...

Դիվանագիտական անկարողության խոստովանություն

Դիվանագիտական անկարողության խոստովանություն

«ՀԱՊԿ-ի մտնելն այդ կոնֆլիկտի մեջ կլիներ հանցագործություն: Այդ պատճառով այդ խոսակցությունները պետք է ավարտվեն: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ՀԱՊԿ-ին ներգրավել այդ կոնֆլիկտի մեջ, թող իմանա, որ դրանով երբեք որևէ հաջողության չի հասնի: ՀԱՊԿ-ի անդամ երկրները հիանալի գիտեն, թե ինչու են անդամակցում այդ կառույցին: Հիմարություն է մտածել, թե ՀԱՊԿ-ը կպատերազմի Ադրբեջանի հետ: Ոչ մեկը չի գնա այդ քայլին: Մոռացեք այդ մասին»:

Ահա այսպիսի տեսակետ է հայտնել Ռուսական Դումայի ԱՊՀ երկրների հետ աշխատանքների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ադրբեջանական АПА գործակալության հետ զրույցում:

«ՉԻ». Սա ոչ այլ ինչ է, քան անկարողության հրապարակային խոստովանություն:

Այսինքն՝ ռազմական դաշինքի անդամ պետություններից մեկը կարող է ենթարկվել հարձակման, բայց կազմակերպությունը ոչինչ չի անի: Այդ դեպքում, լրիվ լեգիտիմ հարց է առաջանում. ինչո՞ւ է մեզ պետք այդ կառույցը: Գուցե երկու անգամ անդամակցենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին կամ հուշարձանների պահպանման ինչ-որ միջազգային կառույցի:

Հետո էլ Ռուսաստանում զարմանում և բողոքում են, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր բարձրաձայնում են Հայաստանի՝ այդ կառույցին անդամակցելու նպատակահարմարությունը:

Էլի կարելի էր հանգստացնել Ադրբեջանին, բայց ոչ սեփական անկարողության խոստովանության գնով:

Տարիներ առաջ բացահայտվեց, որ ԵԽԽՎ շատ պատգամավորներ ընդգրկված են եղել խավիարային դիվանագիտության մեջ: Ռուսական հատուկ ծառայությունները, զուտ հետամուտ լինելով իրենց երկրի ազգային անվտանգության խնդիրներին, պետք է հետաքննություն անցկացնեն և հասկանան, թե Ռուսաստանում արդյոք չկա՞ն պատգամավորներ, որոնք, ստորադասելով իրենց երկրի շահերը, սպասարկում են օտար երկրների շահերը: Կալաշնիկովը առաջիններից մեկը պետք է ենթարկվի վեթինգի:

Իսկ եթե ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ և չի պատրաստվում պաշտպանել անդամ պետություններին ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում, ճիշտ կլինի այն լուծարել և դարձնել ԵԱՏՄ ստորաբաժանումներից մեկը: Ստորաբաժանում, որը կզբաղվի անդամ պետություններին հարմար գներով ռազմամթերք վաճառելու հարցերով: Այդպես ավելի ազնիվ կլինի, և ոչ մեկը հավելյալ հույսեր չի կապի ու խնդիրներ չի ստեղծի մյուսների համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ