...

Սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

Սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 28-ին՝ «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկման ժամանակ, ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն դիտարկմանը, որ իշխող խմբակցությունը իրենց հենարանը պետք է լինի Ազգային ժողովում ու պաշտպանի իրենց նախագծերը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասել է. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, իշխող խմբակցությունը, այո, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև պառլամենտը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության։ Մեզանից յուրաքանչյուրն ընտրվել է ժողովրդի կողմից և իր ներկայացուցիչն է, ոչ թե կառավարության։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք»։

«ՉԻ». Մեծ հաշվով, սրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հեռուստացույցի պուլտը վերցրել ու սկսել է հերթով ալիքները փոխել. ում էկրանին տեսել, հավանել է, բերել, մտցրել է «Իմ քայլը» խմբակցություն ու խորհրդարան:

Լուսինե Բադալյանը ու նրա պես շատ-շատերը, ահա այսպես հայտնվելով խորհրդարանում, մինչև հիմա մտածում են, թե Ազգային Ժողովը թոք-շոու է, որտեղ առաջին հերթին գնահատվում են ճիշտ հագուկապը, սանրվածքը, ձայնի ինտոնացիան: 

Փոխարենը մինչև հիմա չգիտեն, թե ինչ բան է քաղաքականությունը, քաղաքական ինչ համակարգում են գործում, որ վարչապետը իշխող խմբակցության կողմից առաջադրվել է, որ «Իմ քայլը» հավանության է արժանացրել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը, քվեարկել է դրա օգտին, այսինքն վստահում է նրա վարած քաղաքականությանը: Իսկ հիմա պարզվում է, որ իրենք իրենց համար են աշխատում, վարչապետը՝ իր: Իրար հետ կապ չունեն: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է վարչապետի հենարանը: Ստացվում է, որ չունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ