...

Պարտվածին կարելի է նաև հարգել, հիմարին՝ երբեք

Պարտվածին կարելի է նաև հարգել, հիմարին՝ երբեք

Պատերազմից գրեթե 8 ամիս է անցել, բայց Հայաստանի ու հայ ժողովրդի նվաստացումը ոչ միայն չի դադարում, այլև շարունակվում է ահագնացող տեմպերով, իսկ մենք գլուխներս կախ հետևում ենք այդ ամենին ու պատճառը չենք հասկանում։ Լավ, հասկացանք, աշխարհում անընդհատ պատերազմներ են լինում, հաղթողներ ու պարտվողներ են լինում, բայց համաձայնվեք՝ քիչ է պատահում, որ պարտվողին այսպես նվաստացնեն, ընդ որում՝ բոլոր կողմերից։ Ո՞րն է, ի վերջո, մեր նկատմամբ այս «բացառիկ» վերաբերմունքի պատճառը։

Պատճառը ոչ թե ինքնին պարտությունն է, այլ այն, որ պարտվել ենք մեր խելքից։ Այսինքն՝ կարող էինք ընդհանրապես խուսափել պատերազմից, կարող էինք չպարտվել, կարող էինք ժամանակին ընդունել պարտությունն ու ավելի լավ պայմաններով հրադադար ստանալ, բայց դրանցից ոչ մեկը չենք արել։ Ու հիմա արժե՞ արդյոք զարմանալ մեր նկատմամբ այս նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պարտվողներին կարող են նաև հարգել կամ խղճալ, հիմարներին՝ երբեք։ Հիշո՞ւմ եք, երբ Պուտինը նախ տարակուսանք հայտնեց, որ Փաշինյանը մերժել է հոկտեմբերի 19-ի առաջարկը, հետո էլ հայտարարեց, թե նա դավաճան չէ։ Եթե թարգմանենք՝ դա նշանակում է «նա ոչ թե դավաճան է, այլ հիմար»։ Ընդ որում՝ պատերազմից հետո այդ գնահատականը տարածվում էր միայն նրա ու իր թիմի վրա, իսկ հունիսի 20-ի ընտրություններից հետո կարող է տարածվել արդեն ամբողջ ժողովրդի վրա։ Նույն վերաբերմունքն, ի դեպ, Արևմուտքում է, որովհետև այնտեղ էլ տարակուսած են, թե ինչո՞ւ էին հայերը երկու տասնամյակ շարունակ հրաժարվում որևէ զիջումից՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, թե ինչի է հանգեցնելու դա։ Ինչևէ։

Իսկ ի՞նչ քարոզչական թեզեր էին առաջ մղում Նիկոլ Փաշինյանի բացահայտ կամ քողարկված քաղաքական աջակիցները պատերազմից հետո։ «Հողերը վաղուց էին ծախված, ուղղակի նախկինները խաբեցին ու դա Նիկոլի ջեբը գցեցին», «ռուսները խաբեցին ու մեզ անորակ զենք-զինամթերք էին մատակարարում (Իսկանդերը 10 տոկոսով էր պայթում)», «Ալիևը խաբեց ու գերիներին չվերադարձրեց», «բոլոր գեներալները խաբում էին Նիկոլին» և այլն։ Մի խոսքով՝ ով չէր ալարում, Նիկոլ Փաշինյանին խաբում էր։ Իսկ ի՞նչ որակում կարելի է տալ պետության ղեկավարին, որին տեղից վեր կացողը մի մատ երեխայի պես խաբում է։ Եվ իրավունք ունի՞ արդյոք նման մտավոր ունակությունների տեր մեկը երկիր ղեկավարել։ Մեր ժողովրդի մեծամասնությունն ասաց՝ այո, ունի։ Եվ խնդիրն այն չէ, որ դրանով մենք ընդունեցինք պարտությունը (ճարնե՞րս ինչ), խնդիրն այն է, որ մենք ընդունեցինք մեր իսկ իշխանությունների հիմարության պատճառո՛վ կրած պարտությունը, այսինքն՝ ընդունեցինք հիմարության հասնող մանկամտության շարունակականության իրավունքը։ Մենք ընդունեցինք արտգործնախարարություն չունենալը (խնդիրը միայն նախարարի ու փոխնախարարների բացակայությունը չէ, տեսեք, օրինակ, թե ում են պատրաստվում դեսպան նշանակել ԱՄՆ-ում), մենք ընդունեցինք բանակի բացակայությունը (խնդիրը սպառազինությունը չէ, եթե գեներալները խաբում են պետության ղեկավարին ու հրաժարվում են կատարել հրամանները, և որևէ մեկը չի պատժվում, ուրեմն բանակ չկա), մենք ընդունեցինք հատուկ ծառայությունների բացակայությունը (եթե 3 տարում ԱԱԾ 6-7 ղեկավար է փոխվում, ուրեմն ԱԱԾ չկա) և այլն։ Ու այսքանից հետո մեր նկատմամբ հարգա՞նք ենք ակնկալում: Ու զարմանո՞ւմ ենք, որ կորեկ տեսած ծտի կլորացած աչքերով ու համապատասխան ուղեղով բարձրաստիճան իշխանավորուհին մուննաթ է գալիս, թե ինչո՞ւ եք Փաշինյանից գերիների վերադարձ պահանջում, գնացեք Ալիևից պահանջեք։ Բա ճիշտ է ասում, ի՞նչ եք ուզում «էդ խեղճ հարիֆից», եթե ինքներդ եք հալած յուղի տեղ ընդունում, որ տեղից վեր կացողը նրան խաբել է ու շարունակում է խաբել։

Սա է պարտությունից հետո մեր նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի բուն պատճառը, որովհետև կոնկրետ պատերազմի արդյունքները հաշվի առնելով՝ մեր նկատմամբ վերաբերմունքն այլ պիտի լիներ։ Ի վերջո հայկական ընդամենը մի բանակային կորպուս, ռեզերվիստներով ու կամավորականներով համալրված, պատերազմել է գերժամանակակից սպառազինությամբ հագեցած ադրբեջանական բանակի, թուրքական հատուկջոկատայինների ու վարձկան ահաբեկիչների դեմ և ամբողջ 44 օր դիմադրել, ու աշխարհը դա շատ լավ տեսել ու հասկացել է։ Բայց սա արդեն այլ խոսակցություն է։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ