«Ես ուզում եմ ավելի բացել թեման՝ ՍԴ այս որոշումը Ն. Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաև, այնպես՝ ինչպես հաջորդ կամ հաջորդի հաջորդ երկրի ղեկավարների։ Եթե այսօր ոտնահարվեց ՍԴ այս որոշումը ու Ռ. Քոչարյանը անհապաղ ազատ չարձակվեց, ապա վաղը երկրի հաջորդ ղեկավարների համար չի գործելու որևէ երաշխիք։ Իսկ դա պետության համար ամենավատ ավանդույթը կլինի»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակից Էլինար Վարդանյանը:
ՉԻ. Իհարկե, պետք է գնահատել տիկնոջ անկեղծությունը: Քոչարյանի որոշ աջակիցների նման չի վիճարկում Քոչարյանին մեղսագրվող արարքները, այլ միանգամից գործարք է առաջարկում գործող իշխանությանը: Քոչարյանին ազատեք պատասխանատվությունից և դուք էլ ազատ կլինեք հնարավոր հանցագործություն կատարելու դեպքում:
Պետության համար ամենավատ ավանդույթը կլինի ներքաղաքական խնդիրները լուծելու համար բանակն օգտագործելը, քաղաքացիների վրա կրակած անձանց չբացահայտելը և չպատժելը: Պետության համար ամենավատ ավանդույթը կլինի չհետաքննելը՝ պետության ղեկավարը ինչպես է դարձել միլիարդատեր, վերցրե՞լ է կաշառք Սիլվա Համբարձումյանից, թե՞ ոչ: Պետության համար ամենավատ ավանդույթը կլինի, եթե պետության ղեկավարը հասկանա, որ կարող է կատարել ենթադրյալ հանցագործություն, ապա օգնության կանչի օտար պետության ղեկավարին: Ի վերջո, պետության համար ամենավատ ավանդույթը կլինի, եթե պետության ղեկավարը իմանա, որ իրեն անունով կոչելու դեպքում, ինքը ազատ է տնօրինելու այդ մարդու ճակատագիրը և ինքը դրա համար չի կրելու պատիժ:
Պետության ամենավատ ավանդույթին պետք է վերջ դրվի, երբ քաղաքական գործիչները հանրության շահերը սպասարկելու փոխարեն, սպասարկում են առավել վճարունակ մեղադրյալների շահերը: