...

Հակառակ պարագայում առաջին սաբոտաժ անողն իշխանությունն է

Հակառակ պարագայում առաջին սաբոտաժ անողն իշխանությունն է

Պարզվում է՝ մեկ առանձին վերցրած միավորում՝ Աջափնյակի թաղապետարանում հակահեղափոխությունը տարել է փառահեղ հաղթանակ: Իշխանության են վերադարձել հանրապետականները, նրանց երիտթևի ներկայացուցիչները: Նրանք՝ թաղապետ Թելման Թադևոսյանը, տեղակալներ Գևորգ Բադեյանը, Կարեն Մկրտչյանը, բաժնի պետեր Վարազդատ Ահարոնյանը, Արամայիս Ավետիսյանը, նրա եղբայր Գուրգեն Ավետիսյանը, ոչ միայն տարիներ շարունակ անդամակցել են այդ կուսակցությանը, այլև ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծիքների գործում, մասնակցել են Սարի թաղում ցուցարարների ծեծին, խոչընդոտել են ԵԼՔ դաշինքի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրողների հետ հանդիպումներին: Այդ մասին բացահայտում է արել Փաստերի ստուգման հարթակը (Fip.am):

Կա երկու տարբերակ: Կամ գործող իշխանությունը տառապում է մազոխիզմի վերջին ստադիայով, կամ էլ Ալցհեյմերի հիվանդություն ունի և չի հիշում, թե ինչու է եկել իշխանության և ում փոխարեն:

Անգամ շատ վատ է, եթե պարզվի, որ Փաշինյանը տեղյակ չէ, թե ովքեր են նշանակվել Երևանի համայնքներից մեկի ղեկավարներ: Դա նշանակում է, որ կադրային քաղաքականության առումով բարձիթողի վիճակ է: Իսկ եթե պարզվի՝ իմացել է և ելնելով շանս տալու իր տեսությունից՝ դեմ չի եղել նշանակումներին, ապա կարելի է ասել, որ նա առաջին սաբոտաժ անողն է: 

Հաջորդ անգամ հիասթափվածների ցուցակը պետք է ափդեյթ անի և նշի նաև նրանց, ովքեր հիասթափվել են իրենց ծեծողներին բարձր պաշտոնների նշանակելուց:  

Կա մեկ ճանապարհ՝ հեռացնել վերոհիշյալներին և հայցել հասարակության ներողամտությունը նման անփույթ   կադրային քաղաքականության համար: Հակառակ պարագայում, իշխանությունը կարող է փորձել նմաններին շանս տալ, բայց հասարակությունը չի ցանկանա շանս տալ մանկուրտների իշխանությանը:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ