Վանո Սիրադեղյանի՝ տարագրության մեջ վախճանվելն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի խղճին է, բայց բարդ ու խճճված վերլուծությունները, թե ինչու Նիկոլն այնուամենայնիվ չկարճեց շինծու գործը, նրա հոգեվիճակի ու բարդույթների վերաբերյալ ֆրոյդյան խորիմաստ դատողությունները երևի տեղին չեն։ Նիկոլն ինքը բավականին պարզունակ մարդ է՝ պարզունակ էմոցիաներով, ու Վանոյի դեպքում էլ իր պահվածքը շատ պարզ պատճառ ուներ՝ Վանոյին Հայաստան բերելու մեջ «քյար» չկար։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին կյանքում ընդամենը երկու բան է հետաքրքրում՝ անձնական բարեկեցությունը (կուշտ ուտելը, լավ հագնվելը, ձրի ճամփորդելը և այլն) և իր վարկանիշը։ Ընդ որում՝ նրա համար այդ երկուսը փոխկապակցված են, որովհետև բարձր վարկանիշը նրան միշտ պետք է եղել հենց քաղաքական գործունեություն ծավալելու և այդ ճանապարհով իր անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլ արել է այդ տրամաբանությամբ՝ որքանո՞վ դա կբարձրացնի իր վարկանիշը կամ ինչքա՞ն «քյաշ փող» կբերի։ Հենց այդ տրամաբանությամբ էլ նա հաշվարկել է, որ Վանոյի գործը կարճելն ու նրան հայրենիք վերադառնալու հնարավորություն տալը ոչ իր վարկանիշը կբարձրացնի, ոչ էլ «քյաշ փող» կբերի։
Վարկանիշը չի բարձրացնի շատ պարզ պատճառով․ Նիկոլի «էլեկտորատը» հիմնականում մտածելու ունակությունից զուրկ ու հեշտ մանիպուլացվող այն նույն ագրեսիվ զանգվածն է, որն առ այսօր փրփուրը բերանին պահանջում է անհապաղ կախել, ասենք, Ռոբերտ Քոչարյանին ու Աղվան Հովսեփյանին, բայց նույն ագրեսիվ անուղեղությամբ հավատում է նույն Քոչարյանի ու Աղվան Հովսեփյանի սարքած քրեական գործին ու Վանո Սիրադեղյանին մեղադրում մարդկային բոլոր մեղքերի մեջ։ Դե հիմա պատկերացրեք՝ «Նիկոլը Վանոյին հետ ա բերում»։ Ոնց էլ լինի՝ մի քանի հազար հոգի կհիասթափվեին իրենց կուռքից։
Այդ մի քանի հազար «ջուջուլակերների» կորուստն, իհարկե, Նիկոլին առանձնապես չէր մտահոգի, եթե դրա դիմաց կոնկրետ նյութական «քյար» ունենար։ Սրա-նրա տները «շնորհքով ներխուժելն» ու հետո գրավի դիմաց ազատ արձակելը, Սաշիկից միլիոնավոր դոլարների «ինքնակամ նվիրատվություն» ընդունելը, բարձրաստիճան հանրապետականների ազգուտակին պաշտոններ վստահելը կամ «բարեխիղճ գործարար» դարձած օլիգարխներին հարկային արտոնություններ տալը նույնպես նվազեցնում էին նրա վարկանիշը, բայց եթե նյութական փոխհատուցումն ավելի ծանրակշիռ էր՝ կարելի էր նաև աչք փակել վարկանիշի անկման վրա։ Բայց քանի որ Վանոյի վերադարձի դեպքում ոչ «ինքնակամ նվիրատվություններ» էին արվելու բյուջեին, ոչ էլ «Իմ քայլը» հիմնադրամի մուտքերն էին կտրուկ ավելանալու, վարկանիշը վտանգել չարժեր։ Սա է, ուրիշ բան չկա։ Թե չէ ընկել եք սարուձոր՝ «բարոյական արժեքներ», «երախտագիտություն», «անլիարժեքության բարդույթ»․․․ Թող Խաչատուր Սուքիասյանը կամ որևէ այլ օլիգարխ կեսբերան ակնարկեր, որ Վանոյի վերադարձի դեպքում շվեյցարական բանկում որևէ աներձագի որևէ հաշվի վրա մի քանի տասնյակ միլիոն դոլար կավելանա՝ կտեսնեիք, թե ոնց է Նիկոլից «բացարձակապես անկախ» դատաիրավական համակարգը կես ժամում կարճում շինծու քրգործն ու դադարեցնում հետախուզումը։
Իսկ քաղաքական առումով Վանոյին ու Նիկոլին համեմատել չի կարելի, տրամաչափերը տարբեր են։ Նիկոլին նույնիսկ Քոչարյանի ու Սերժի հետ չի կարելի համեմատել։ Թեև մեծ հաշվով՝ Հայաստանում նույն «գյադաների ժամանակն» է։ Պարզապես Վանոյի ասած «Ասկերանի ռուսերենին» փոխարինելու է եկել «Իջևանի անգլերենը»։
Մարկ Նշանյան