Իրավաբան և սահմանադրագետ, ԱԺՄ նախկին անդամ Վարդան Պողոսյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է. «Արցախին վերաբերող ՄԱԿ-ի 4 բանաձևերում նշույլ անգամ չկա այն մասին, որ ԼՂՀ-ն ապօրինի կառույց է, որ ագրեսիայի հետևանքով է այն ստեղծվել, որ կա չճանաչման պարտավորություն: Ակնհայտորեն, ՄԱԿ-ի այդ բանաձևերը ելնելում են նրանից, որ դե ֆակտո կա իշխանություն ԼՂ-ում: 1993-ին որևէ խոսք միջազգային որևէ կառույցի կողմից չի եղել այն մասին, որ ռազմական գործողությունները ոչ թե ԼՂ-ի և Ադրբեջանի միջև են, այլ Հայաստանի և Ադրբեջանի:
Եվրոպական համայնքը 1992-ի հունիսին ողջունում էր, որ կոնֆլիկտի կողմերը համաձայնության են եկել զինադադարի և հատկապես ողջունում էին ՀՀ նախագահ Տեր-Պետրոսյանի ջանքերը, որ նրա խորհրդով ԼՂ իշխանությունները համաձայնություն են տվել այդ պլանին:
Ակնհայտ է, որ Արցախի սուբյեկտայնությունից էր ելնում նաև Մինսկի խմբի գործունեությունը: Բոլոր առաջարկվող տարբերակներում միշտ վերջնական փուլում առաջարկ է եղել, որ պայմանագրի ստորագրման համար լինի նաև ԼՂ-ն: Սա վկայում է, որ ԼՂ-ն առնվազն դե ֆակտո ճանաչվել է և Ադրբեջանի, և միջազգային հանրության կողմից: Նույն Ադրբեջանը 1993-ին նույնիսկ օգտագործել է ԼՂՀ արտահայտությունը: 1993-ի սեպտեմբերի 3-ին հայր Ալիևը ստորագրում է լիազորություն այն ժամանակվա Միլի Մեջլիսի նախագահին, որ կազմակերպի բարձր մակարդակի հանդիպում Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև:
1993-ի օգոստոսին Ադրբեջանի ՊՆ նախարարն ու Արցախի ՊՆ նախարարը՝ Սերժ Սարգսյանը, ստորագրում են լոկալ հրադադարի պայմանագիր: Այսինքն ԼՂ սուբյեկտայնությունը ընդունվել է Ադրբեջանի կողմից»:
«ՉԻ». Մենք պատահական չենք այսքան ծավալուն մեջբերում արել ԱԺՄ նախկին անդամի ելույթից: Քանի՞ անգամ է շեշտում Արցախի միջազգային սուբյեկտայնության, բանակցային լիիրավ կողմ լինելու, կոնֆլիկտը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև լինելու մասին, ու այդ ամենը հիմնավորում 1991, 1992, 1993 թվականներին ձեռք բերված պայմանավորվածություններով, պայմանագրերով, միջազգային բանաձևերով:
Այսինքն՝ մարդիկ ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեր ունեցած բոլոր դիվանագիտական ձեռքբերումները եղել են բացառապես էն իշխանությունների օրոք, որին ամենաշատն են համարում պարտվողական, հանձնողական ու էլի լիքը որակումներ: Հակառակ դեպքում գոնե մի հատ էլ փաստ, փաստաթուղթ, պայմանագիր, բանաձև, մի բան էլի, կներկայացնեին, որ եղել է 1998-ից հետո: Գոնե մի հատիկ: Չկա:
Ահա այսպես են մսխվել մեր դիվանագիտական հաջողություններն ու ձեռքբերումները: Այն աստիճան, որ հիմա սենց հաճելի հուշերի տեսքով են նշում: