում եմ գործի շրջանակներում, որտեղ ընդգրկված են հարգված և բարեհամբավ գործարար՝ Խաչատուր Սուքիասյանը, պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը և քաղաքացիական շարժման նվիրյալ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Արցախյան ազատամարտի տասնյակ անձնուրաց ազատամարտիկներ, անկաշառ քաղաքական գործիչներ և պարզապես ազատատենչ քաղաքացիներ»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ նման շինծու գործով, ուստի հանդես կգա միայն հայտարարություններով: Վարդգես Գասպարին երեկ դատարանում եռօրյա հացադուլ և ջրադուլ հայտարարեց այն բանից հետո, երբ դատավոր Արշակ Պետրոսյանը «անհիմն» համարեց ու մերժեց ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ընդ որում, «Ժառանգություն» խմբակցության 6 պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել, որով երաշխավորել էին, որ Վարդգես Գասպարին, լինելով ազատության մեջ, չի խուսափի դատաքննությունից: Հայրենադարձված սփյուռքահայը ակտիվ մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին, սակայն մարտի 1-ի նստացույցին չի մասնակցել, լսելով ինչ է կատարվել Օպերայում` առավոտյան 8.30-ին շատերի պես իջել է Մաշտոցի պողոտա, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Երեկ դատարանում իրեն բավական ազատ էր զգում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը՝ նույնիսկ դատական նիստն ուղղորդելու հարցում: Մեղադրողը ընդհատեց պաշտպանի հայտարարությունը, ինչը դատավարական կարգի կոպիտ խախտում է, պարբերաբար ուղղորդում էր դատավորին՝ իր հայտարարություններով ու Վարդգես Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդություններին ներկայացրած առարկություններով: Այնպես որ, դատավորը այդպես էլ չհամարձակվեց «դուրս գալ» դատախազի խոսքերից ու բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած գեթ մեկ միջնորդություն: Դատավոր Արշակ Պետրոսյանի անհաղորդ հայացքից թվում էր՝ դատավարությունը նրան ընդհանրապես անհետաքրքիր էր:
Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու և պարզելու առթիվ: Մասնավորապես պարզվում է` քրգործի նյութերում բացակայում է քրգործ հարուցելու որոշումը. այնքան են շտապել, քրգործն ու նախաքննությունն իրականացրել են առանց որոշման, ինչը պետք է հիմք հանդիսանար նախաքննության և դատավարության համար: Պաշտպանը միջնորդեց հարցում անել և պարզել, թե կա՞ նման որոշում: Դատախազը առարկեց, իսկ դատավորը մերժեց միջնորդությունը: Պաշտպանը միջնորդեց նաև հարցում անել Արաբկիրի ոստիկանություն, թե ինչ իրավական հիմքով, գրավոր կամ բանավոր հրամանով էին մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում «պարեկություն անում» Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, որոնք վկա են այս գործով, և որոնց ցուցմունքներով է սարքվել գործը:
Դատախազը առարկեց, և միջնորդությունը մերժվեց: Ամբաստանյալին բերման ենթարկելու փաստաթղթերում մի տեղ գրված է՝ բերման է ենթարկվել առավոտյան 7-ին, մեկ այլ տեղ՝ 8.30-ին: «Դատարան է ներկայացված, ըստ էության, շինծու մի գործ, որը սարքված է անուշադիր, փնթի ու անգրագետ՝ ամենայն անպատասխանատվությամբ», - գործի առթիվ իր հայտարարության մեջ գնահատական տվեց ամբաստանյալը:
Դատախազ Արամ Ամիրզադյանն իրեն այնքան ազատ էր զգում, որ դահլիճից մեկի ռեպլիկին ի պատասխան հայտարարեց. «Ձեր բերած լրագրողներն են»: «Մենք ոչ մեկի բերածը չենք ու ի տարբերություն դատախազության` պատվեր չենք կատարում», - ի պատասխան հայտարարեց «ՉԻ» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որը հորդորեց նաև դատարանի դահլիճը չվերածել շուրջպարի և ծառատունկի հրապարակի: Որոշ լրագրողներ էլ` ի նշան բողոքի, ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Պաշտպանը միջնորդեց ընդհատել շուրջ 4 ժամ տևած դատական նիստը, քանի որ ամբաստանյալը հոգնած է և վկաներին քննել հաջորդ դատական նիստում: Դատախազը կրկին առարկեց, և դատավորը մերժեց միջնորդությունը: Դատավորին պաշտպան Մուշեղ Շուշանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ՝ պատճառաբանելով, որ նա կողմնակալ է, անաչառ չէ և կաշկանդված է դատախազի ուղղորդումներով: Դատական նիստն ընդհատվեց:
Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո դատարանի նախասրահում նկատեցինք, որ դատախազը մոտեցել ու զրուցում է վկա ոստիկանների հետ: Մոտեցանք՝ պարզելու, թե արդյոք հարգելի դատախազը չի՞ փորձում ուղղորդել վկաներին: «Ես չեմ ուղղորդում», - հայտարարեց դատախազը: Պարզվեց` ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց գործից կտրել, բերել են դատարան ու ստիպված են լինելու նորից գալ վկայություն տալու համար»: