...

«Պատերազմի խաչմերուկ»

«Պատերազմի խաչմերուկ»

Ֆորպոստից մինչև ետնաբակ

Բա հիմա ի՞նչ եք անելու. շաբաթն ավարտվում է նրանով, որ ավարտվում է հայ-ռուսական հարաբերությունների 30-ամյա պատմությունը: 

Մի անգամ Փաշինյանը գնաց Եվրոպա, Ալիևի հետ հանդիպեց, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, Արցախը դատարկվեց: Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն էլ իմաստազրկվեց: Մեծ հաշվով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու առաջին խոշոր արարն իրականացվեց:

Այս անգամ Փաշինյանը գնաց Եվրոպա ու հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին: Սա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու երկրորդ խոշոր արարն էր:

Մինչ Ռուսաստանը բացատրություն է պահանջում, թե էս ի՞նչ հաշիվ է, Ֆրանսիայի հետ սկսվել է սիլի-բիլիի գործընթացը, Մակրոնը հայտարարում է, որ սրանից հետո տիրություն է անելու Հայաստանին: 

Իսկ Ռուսաստանին պետք է տշել: Հետաքրքիր է, որ տարիներ շարունակ Հայաստանը համարվում էր տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստը, ինչպես մի անգամ հայտարարեց ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովը, իսկ հիմա սարքել են Ռուսաստանի ետնաբակ: Այդպես էր որակել Politico պարբերականը, որը գրել էր, թե «Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանի հետ զենքի մատակարարման գործարքների միջոցով»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նույնիսկ արձագանքեց այս հրապարակմանը՝ X-ի իր միկրոբլոգում գրելով, թե «Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարում է Ֆրանսիան»:

Զելյոնկա է պետք

Ահա այսպես, աստիճանաբար Փաշինյանի իմաստուն քաղաքականության արդյունքում Հայաստանը վերածվում է գերտերությունների բախման թատերաբեմի: Բուն Հայաստանում են հարաբերություններ պարզելու, Հայաստանի, ՀՀ քաղաքացիների հաշվին: Թե ինչ գին ենք վճարելու այս արկածախնդրությունների համար, եկեք բան չասենք: Գուցե մնացել է թուլանալն ու հաճույք ստանալը: Խաղաղության խաչմերուկից էր ճամարտակում, բայց իրականում Հայաստանը դառնում է պատերազմի խաչմերուկ:

Արդեն ԱՄՆ-ն է պաշտոնապես յուղ լցնում կրակին: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»: Նույն ոճի հայտարարությամբ հաստատ հանդես կգա Ռուսաստանը, կասի, որ ԱՄՆ-ին, անգլոսաքսերին, Եվրոպային, Մակրոնին ընդհանրապես չեն հետաքրքրում Հայաստանի շահերը, այլ միայն Հայաստանի ձեռքով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Նման հայտարարությունները առաջիկայում շատ են լինելու: 

Սա էլ քիչ է, մի հատ էլ, որպես բոնուս, Հայաստան կարող է գալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ակնհայտ է, որ այս ամենը իրար հետ փոխկապակցված քայլերի շղթա է: Պատկերացնում ենք, եթե Զելենսկին գա, Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ինչեր են ասելու: 

Կանի, կանի

Այս տեմպերով շարունակվի, կարող է Հայաստանում դեռուսիֆիկացիա, դեպուտինիզացիա կամ այս կարգի մի բան էլ հայտարարվի: Հիմա դա անհավանական է թվում, բայց փոխկապակցված քայլերի շղթայում սա տրամաբանական օղակ է: Լենինգրադյան փողոցը վերանվանեն, Հայրենական պատերազմում աչքի ընկած հայ զորավարների հուշարձանները ապամոնտաժեն, պատմության գրքերից վերացնեն Հայկական ԽՍՀ-ի վերաբերյալ դրական նյութերը: Հայտարարեն, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի կողմից օկուպացված է եղել: Մի խոսքով, այն ամենը, ինչ տեղի է ունեցել Մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններում: 

Թատերաբեմ ենք դառնում, Փաշինյանի աննախադեպ նվաճումների շարքում սա կարող է վերջինը լինել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ