...

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Նախընտրական քարոզարշավը սկսվել է, և մենք սիրով քաղաքական ուժերին առաջարկում ենք քարոզչական հոլովակների սցենարներ։ Մեզ էլ ինչ կտաք՝ կտաք։ Եվ այսպես։

Քաղաքացիական պայմանագիր

Արար 1. Երևանյան բակ։ Մթերային խանութ։ Դռան վրա, «Տեղական մսամթերք, Իջևանի թարմ խոզ» գրության կողքին փակցված է «Իմ քայլի» գովազդային պաստառը, որի վրա գեղեցիկ մի թիթեռ է նստել (խոշոր պլան)։ Խանութի դիմաց մի քանի շքեղ մեքենաներ են կանգնում, թիկնապահները դուրս են գալիս մեքենաներից ու շրջապատում խանութը, իսկ նրանցից մեկը զգուշորեն բացում է դուռը (որ թիթեռնիկը չթռչի), ու Նիկոլը մտնում է խանութ (քայլերը՝ հանդիսավոր, կոշիկները՝ խոշոր պլանով)։ Ներս է մտնում, մոտենում վաճառասեղանին ու ինչ-որ բան հարցնում, ապա գրպանից հանում է դրամապանակն ու շփոթված նայում՝ դրամապանակում ընդամենը մի ճմրթված հազարանոց է։ «Նիսյայով կտա՞ք, Աշոտիկս մի քանի օրից աշխատավարձ է ստանալու», ասում է վաճառողուհուն, ու մինչ սա, հիացմունքից պապանձված, նայում է իրեն, ինքը հեռախոսով զանգում է․ «ալո՛, Աննա՞, ի՞նչ էղավ, էն 200 հազար դրամ վարկը հաստատեցի՞ն», և պատասխանը լսելով՝ թեթևացած շունչ քաշում․ «որ տենց ա՝ կես կիլո էլ պեչենի տվեք»։ «Վայ, ի՞նչ եք ասում, պարոն վարչապետ, մենք Ձեր կողքին ենք», վերջապես ուշքի գալով՝ ծղրտում է վաճառողուհին, «խնդրում եմ մեզ մենակ չթողնեք», խորքի սենյակից լսվում է պահեստի բանվորի կերկերուն ձայնը, «մենք ադնակլասնիկով դրուզյա ենք», ուշաթափվելուց առաջ հասցնում է շշնջալ կաթնամթերքի բաժնի տիկինը․․․ Նիկոլի աչքերն ուրախությունից փայլում են (որպեսզի փայլը բնական լինի՝ օպերատորի օգնականը նրան հեռվից մի կտոր չալաղաջ է ցույց տալիս, բայց՝ այնպես, որ կադրում չերևա)։ «Ապագա կա՛ ապագա», աչքերը պսպղացնելով ժպտում է Նիկոլը․․․

Արար 2: Պատկերը փոխվում է։ Սահմանամերձ գոտի։ Ձյունապատ լեռներ։ Նիկոլը թախծոտ հայացքով նայում է հեռուն։ Աչքերի անկյուններում արցունքի երկու կաթիլներ են հայտնվում։ (Խոշոր պլան։ Որպեսզի վիշտը բնական ստացվի՝ օպերատորի օգնականը չալաղաջի կտորը կծում ու մի կողմ է շպրտում, բայց՝ այնպես, որ կադրում չերևա)։ Հեռվում՝ սարի գագաթին, երևում է Ադրբեջանի դրոշը։ Բայց Նիկոլի փողկապը եռագույն է։ Քամին ծածանում է նրա փողկապը, ու կադրում դա ավելի մեծ է երևում, քան Ադրբեջանի դրոշը։ Կադրը կանգնում է։ Էկրանին խոշոր տառերով գրվում է «Ապագա կա՛ ապագա»։

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ