...

Աշխարհն աշխարհով, մենք՝ թանկագին Էմանուելով

Աշխարհն աշխարհով, մենք՝ թանկագին Էմանուելով

Ռուս-ուկրաինական պատերազմը փոխել է բազմաթիվ երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգերը։ Անընդհատ թարմացվող լրահոսի մեջ կարդում ենք չեղարկված թռիչքների, որոշ երկրներում հայտարարված ռազմական դրության, արտահերթ և հրատապ գումարվող անվտանգության խորհուրդների նիստերի մասին։ Հայաստանը այս թեմայով միայն մեկ հաղորդագրություն է տարածել։ Մասնավորապես՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է գտնվում Հայաստանի քաղաքացիների հետ։ Հայտարարությունում նշված է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի քաղաքացիները, որոնք դեռևս կապ չեն հաստատել դեսպանության հետ, կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ, և այլ անհրաժեշտ տեղեկություններ փոխանցել (+380442349005 +380671090506 +380689602524 +380685000782):

Կարևորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մոռացել շնորհավորական ուղերձ հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձն այսպես է սկսվում՝ «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել․․․»։ Այնուհետև Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Ծավալուն շնորհավորական ուղերձում նշված է․ «Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ»։ «Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,- եզրափակել է վարչապետը:

Իսկ «թանկագին Էմանուելի» գլուխը խառն է։ Ելիսեյան պալատի ղեկավարը՝ Էմանուել Մակրոնը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի որոշումը պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները»։ 

Գոհար Վեզիրյան
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ