...

Հիմա պետք է դիմակայել բանակը քաղաքականացնելու մարտահրավերներին

Հիմա պետք է դիմակայել բանակը քաղաքականացնելու մարտահրավերներին

Հայ-ադրբեջանական վերջին ռազմական էսկալացիան ոչ միայն չի մարում, այլև նոր դրսևորումներ է ստանում: Այն, սակայն, դժվար թե հանգեցնի քարտեզի էական սրբագրման:

Ներկայումս բացի Թուրքիայից, տարածաշրջանում և աշխարհում ոչ մի պետություն շահագրգռված չէ հայ-ադրբեջանական ստատուս քվոյի նշանակալի փոփոխությամբ: Իսկ Թուրքիան, որքան էլ սիրո և աջակցության հայտարարություններ անի Ադրբեջանի վերաբերյալ, առաջիկայում շատ լրջորեն է խրվելու Լիբիայում, քանզի ստիպված է լինելու դիմակայել հզորությամբ իրեն շատ քիչ զիջող Եգիպտոսին: Իսկ եթե հաշվի առնենք, որ կոմունիկացիաների առումով արաբական երկիրը գտնվում է ավելի նպաստավոր պայմաններում, ապա ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է: Այնպես որ՝ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին ավելի շատ կլինի բարոյական դաշտում:

Բոլորովին այլ է վիճակը երկու երկրների ներքաղաքական ճակատում:

Ալիևի դիրքերը թուլացել են, քան երբևէ: Նա սկսել է մեղադրել բոլորին՝ դիվանագետներից մինչև ընդդիմություն, ժողովրդից մինչև Վրաստանի ղեկավարություն: Ռազմաճակատում կրած ևս մեկ-երկու պարտությունը գուցեև չփոխեն հայ-ադրբեջանական քարտեզը, բայց էական վնաս կարող են հասցնել Ալիևի հետագա պաշտոնավարմանը: Պալատական հեղաշրջման հեռանկարը այժմ առավել քան արդիական է 1994 թվականից հետո: Ալիևը փորձում է նախահարձակ լինել և ընդդիմադիրներին ձերբակալելու միջոցով լռեցնել դժգոհությունների ալիքը, բայց նոր պարտությունների դեպքում, չափազանց դժվար կլինի ձախողումների սլաքները կրկին ուղղել ընդդիմադիրների վրա: Ադրբեջանում կան շատ լուրջ կլաններ և տնտեսական հզորություններ ունեցող ուժեր, որոնք կարող են հանգել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի: Ամենևին բացառված չէ, որ այդ ուժերի լոկոմոտիվի դերը ստանձնի Փաշաևների կլանը, որից էլ սերում է Մեհրիբան Ալիևան:

Հայաստանում վիճակը այլ է: Ռազմաճակատում հայկական կողմը տարել է հաղթանակ և ռևանշիստների շանսերը էլ ավելի են փոքրացել: Քարոզչական ճակատում նրանց առասպելները արժանացան ադրբեջանական ԱԹՍ-ի ճակատագրին: Կարելի է մի ցուցահանդես էլ կազմակերպել, որտեղ կցուցադրվեն երկու տարվա ընթացքում նրանց կառուցած, իսկ ներկայումս ջախջախված առասպելները, մանիպուլյացիաները ու ապատեղեկատվությունը: Դրանով է պայմանավորված, որ հայտնի ուժերն արդեն դադարել են քննադատել և անցել են միայն հայհոյանքների հարթություն:

Մեծ հաշվով, ստեղծված իրավիճակում, ռևանշիստներն ունեն մի ճանապարհ՝ բանակի որոշ ներկայացուցիչների ներգրավմամբ՝ ռազմական հեղաշրջման փորձ: Խաչատուրովների նկատմամբ սիրո խոստովանությունները, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից Գրիշա Խաչատուրովին տարանջատելու փորձերը, դրա հասարակական տրամադրությունների շոշափման և հող նախապատրաստելուն են միտված: Այլ հարց է՝ արդյոք Խաչատուրով կրտսերը կցանկանա՞ ռազմական հաղթանակներից հետո բռնել քաղաքական արկածախնդրության ճանապարհը, թե՞ կմնա սպայի բարձր դիրքերում: Օրինակ, մեկ այլ գեներալ, Վանեցյան ազգանունով հավատաց ռևանշիստների սիրո խոստովանություններին, լուրջ ընդունեց, որ հասարակության մեջ ունի աջակցություն և բռնեց մի ճանապարհ, որն անխուսափելիորեն նրան հասցրեց ինքնաոչնչացման հանգրվանին:

Իշխանությունները հիմա չափազանց լրջորեն պետք է վերաբերվեն բանակը քաղաքականացնելու մարտահրավերներին: Նրանց լրջագույն ձեռքբերումը պետք է լինի բանակ-պետություն, բանակ-քաղաքականություն հարաբերությունների այնպիսի մոդելի ձևավորումը, որն իր ձևով ու բովանդակությամբ շատ նման կլինի, օրինակ, Իսրայելի մոդելին: Երկիր, որն անընդհատ պատերազմի մեջ է, որի գեներալները մշտապես հաղթանակներ են տանում, բայց քաղաքականություն մտնում են բացառապես թոշակառուի կարգավիճակով:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1841 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ