...

Լավ չի ստացվում

Լավ չի ստացվում

Ռուսաստանն այս օրերին խիստ քննադատության է ենթարկում Հայաստանին՝ հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու համար: Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը այդ զորավարժությունները մտահոգիչ է համարում, գտնում է, որ ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում դա հակասում է Ռուսաստանի շահերին:

Բայց այստեղ պետք է մի բան հիշեցնել. ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ ագրեսիայի արդյունքում հայկական կողմը ավելի քան 220 զոհ ունեցավ, ինչպես նաև տարածքային կորուստներ:

Ռուսաստանը որևէ քայլ չի ձեռնարկել այս ագրեսիան կանխելու կամ դրա հետևանքները վերացնելու համար: Հայտարարել է, թե խնդիրը չճշտված սահմաններն են, կարող են դիտորդներ ուղարկել, տեսնեն՝ ինչ են անում: Բայց ռազմական օգնության մասին խոսք չի եղել, թեպետ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ընդ որում, մինչև հիմա էլ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ բան չի արել: 

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ մի քանի տասնյակ հոգանոց զորավարժությունները Ռուսաստանին ավելի շատ են մտահոգում, քան ՀԱՊԿ անդամ երկրի դեմ ռազմական ագրեսիան ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի կողմից:

Այստեղ զուտ փաստերն ենք շարադրում: Պարզ է, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, տարածաշրջանային շահեր, քաղաքականություն է, կողմերն իրենց շահերն են հետապնդում, Ռուսաստանը չի կարող հանգիստ հետևել իր կենսական շահերի ոլորտ հանդիսացող երկրում թիվ մեկ հակառակորդի մասնակցությամբ զորավարժություններին: 

Բայց կա մեկ այլ իրողություն, որ հենց այս ագրեսիայից և դրան հետևած ռուսական արձագանքից հետո Հայաստանում սկսվեցին հակառուսական տրամադրություններ գեներացվել:   

Այո, մերոնց բազմաթիվ էշություններին դեռ էլի կանդրադառնանք, բայց վերոհիշյալ իրողություններն էլ Ռուսաստանը պետք է հաշվի առնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ