...

Քոչարյանի մի մեղքի մասին էլ

Քոչարյանի մի մեղքի մասին էլ

Արցախի ՊԲ մամլո նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր...»: Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր... Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես... 

Ապշում ես ոչ միայն նրա համար, որ տասնամյակներ անց մեր ազգային գիտակցությունը նորից հետ է շպրտվել նախորդ դարի երկրորդ կեսերի մակարդակ, այլև որ մի քանի տականքների ապազգային քաղաքականության արդյունքում մենք հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը տասնամյակներով, իսկ գուցեև դարերով՝ երազում էր մեզ թելադրել մեր թշնամին»:

Բավական կարևոր թեմայի է անդրադառնում Սենոր Հասրաթյանը: Իսկապես, նկատել ենք, որ վերջին շրջանում արցախցիների հանդեպ սոցցանցերում հաճախակիացել են բացասական գրառումները: Շատերը բավական լկտի արտահայտություններ են անում արցախցիների և Արցախի մասին, ինչը քաղաքական տհասության դրսևորում է: Բայց եթե «ա»-ն ասվում է, եկեք «բ»-ն էլ ասենք:

Կոնկրետ Սենոր Հասրաթյանին ուղղակի հիշեցնենք, որ նա պետք է ապշեր ոչ թե հիմա, այլ 2018-ին, երբ Արցախի խորհրդարանում Ժաննա Գալստյանը Հայկ Խանումյանին «գյալմա» անվանեց: Ուզում ենք ասել, այս հոռի երևույթը միայն Հայաստանին չէ բնորոշ:

Բայց մենք այլ հարցի ենք ցանկանում անդրադառնալ. իսկ ընդհանրապես, որտեղի՞ց առաջացավ հայաստանցի-ղարաբաղցի այս անջրպետը, բաժանումը:

Ռոբերտ Քոչարյանին շատ բաներում են մեղադրում. իշխանազավթում, «Պապլավոկ», հոկտեմբերի 27, մարտի 1, տասնյակ սպանություններ, տնտեսության մոնոպոլիզացում: Բայց նրա ամենամեծ մեղքերից մեկի մասին քիչ է խոսվում. այն, որ հենց ինքը շրջանառության մեջ դրեց հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը: 1998 թվականից հետո այս տարանջատումը սիստեմատիկ կերպով խորացրել է: Ղարաբաղյան կլան հասկացությունը հո օդից չառաջացա՞վ: Իր ստեղծած կլանն էր, որը աստիճանաբար իր ձեռքում կենտրոնացրեց Հայաստանի քաղաքական, տնտեսական, ֆինանսական ռեսուրսների զգալի մասը, որը անպատժելիության բացառիկ իրավունքներ ուներ: 

Հիշո՞ւմ եք այն տարիների անեկդոտը. երբ NKR համարներով մեքենան հետևից գալիս, խփում է հայաստանցու 06-ին, «գայիշնիկները» գալիս, տեսնում են NKR համաները, 06-ի վարորդին ասում են. դե հլը պատմի, ո՞նց զադնի տվեցիր, ո՞նց խփեցիր էս գյոզալ ավտոյին: Հենց այնպես չէր այդ անեկդոտը հայտնվել: Դա Քոչարյանի հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման արտացոլանքն էր: Չասենք, էլի, թե Քոչարյանը պաշտոնները, տնտեսության յուղոտ պատառները ում և ինչ սկզբունքով էր բաժանում: Չասենք էլի, թե իր նշանակած յուրային ոստիկանապետերը ինչպիսի առանձնակի դաժանությամբ էին խոշտանգում մարդկանց: Նվեր Հովհաննիսյանի օրինակը հերիք է:

Ու նման կլանային քաղաքականությունը, վարք ու բարքը տարիների ընթացքում չէր կարող նստվածք չտալ մարդկանց մոտ: 

Մենք վերջերս անդրադարձանք այն թեմային, թե խորհրդարանական այս քարոզարշավի վերջին օրը Քոչարյանի հրավիրած հանրահավաքը ինչ հակառակ էֆեկտ ունեցավ և ինչպես ազդեց հանրության մեծամասնության քվեարկության վրա: Պատճառներից մեկը նշել էինք. որ ինչքան թաղային խուժան կար, հանցագործ, ընտրակեղծիքների մեջ վարպետացած, սաղին հավաքել, բերել էր Հրապարակ: Բայց մի ուրիշ պատճառ էլ կար. որ Ստեփանակերտից մի քանի հազար հոգու էլ էր բերել՝ քաղաքապետով, բանով: Բա սրա վրա էլ պետք է ապշել: Սա հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում չէ՞: Սա տեսնողը ի՞նչ պետք է մտածեր:

Եվ վերջում. իսկ գիտե՞ք, թե Քոչարյանի այդ հրավիրած հանրահավաքում ինչու էին մեծ թիվ կազմում քրեական աշխարհի ներկայացուցիչները և Արցախից եկածները. որովհետև ինքն ուրիշ հենարան Հայաստանում չունի: Եվ չի ունեցել. ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին, ոչ էլ՝ 2008-ին: Դրա համար էլ ղարաբաղյան կլան էր ստեղծել, որպես իր միակ ու հուսալի հենարան: Ու դրա հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ