...

Չեղած տեղից «ավագ եղբայր» հորինելու հետևանքները

Չեղած տեղից «ավագ եղբայր» հորինելու հետևանքները

Եվ այսպես, Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել մեզ օգնություն տրամադրելու հարցը։ Իհարկե՝ այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը «իրեն կոտորում էր» Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար, ու եթե հարցը մնար օրակարգում՝ գերժամանակակից սպառազինությամբ բեռնված ինքնաթիռներն ուր որ է վայրէջք էին կատարելու «Էրեբունի» օդանավակայանում, բայց համաձայնվեք՝ խռոված երեխայի կեցվածքն է՛լ մի բան չէ։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե ումից ես խռովում։ Արտաքին քաղաքականության ոլորտում էմոցիաներով առաջնորդվելը մանկամտություն է և որպես կանոն՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Բայց հանրության աչքում մեր էմոցիաներն արդարացված են․ չէ՞ որ ռուսները մեզ դավաճանեցին ու շարունակում են դավաճանել։

Այսօրինակ ընկալման արմատները, ցավոք, բավականին խորն են։ Բանն այն է, որ երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ու փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանն ու Ադրբեջանն անկախացան, պատերազմը շարունակվեց արդեն այլ կանոններով, ու մենք հաղթեցինք։ Բայց դրան հաջորդած տարիներին մեր հանրային գիտակցության մեջ կամաց-կամաց ներդրվեց այն միտքը, թե Ադրբեջանի թիկունքին իր «ավագ եղբայր» Թուրքիան է, մեր թիկունքին՝ մեր «ավագ եղբայր» Ռուսաստանը, հետևաբար՝ անհանգստանալու բան չկա, մեր «ավագ եղբայրը» թույլ չի տա, որ մեզ նեղացնեն, իսկ եթե նա այդքանը չհասկանա՝ Զորի Բալայանը կբացատրի, ու ամեն ինչ տեղը կընկնի։ Այդ ընկալումը միայն մասամբ էր ճիշտ, որովհետև Ադրբեջանի թիկունքին իսկապես էլ «ավագ եղբայր» Թուրքիան էր, իսկ մեր թիկունքին ոչ մի «ավագ եղբայր» չկար։ Բայց մենք մեզ համար «ավագ եղբայր» հորինեցինք, ինքներս մեզ համոզեցինք, որ նա մեզ ինչ-որ բաներ է խոստացել, ու անգամ այնտեղ հասանք, որ մեր իսկ ձեռքով մեր տարած հաղթանակը նրանց վերագրեցինք՝ իբր «ի՞նչ եք հեքիաթներ պատմում, ռուսները չլինեին՝ առռըս թե կհաղթեինք» (ընդ որում՝ այդպես էին ասում նաև նրանք, ովքեր պիտի որ հիշեին, թե ինչպես հայաթափվեցին Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը)։ Ու քանի որ մենք արդեն մեզ համար «եղբայր» էինք հորինել՝ բնականաբար, նրա ցանկացած «ոչ եղբայրական» քայլ պիտի որպես հարազատի դավաճանություն ընկալեինք ու խռովեինք՝ ինչպես հարազատից են խռովում։ 

Այս մանկամտությունն այնքան խորն էր արմատավորված, որ Արցախի վերջին իշխանություններն ու ժողովուրդը սթափվեցին միայն սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ երբ ադրբեջանցիներն արդեն «ռուս խաղաղապահների եղբայրաբար մտահոգ հայացքի ներքո» հասել էին Ստեփանակերտի մատույցներին։ Մինչդեռ առողջ բանականությունը պահանջում էր (ու հիմա էլ պահանջում է) հասկանալ, որ մեծ քաղաքականության մեջ «եղբայրական հարաբերություններ» չկան, հետևաբար՝ չկա նաև դավաճանություն, կա ընդամենը իրավիճակի ճիշտ կամ սխալ գնահատում, ճիշտ կամ սխալ հաշվարկ, ճիշտ կամ սխալ քայլեր, ու վայ սխալվողին։ Եվ հենց այս տեսանկյունից էլ պետք է դիտարկել ՀԱՊԿ-ի (իրականում՝ Ռուսաստանի) դեմ Հայաստանի դեմարշը։ Խնդիրն այն չէ՝ իրենց «հասնո՞ւմ է», թե ոչ, խնդիրն այն է, թե ի՞նչ «կհասնի» դրանից Հայաստանին, մենք դրանից ավելի շատ կշահե՞նք, թե՞ կտուժենք։ 

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները նման հաշվարկ կատարել են։ Եթե կատարել են ու եզրակացրել, որ ռուս-թուրքական բացահայտ նախազգուշացումներն ու սպառնալիքները «բլեֆ» են, և պետք է ընդամենը «դուխ ունենալ» ու չենթարկվել նրանց շանտաժին, ապա այդ եզրակացությունը կարող է և սխալ լինել, ընդ որում՝ ճակատագրական սխալ (այնպես, ինչպես սխալ էր մինչև 44-օրյա պատերազմն արված այն հաշվարկը, թե իբր կարելի է անվերջ ձգել ստատուս-քվոն, որովհետև ռուսները, միևնույն է, նոր պատերազմ թույլ չեն տա)։ Բայց ավելի հավանական է, որ իշխանությունները ոչ մի հաշվարկ էլ չեն արել։ Որոշել են առաջնորդվել էմոցիաներով ու «դուխով»։ 

Ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ ուրեմն մեր ճակատին էլ դա էր գրված։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ