«Կա՛մ արեք, կա՛մ հեռացեք՝ առանց սպառնալու, որ նախկինները կգան: Նրանք այլևս չեն գալու, ո՛չ սեփական դեմքով, ո՛չ փոխարինող: Եվ հետո մի նախկին էլ դուք եք, դուք նախկին էիք դեռ էն ժամանակ, երբ մենք պայքարում էինք: Այնպես որ, մերժված եք էն գլխից: Ուրեմն՝ գնացեք, մենք ինչ-որ պետք է կանենք: Մեր աչքն էլ է կուշտ, փորն էլ: Որ ասում եմ մենք, նկատի ունեմ ազնիվ ատաղձ ունեցող, լավ, կիրթ ու ինտելեկտով, մասնագիտություն ունեցող մարդկանց, որոնք կան, շատ կան: Գործից հասկացող նման մարդկանց ոչ ոք չի խանգարի Սահմանադրություն փոխել, քանի որ ազնիվ, աչքը կուշտ մեկը խալխի կոստյումը չի հագնի: Եվ այլ կարևոր առաջնային գործեր անելը, կրկնում եմ, ոչ ոք չի խանգարի: Էնպես որ մտածեք... հայոց կիսատ-պռատ այրեր». գրառման հեղինակը Սասնա ծռերի աջակից, դերասանուհի Թամար Հովհաննիսյանն է:
«ՉԻ». Շատ ճիշտ մտքեր է արտահայտում նախկին դերասանուհին: Ընդհանրապես մեկընդմիշտ պետք է ամրագրել. հայ ժողովրդի պատմության ընթացքում երկու ուժ են պայքարել՝ Սասունցի Դավիթը և Սասնա ծռերը: Երկրորդը պայքարում ոչ պակաս հաջողակ է եղել: Տոնածառ է փորձել դնել Ազատության հրապարակում և կառավարական տասնյակ հաստատություններից ընտրել է ՊՊԾ գունդը, գրավել այն, պարզապես՝ հետո հանձնվել:
Երբևէ պետական պաշտոն չունեցած Նիկոլ Փաշինյանին նախկին անվանելու համար պետք է չափազանց կուռ տրամաբանություն ունենալ, իսկ հիշողությունը փոխարինել երազներով: Պարզապես պետք է խթանիչներով կիսվել հասարակության հետ, որպեսզի նրանք էլ վայելեն պահը և պատկերացնեն, որ Փաշինյանը նախկին է:
Եվ այո, պետք է բերել լրիվ նոր մարդկանց, ովքեր չեն համագործակցել նախկինների հետ: Օրինակ՝ Արա Պապյանին: Պետք է բացատրել մարդկանց, որ հերյուրանք է՝ Պապյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք 6 տարի դեսպան չի աշխատել: Պապյանի աչքը այնքան կուշտ է, որ այլևս թույլ չի տա դիվանագիտական ներկայացուցչությունը մաքսանենգության օջախի վերածել:
Եվ արդեն հիմա պետք է հայտարարել՝ իշխանության գալու դեպքում կիրթ, ինտելեկտով և մասնագիտություն ունեցող Թամար Հովհաննիսյանը կնշանակվի ԿԳՍՄ նախարար: Միևնույն է, ներկայումս Հայաստանում կրթությունը, գիտությունը և մշակույթը հեռավար են, դժվար թե շատ մեծ վնաս կարողանա հասցնել: