Արամ Գաբրելյանովը տելեգրամի իր ալիքում գրել է. «Որպես մարդ, ով ավելի քան 25 տարի ներգրավված է եղել ընտրությունների մեջ, կարող եմ ասել, որ Քոչարյանն այսօր իրեն շատ անկեղծ պահեց ժողովրդի հետ: Ո՛չ կեղծավորություն կար, ո՛չ սիրախաղ: Տեսանելի է, որ նա անկեղծորեն սիրում է իր հայրենիքը և իր ժողովրդին: Եվ գլխավոր բանը, որ ես նկատեցի, և թերևս դա ամենակարևորն է, այն է, որ նա չի բարկանում կյանքից, ճակատագրից: Այո, նա վճռական է, բայց ընդհանրապես զայրույթ և ռազմատենչություն չկա: Քոչարյանը հասկանում է, որ անհրաժեշտ է վերականգնել հանգստությունը Հայաստանում, վերականգնել իրենց կարողությունների նկատմամբ ժողովրդի վստահությունը և թուրքերից վերականգնել պետության անկախությունը»:
«ՉԻ». Պետք է ստուգել՝ գրառումը արել է հանրահավաքից առաջ, թե մի քանի ժամ շուտ, որովհետև հաստատ չի նայել: Եթե նայեր, լրիվ ուրիշ տպավորություն կստանար:
Շատ անկեղծ էր, որ չցանկացավ լրագրողի հարցին պատասխանել: Կեղծավորություն չկար, որ մասնակցեց հանրահավաքի ու հատկապես մի վայրում, որն ատում է ամբողջ սրտով: Կեղծավորություն չկար, որ 20 տարուց ավել չի այցելել Եռաբլուր, բայց երեկ այցելեց:
Կեղծավորություն ու չհիմնավորված ռազմատենչություն չէ՞ արդյոք հիմա խոստանալը, թե վերադարձնելու եմ Շուշին ու Հադրութը: Հարկի և անհարկի սիրում է հիշել, որ ինքը նաև մեծ ռազմական գործիչ է: Ուժերի նման բալանսի դեպքում ինչպե՞ս է վերադարձնելու Շուշին և Հադրութը: Եթե միայն չի պլանավորել հոկտեմբերի 27-ներ կազմակերպել Բաքվում ու Անկարայում:
Իսկ ինչպիսի բառերով Գաբրելյանովը կնկարագրի Քոչարյանի խոստումը, թե գալու ենք՝ վերացնելու կոռուպցիան: Գուցե ասի, որ կլիենտը սուիցիդալ հակումներ ունի: Կոռուպցիա վերացնողը նախ այն չէր բարձրացնի չտեսնված մակարդակի:
Մի խոսքով՝ լրիվ հասկանալի է, թե ինչու են Գաբրելյանովին Ռուսաստանում «պարազիտ» անվանում: