«Ռոբերտ Քոչարյանը փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարություն վերցնելը»:
Ուշագրավ պնդման հեղինակը մեդիափորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն է:
«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանը ոչ թե պետք է փնտրի այն մարդկանց, որոնք փողը վերցնելով՝ չեն ընտրել իրեն, այլ նման «փորձագետների»: Բռնի ու փորձի հասկանալ՝ հեգնո՞ւմ են իրեն, թե՞ միտումնավոր փորձում են իրեն պահել անգիտության թմբիրում: Դա անում են միայն հանուն սեփական գրպանի՞, թե՞ կան նաև ուրիշ պատճառներ:
Փողոցը մեկ ժամով չեն վերցնում: Փողոցը չեն վերցնում ստիպողաբար բերված ցուցարարներով: Փողոցը չես կարող պահել 350 կմ հեռավորությունից բերված մարդկանցով: Մի անգամ կարող ես, երկրորդ անգամ՝ դժվար: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ ընտրություններից 4 օր է անցել, բայց փողոցը վերցրած Քոչարյանի աջակիցները, չգիտես ինչու, դուրս չեն գալիս փողոց:
2008 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հավաքել էր 21 տոկոս, բայց հաջորդ օրերին տասնյակ հազարավոր մարդիկ էին ամեն օր փողոց դուրս գալիս մինչև այն պահը, երբ ներկայիս «փողոցների տիրակալը» աննախադեպ ուժ կիրառեց: 2018 թվականին Սերժ Սարգսյանը ընտրվել էր վարչապետ, բայց մարդկանց դա առանձնապես չէր հուզում, և նրանք շարունակեցին մնալ փողոցներում այնքան, մինչև Սարգսյանը հասկացավ, որ ինքը սխալ է:
Այս օրինակներից հետո միայն փիղը կամ ջայլամը կարող է պնդել, թե Քոչարյանը վերցրել է փողոցը: