...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Գնացել է Մոսկվա: Պաշտոնական հանդիպում պիտի ունենա Պուտինի խորհրդականի երրորդ օգնականի չորրորդ քարտուղարի հետ: Հերթագրվում է, ընդունարանում սպասում է: Մեկ էլ ներս է մտնում Միքայել Հարությունյանը:

«Վա՜յ, Ռոբերտ ջան»,- բացականչում է Միքայելը ու ողջագուրվում հետը:

«Ո՞նց ես, ո՞նց»,- հարցնում է գեներալը: «Է՜հ,- հոգոց է հանում ինքը,- էնքան էլ լավ չեն գործերս»:

«Վա՜հ, ի՞նչ ա եղել,- զարմանում է գեներալը,- «Մարտի 1»-ի գործը չջրեցի՞ն»: 

«Հա, էդ ուլադիտ արինք»,- պատասխանում է ինքը:

«Դաշնակներին քեզանով չարի՞ր»: 

«Հա, դրանց հարցն էլ լուծեցի»: 

«Բա էլ ի՞նչ խնդիր ունես»,- հարցնում է Հարությունյանը:

«Էդ Սյունիքում խառը վիճակ է: Դրա պատճառով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ակցիաների կուրսն ընկել է: Շատ վատ ա: Եկամուտները պակասել են: Դեմս ընտրություններ են, հազար ու մի ծախս կա, մենակ 12 հազար հատ ստոլբի պաստառ պիտի փակցնենք: Շենքերիցս մեկն արդեն ծախել եմ, որ ֆեյքերին պահեմ»:

«Հա՜, լավ չի, լավ չի»,- ծոր է տալիս գեներալը,- բա հիմա ինչի՞ ես եկել»:

«Դե եկել եմ, որ ստեղ մի հատ ֆոտոսեսիա անեմ, տանեմ Երևան, ցույց տամ, որ Կրեմլին մոտ կանգնած շրջանակների հետ եմ հանդիպել: Ընտրություններ են, պետք կգա»:

Պատկերը փոխվում է: Ինքն Արբատով անցնում է, ոստիկանները՝ տեսնելով, որ ասիական դիմագծերով է, մոտենում, փաստաթղթերն են պահանջում: Ինքը գրպանից մի տեղեկանք է հանում, ցույց տալիս: Այնտեղ գրված է, որ ինքը վերջին 10 տարին Ռուսաստանում մշտական բիզնես է ունեցել: «Չէ,- գլուխն օրորում է ոստիկաններից մեկը,- էս քիչ է, անձնագիրդ ցույց տու»: 

Ինքը նեղսրտած անձնագիրն է ներկայացնում: Ոստիկանները նայում, մնում են զարմացած. անձնագրում նշված է, որ ծնվել է Սովետում, մեծացել Ադրբեջանում, աշխատել Արցախում, հարստացել Հայաստանում, թոշակի գնացել Ռուսաստանում: «Էս շատ կասկածելի է, քեզ տանում ենք բաժին»:

«Ի՞նչ բաժին, չեմ գալիս, Կրեմլ եմ գնում, դուք գիտե՞ք, ես ով եմ»,- զայրացած պատասխանում է ինքը, սկսում դիմադրել, բայց ոստիկանները նրան անզգույշ քաշքշելով մտցնում են «կուտուզկա»:

Արթնանում է Պուտինի խորհրդականի երրորդ օգնականի չորրորդ քարտուղարի հինգերորդ տեղակալի ընդունարանում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ