...

Ռուս պաշտոնյան՝ մեր պետության ողբալի վիճակի մասին

Ռուս պաշտոնյան՝ մեր պետության ողբալի վիճակի մասին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է. «Ես հայերին ասել եմ, որ այդ դո՛ւք չեք մեր դաշնակիցները, մենք ենք ձեր դաշնակիցները: 

Մենք ձեզ փրկել ենք և՛ թուրքական ոճիրի ժամանակ, փրկում ենք և հիմա: Որտե՞ղ կլինեիք… պետք է ազնիվ լինել:

Այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար, որը չեք ճանաչել, դուք նույնիսկ Ղարաբաղը չեք ճանաչել»: 

«ՉԻ». Ժամանակին, այսինքն՝ 2005 թվականին, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:

Մենք հիշում ենք, թե այդ արտահայտությունն ինչ աղմուկ բարձրացրեց. Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման կոչեր հնչեցին, քաղաքական և քաղաքացիական մի շարք ուժեր պահանջեցին, որ Գրիզլովը ներողություն խնդրի կամ պարզաբանի ասածները: Իհարկե, քոչարյանական իշխանությունը ձայն չհանեց, գերադասեց լռել, հնարավոր է՝ Քոչարյանը միայն ուրախ էր, որ Հայաստանը դարձնում է Ռուսաստանի ֆորպոստ, բայց, բոլոր դեպքերում, շուխուրը մեծ էր:

Իսկ հիմա ընդհանրապես ծպտուն չկա: Դաշնակներն ու այլ հինավուրց ուժերը զբաղված են Եվրախորհրդով, իշխանություններն էլ պատրաստվում են տոնել իրենց մանդատավոր հաղթանակը: 

Մինչդեռ այս խոսքերի հեղինակը պատահական մարդ չէ, ռուսական խորհրդարանի հանձնաժողովի նախագահ է: Ու ձեզ ասենք՝ եթե նա իմանար, որ նման հայտարարությունները կարող են ալեկոծել Հայաստանի քաղաքական դաշտը, հարուցել ընդդիմության և իշխանության զայրույթը, հաստատ նման բան չէր ասի: Բայց նա տեսնում է, թե ինչ է կատարվում այստեղ: Ու նման հայտարարությունը առաջին հերթին ցույց է տալիս մեր պետության ողբալի վիճակը, եթե նրա մասին այսպիսի անթաքույց արհամարհանքով ու հեգնանքով են խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ