...

Տեղեկատվական հանքի գեներալները

Տեղեկատվական հանքի գեներալները

Բլոգեր Տիգրան Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են հեղինակազրկել ԱԱԾ-ն, իսկ դա արվում է տրվող հանձնարարականներով ու տեղեկատվական գրոհով։

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի երբեմնի սազանդարից դժվար էր այլ միտք ակնկալել: ԱԱԾ-ին հնարավոր չէր այնպես հեղինակազրկել, ինչպես՝ Քոչարյանի օրոք, երբ հատուկ ծառայությունների աչքի առջև կազմակերպվեց և իրականացվեց հոկտեմբերի 27-ի սպանդը: Հեղինակազրկումը դա էր: 

Իսկ ինչ վերաբերում է տեղեկատվական գրոհին, այստեղ մենք երևի տարբեր հայաստաններում ենք ապրում: Միացնում ենք հեռուստացույցը և հերթով փոխում ալիքները.

  • ահա Քոչարյանի համար «պերեվառոտ» անող անձի ալիքը. եթերով միայն իշխանությունները տապալելու մասին են խոսում, հերթով բոլորին հայհոյում են,
  • ահա Armnews-ը. առավոտից երեկո քարոզչական տեռոր, «սորոսական» թեմայի վրա են նստած,
  • Անժելա Թովմասյանն է ապօրինի իշխանություններին հայհոյող հերթական հյուրի հետ «գյալաջի» անում,
  • «Երկիր Մեդիան» ՀՅԴ գաղտնի շրջաբերականներն է կյանքի կոչում, Քոչարյանի հերոսական կյանքն է ներկայացնում... ու այսպես շարունակ:

Որ ալիքը միացնում ես, լսում, պարզվում է, Հայաստանում բռնապետություն է, Արցախը վտանգի տակ է, Նիկոլը հոգեբույժի կարիք ունի և այլն: 

Սա երևի այս բլոգերի պատկերացմամբ օբյեկտիվ ու արդար տեղեկատվությունն է, իսկ Քոչարյան-Միշիկ տանդեմին չպատկանող մի քանի կայքերի գործունեությունը՝ տեղեկատվական գրոհ: Մենք դեռ չենք խոսում այն տասնյակ կայքերի մասին, որոնք վերջին շրջանում հագեցած տեխնիկայի վերջին խոսքով, TV-ներ են բացել, ստուդիաներ ու այնպիսի քարոզչական պատերազմ են տանում իշխանությունների դեմ, որ 1990-ականների դաշնակցական քարոզչական տեռորը մանկական խաղ ու պար կարելի է համարել:

Լավ է, էլի. փողի վրա նստած, բարոյական սահմանների խնդիր էլ չունենալով, քարոզչական պատերազմի բոլոր սահմաններն անցնելով, մի բան էլ իրենք են խոսում տեղեկատվական գրոհից: 

Մեծ հաշվով, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք այդպես էլ եղել է. հեռուստատեսային ամբողջ դաշտը իրենցն է եղել, բոլոր ռադիոհաճախականություններն իրենցն է եղել, կայքերի 70-80 տոկոս, մենակ մի քանի թերթ ու կայք չեն վերահսկել: Դա է եղել նրան պատկերացրած խոսքի ազատությունը, որը պաշտպանելու համար տարիներ շարունակ այդ մի քանի ընդդիմադիր թերթ ու կայքին տեռորի էին ենթարկում, փակում, ծեծում: Մի օր այս «փիղ» կտրած տղուն հարցրեք. քանի՞ անգամ ես «Ա1+»-ի համար փողոց դուրս եկել, ակցիայի մասնակցել, «ՀԺ»-ի համար բողոքի ձայն բարձրացրել, կամ մի հատ ստատուս գրել, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչների մուտքը հեռուստաեթերում արգելված: Ավելին, իշխանությունների պատվերով դատի էր տալիս «Չորրորդ իշխանությանը», վիզ էր դրել, որպեսզի թերթը փակվի, բայց եթե Ռոբերտ Քոչարյանն էր վիզ դրել ու բան չստացվեց, նրա մանկլավիկների փորձերը առավել ևս անհաջողության էին դատապարտված:

Մի հատ Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդում է եղել, որտեղ բացի Աշոտյանից ու Շարմազանովից, մեկ-մեկ էլ ընդդիմադիր դեմքեր էլ կարելի էր տեսնել: 

Ահա այսպես են տեղեկատվական հանքի հերոսները պայքարում, ինչպես ասում են՝ бойцы невидимого фронта:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ