...

Սերժ Սարգսյանի գործի հսկողությունից հրաժարված դատախազի հայրը Սերժ Սարգսյանի հնամենի կադրերից է

Սերժ Սարգսյանի գործի հսկողությունից հրաժարված դատախազի հայրը Սերժ Սարգսյանի հնամենի կադրերից է

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից: Ըստ թերթի` «դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասել է պարբերականի աղբյուրը: Թերթին ասել են նաև, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադևոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Հիմա պարզենք, թե ով է Հակոբ Թադևոսյանը, որն էլ մասնագիտական խղճի հետ ունեցած կռվի պատճառով, փաստորեն, ազատվել է գործից: Լավատեղյակ աղբյուրը մեզ հայտնեց, որ դատախազի հայրը Սամվել Թադևոսյանն է, որը ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Խոսքը ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Սամվել Թադևոսյանի մասին  է, որը 2012-ի ԱԺ ընտրություններից հետո զբաղեցրեց  Քաղաքաշինության նախարարի պաշտոնը. «յուղոտ» պորտֆելն այդ «փայ էր հասել» Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ին: Թադևոսյանի նախորդը ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն էր: «ՉԻ»-ն դեռևս 2012-ին անդրադարձել էր Թադևոսյանի անձին ու նրա գործունեությանը` բացահայտելով վերջինիս  «թաքնված տաղանդները»:  Ըստ այդմ` քաղաքական էլիտան Թադևոսյանին շատ վաղուց է ճանաչում` որպես հաջողակ գործարարի, որն իր աշխատանքային գործունեության հիմնական մասն անցկացրել է մաքսային և հարկային ոլորտներում` զբաղեցնելով ազդեցիկ պաշտոններ։ Ինչպես ՕԵԿ քվոտայով նախարարներ դարձած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը, այնպես էլ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը որևէ առնչություն չունեին ՕԵԿ-ի և նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ։ Նրանք Սերժ Սարգսյանի կադրերն էին, որոնք աշխատանքի էին «նշանակվել» ոչ թե Բաղդասարյանի, այլ բացառապես Ս. Սարգսյանի ցանկությամբ։ 

«Սամվել Թադևոսյանը 1995-1997 թվականներին աշխատել է Էջմիածին քաղաքի հարկային տեսչության պետ։ Այդ տարիներին Էջմիածնում հենց նա է հանդգնել կոտրել գեներալիտետի դիմադրությունը և «նալոգների» հավաքագրումը վերցնել իր ձեռքը։ Ավելին` Թադևոսյանն այդ տարիներին ունեցել է իր անձնական գրպանը մուծվող «գործարարների» թիմ։ Ամենակարկառուն ներկայացուցիչը եղել է Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, որն այդ տարիներին եղել է Էջմիածին քաղաքի ամենախոշոր հարկատուներից մեկը։ Վերջինիս բիզնեսից առաջացած հարկերը, սակայն, մեծ մասամբ համալրել են Թադևոսյանի գրպանի պարունակությունը։

Այնուհետև Սամվել Թադևոսյանին «լավ աշխատանքի» համար տեղափոխել են Երևան, և մասնավորապես` Երևանի Շենգավիթ համայնք։ 1997-1998 թվականներին վերջինս զբաղեցրել է Շենգավիթի հարկայինի պետի պաշտոնը։ Այս պաշտոնը, սակայն, փորձությունների մեջ է գցել մեր հրապարակման հերոսին։ Բանն այն է, որ վերջինս այն ժամանակ պարտադրել է իր հիմնական «զոհին»` Ճոյտին, Էջմիածնի գրանցումից դուրս գալ և իր հետ միասին գալ ու գրանցվել Շենգավիթ համայնքում, որպեսզի ինքը շարունակի միաժամանակ «տիրություն անել» Ճոյտին և «հաճույք ստանալ» նրա մուծումներից։ Այսպիսի մութ գործարքների և առաջարկների համար էլ Սամվել Թադևոսյանը շուտով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Իսկ այդ ժամանակ ԱԱԾ և ՆԳ նախարարը Սերժ Սարգսյանն էր, և հենց նրա անմիջական ցուցումով  Թադևոսյանի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում, և գործ է հարուցվում։ Այն ժամանակվա համար աստղաբաշխական գումար կաշառք տալով Թադևոսյանը մի կերպ խուսափում է պատասխանատվությունից (խոսքը 1 միլիոն դոլարի մասին է։ Այդ գումարը հավաքելու համար նրան տրվեց ընդամենը մի քանի շաբաթ և նա ստիպված էր վաճառել իր ամբողջ շարժական և անշարժ գույքը, այդ թվում՝ Լամբադա կամուրջի հարևանությամբ գտնվող 7 սենյականոց բնակարանը)։ 

Որոշ ժամանակ անց Սամվել Թադևոսյանը դարձյալ հայտնվում  է համակարգում` այս անգամ էլ արժանանալով պետեկամուտների նախարար, թաքնված օլիգարխ Անդրանիկ Մանուկյանի դիմադրությանը։ Մանուկյանն ամեն ինչ անում է, որպեսզի համակարգից հեռացնի «փողի գործով» իր հիմնական մրցակցին` Թադևոսյանին, որն այդ ժամանակ աշխատանքի է տեղավորված լինում Մանուկյանի նախարարության ներքին վերահսկողության ծառայությունում։

Մանուկյանին չի հաջողվում ազատել Թադևոսյանին այն պարզ պատճառով, որ վերջինս 6 ամիս շարունակ «բյուլետեն» է վերցնում` փաստացի մնալով իր պաշտոնին, սակայն չհաճախելով աշխատանքի։  Այնուհետև Անդրանիկ Մանուկյանը նշանակվում է կապի և տրանսպորտի նախարար` համակարգն ազատելով իր ներկայությունից։ Հետո գալիս է Արմեն Ավետիսյանը, և սկսվում է համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների  ծաղկման և բարգավաճման նոր ժամանակաշրջանը։  

Սամվել Թադևոսյանի գործունեության բուռն ժամանակաշրջանը համընկնում է Արմեն Ավետիսյանի պաշտոնավարման տարիների հետ։ Շուտով առանձնանում են հարկային և մաքսային ոլորտները, արդյունքում` Արմեն Ավետիսյանի ընկերը` Թադևոսյանը դառնում է մաքսայինի պետի տեղակալ, իսկ ավելի որոշակի` Ավետիսյանի ամենազորեղ «զամը»։ 

Հայաստանի Հանրապետություն ներկրվող լամինատի մեծ չափաբաժինն ու հարուստ տեսականին Սամվել Թադևոսյանի մենաշնորհն է։ Հենց նա է այդ ոլորտում մոնոպոլիստ։ Հիմա Թադևոսյանն ընդլայնել է իր բիզնես գործունեության ոլորտը և նաև շինանյութ է սկսել ներկրել։ Խոսակցություններ կան, որ «Նոր տուն» խանութների ցանցում նա ևս բիզնես շահեր ու հետաքրքրություններ ունի։ Բոլորովին վերջերս նա Դիլիջանում բացել է բավականին մեծ հյուրանոցային համալիր։ Կարելի է ասել` նրա հյուրանոցային համալիրն իր «աստղերով» և մեծությամբ Դիլիջանում առաջինն է։   

Հ.Գ. Երբ Սամվել Թադևոսյանը նշանակվեց նախարար, մամուլն ու էլեկտրոնային կայքերը` հղում անելով իրենց ՕԵԿ աղբյուրներին, նշեցին, որ Սամվել Թադևոսյանը նախարարի աթոռին հասել է «աճուրդի միջոցով»։ «Նախարարի աթոռի համար հենց Թադևոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը. մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել», արձանագրել են լրատվամիջոցները»,-գրել էր «ՉԻ»-ն իր 2012-ի հունիսի 27-ի համարում։

Այս ամենը վերհիշելով ու հաշվի առնելով ենթադրում ենք, որ այս  Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից «ձեռքերը լվացող» դատախազը ոչ թե գործի «ջուր» կամ «օդ» լինելու հանգամանքով է կաշկանդված եղել, այլ այսպես ասած` «շահերի բախման» պատճառով,  հոր` նախկին ռեժիմի շեֆի հետ ունեցած ընկերական և «առևտրային» կապերով:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   3408 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ