...

Նիկոլիզմի վիրուսն ու մեր քայքայված իմունային համակարգը

Նիկոլիզմի վիրուսն ու մեր քայքայված իմունային համակարգը

Հիմա արդեն գրեթե բոլորի համար ակնհայտ է, թե ինչ կործանարար հետևանքներ ունեցավ ու դեռ շարունակում է ունենալ նիկոլիզմ կոչվող վիրուսը Հայաստանի համար, բայց հիմնական հարցը մնում է՝ լավ, այդպիսի վիրուսներ աշխարհի ցանկացած երկրում էլ կան, բայց ինչպե՞ս մեր պետական օրգանիզմի դիմադրողականությունն ընկավ այնքան, որ վիրուսը հաղթեց, հասավ իշխանության ու շարունակում է իր ավերածությունները։ Որո՞նք էին այս վիճակին հասցրած այն հիմնական սխալները, որ պատահական մեկին հնարավորություն տվեցին երկիրը դարձնել սեփական հիվանդագին ամբիցիաների փորձադաշտ ու աշխարհով մեկ ծաղրուծանակի առարկա դարձնել մի ամբողջ ժողովրդի։ 

Հիմնական սխալները մի քանիսն էին.

Առաջին։ Մենք սխալվեցինք՝ կարծելով, թե ղարաբաղյան խնդիրը լուծելու կարիք չկա, որովհետև դեռ հարյուր տարի էլ կարող ենք զարգանալ շրջափակման պայմաններում։ Քաղաքական ուժերն իշխանության հասնելու համար հանրային գիտակցության մեջ ներարկեցին այս կեղծիքը, հանրությունն էլ հավատաց։

Երկրորդ։ Մենք սխալվեցինք՝ կարծելով, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ադրբեջանցիները նոր պատերազմ սկսեն ու գրավեն Արցախը։ Ընդ որում ռուսներն իրենք անընդհատ ասում էին, որ նոր պատերազմի դեպքում մեզ չեն օգնելու, որ Ադրբեջանն իրենց համար կարևորագույն գործընկեր է, այդ թվում՝ բիզնես-գործընկեր ժամանակակից սպառազինություն վաճառելու առումով, բայց մենք շարունակում էինք ինքներս մեզ խաբել՝ մտածելով, թե ձևի համար են ասում, իրականում լավ էլ կօգնեն։

Երրորդ։ Մենք սխալվեցինք՝ կարծելով, թե «քաղաքակիրթ աշխարհը» նոր ցեղասպանություն թույլ չի տա, ու գերադասում էինք չհավատալ անգամ մեր աչքով տեսածին, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հայ ռազմագերիներին թողնում էին մահվան սպառնալիքին դեմ-հանդիման ու հեռանում՝ պատճառաբանելով, թե իրենց աշխատանքային ժամն ավարտվել է, իսկ միջազգային լրատվամիջոցները որևէ վիրավոր կենգուրուի մի քանի անգամ ավելի շատ ժամանակ էին հատկացնում, քան մեր խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններին ու հազարավոր զոհերին։

Չորրորդ։ Մենք սխալվում էինք՝ կարծելով, թե Հայաստանում որևէ իշխանություն չի համարձակվի Արցախը հանձնել, որովհետև ժամերի ընթացքում կկորցնի իշխանությունը։ Փաստորեն դա այդպես չէր։

Հինգերորդ։ Մենք անընդհատ սխալվում էինք՝ կարծելով, թե բանականության ձայնն ի վերջո տեղ կհասնի, և հասարակությունն ինչ-որ պահի կհրաժարվի արկածախնդրությունից ու կառաջնորդվի առողջ բանականությամբ։ Պարզվեց՝ այդ լավատեսությունն անհիմն էր․մարդիկ ընտրություն էին կատարում ոչ թե ըստ իրավիճակի սթափ գնահատման, այլ ըստ ճոռոմ խոստումների, ընտրակաշառքի չափի կամ տուկի թելի երկարության։

Վերադառնանք նիկոլիզմ կոչվող վիրուսին։ Հասկանալի է, որ դա հաղթահարելու համար առաջին հերթին պետք է բարձրացնել պետության դիմադրողականությունը, բայց խնդիրն էլ հենց այն է, որ այսօր էլ մենք այդ սխալները շարունակում ենք, ու վերջը չի երևում։

Մենք այսօր էլ հավատում ենք, թե Ռուսաստանը թույլ չի տա Արցախի վերջնական հայաթափում ու մեր փոխարեն կպաշտպանի Սյունիքը։ Մենք շարունակում ենք հավատալ, թե Արևմուտքի համար ինչ-որ բացառիկ կարևորություն ունենք, ու նրանք կզսպեն Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը։ Մենք շարունակում ենք վախենալ ապաշրջափակումից ու հավատում ենք, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում (պարզապես պետք է քիչ թալանել, և վերջ)։ Ու մենք շարունակում ենք հավատալ, թե գոնե այսքանից հետո ողջամտությունը կհաղթի, թեև մեր աչքի առաջ քաղաքական ուժերն ապշեցնող ցինիզմով շարունակում են խաբել ժողովրդին, ու կարծես թե լավ էլ ստացվում է, որովհետև առաջիկա ընտրությունների «ֆավորիտներին» (համենայն դեպս՝ առայժմ) հաջողվում է փոխադարձ հայհոյանքների աղմուկի մեջ խլացնել բանականության ձայնը։ 

Պարզ ասած՝ ոչինչ չի փոխվել։ Ու շատ շուտով պարզ կդառնա՝ նիկոլիզմ կոչվող վիրուսը պետական-հանրային մեր օրգանիզմի ուղեղին է՞լ է անդառնալի վնասներ հասցրել, թե՞ առայժմ վնասվել են միայն ներքին օրգաններն ու մկանային համակարգը։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   936 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ