...

Պարտությունը վաղուց էր սկսվել

Պարտությունը վաղուց էր սկսվել

Ապրիլյան պատերազմից 4 տարի անց, նախկին իշխանությունները փորձում են ռևանշ վերցնել: Իհարկե, ոչ թե Ադրբեջանից, այլ հասարակական կարծիքից: Փորձում են համոզել, թե 2016 թվականին Հայաստանը հաղթանակ է տարել: Իսկ իշխանություններն էլ ընկել են թակարդը և վիճում են հենց այդ հարթությունում՝ հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն: 20 դիրք ենք տվե՞լ, թե՞ 10:

Ցանկացած պատերազմ կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Ոչ մի իշխանություն ապահովագրված չէ դիրք, հենակետ կամ անգամ բնակավայր կորցնելուց: Խնդիրը ուրիշ տեղ է: Գործող իշխանությունը պետք է շեշտը դնի ոչ թե կորցված դիրքերի քանակի վրա, այլ մանրամասն ներկայացնի, թե նախկիններն ինչպես և որքան են թերացել բանակի մարտունակության ամրապնդման գործում: Նույն իրավական համակարգը եթե գործեր, ապա շատ գեներալներ այսօր ոչ թե լծված կլինեին ռևանշիստների թեզերը տիրաժավորելով, այլ բացատրություններ և ցուցմունքներ տալով, թե ինչ միջոցներով են դղյակներ կառուցել, իսկ ավտոտնակներում գերթանկ ավտոմեքենաներ ունեն: Նրանք ստիպված կլինեին բացատրել, թե ինչպես են բանակ կառուցելուն զուգընթաց հասցրել հաջողակ գործարարներ դառնալ:

Առաջնահերթ պետք է պատասխանատվության ենթարկվեին զինկոմները և նրանց վերադասները: Նրանք պետք է բացատրեին, թե ինչպես էր ստացվել, որ նախկին պաշտոնյաների որդիները համատարած հիվանդ էին: Պատասխանատվության պետք է ենթարկվեին բոլոր նրանք, ովքեր այդ պաշտոնյաների որդիներից «գիտնական» էին կերտել:

Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանից պետք էր հետաքրքրվել, թե ինչ զգացումներ էր ունենում, երբ այցելում էր Արցախ: Նա խորհուրդ տվեց սահմանի տեսանկարահանման հարցերի վերաբերյալ հարցեր տալ Արշավիր Ղահրամանյանին: Մինչդեռ ինքը պետք է պատասխանի, թե ինչ էր զգում սկզբում Ղահրամանյանի 4 հարկանի առանձնատուն այցելելիս, իսկ հետո պահածոների դատարկ տուփերը կախված տեսնելիս:

Թեպետ ինչ պետք է զգար, առավել ևս հարցեր տար մեկը, որը սահման այցելելիս անմիջապես հետո հոգեկան հավասարակշռությունը վերականգնում էր Բադեն-Բադենում: Չէր կարող, չէ՞, ասել՝ ինձ կարելի է, ձեզ՝ ոչ:

Պարտությունը 2016-ի ապրիլին չի տեղի ունեցել, այլ շատ ավելի առաջ, երբ մանրամասն և հիմնավոր թալանվում էր բանակը, երբ զորանոցներ կառուցելու և սպառազինություններ գնելու փոխարեն ոմանք Փարիզում և Լոս-Անջելեսում առանձնատներ էին գնում:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1078 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ