...

Օրենսդրորեն ամրագրվող տխմարությունների շքահանդեսը շարունակվում է

Օրենսդրորեն ամրագրվող տխմարությունների շքահանդեսը շարունակվում է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կառավարության նիստում հայտարարել է, թե իրենք նախագիծ ունեն, որով Հայաստանի ողջ տարածքում բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելվելու է։

Այն ո՞վ էր ասում, թե «եթե մարդը հիմար է՝ դա ընդմիշտ է»։ Չկա՛ այդպիսի բան։ Պարզապես իմքայլական իշխանությունները որոշել են, որ ՀՀ հպարտ քաղաքացիները կենցաղային աղբը կարող են նաև գրպաններով հասցնել մինչև մոտակա աղբամանը։ Ի՞նչ, ձմերուկի կեղևները պիջակի ծոցագրպանում չե՞ն տեղավորվի։ Դատարկ պատճառաբանություններ են, չեն տեղավորվի՝ թող մանրացնեն։ Կարևորը՝ որ բոլոր տեսակի (սա հատուկ շեշտում ենք) պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելվի, իսկ պիջակը կարելի է նաև օրը երկու անգամ լվացքատուն տանել։ 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհանգստանալու կարիք չկա։ Հակոբ Սիմիդյանն է, ուրիշ մարդ չի, պահի տակ բան էր՝ ասաց։ Շեֆը տոպրակների վրա բարկացել էր՝ ինքն էլ խոստացավ արգելել, շեֆը ճնճղուկների վրա բարկացած լիներ՝ ինքն օրենքով կարգելեր բոլոր տեսակի ճնճղուկների գոյությունը ՀՀ ողջ տարածքում։ Հետո՞ ինչ, որ նախարար է, դա հո չի՞ նշանակում, որ խոսելուց առաջ անպայման պիտի նաև մտածի։ Համ էլ՝ Վահան Քերոբյանն ասել է, չէ՞, որ կառավարության խոստումների կեսը «ջրվում է», մյուս կեսի էլ՝ լավագույն դեպքում 60 տոկոսն է կատարվում։ 

Չնայած՝ այս դեպքում կառավարության սպառնալիքը կարող է նաև իրագործվել։ Ի՞նչ իմանաս, գուցե Նիկոլն իր առջև խնդիր է դրել հերթական անգամ դիսկոմֆորտ ստեղծել մարդկանց համար (ինչպես, օրինակ, բացօթյա սրճարաններում ծխելն արգելելու տխմարագույն որոշման դեպքում), կամ էլ նրա մերձավոր «բարեխիղճ գործարարներից» մեկը որոշել է մեկանգամյա օգտագործման պիջակների արտադրություն հիմնել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ