...

Կուտոյանը չի հարցաքննվել

Կուտոյանը չի հարցաքննվել

Ամիսներ առաջ Բջնիի իր առանձնատանը սպանված ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ինչպես արդեն հայտնել ենք, մահվանից առաջ կանչվել էր ՀՔԾ` Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա այս գործով վկայի կարգավիճակ ուներ: Նրա մահվան փաստը ոմանք կապեցին այն հանգամանքի հետ, որ Հարությունյանը այս գործով կարևոր տեղեկությունների կրող էր ու նրա ցուցմունքները կարող էին վճռորոշ լինել մասնավորապես 2008 թ. մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկանական գործողությունների մասով: 

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստը արդեն իսկ տարատեսակ շահարումների տեղիք է տալիս, մասնավորապես այս հարցադրմամբ` ում էր ձեռնտու նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը, և արդյոք Կուտոյանի մահը կարող է առնչություն ունենալ «Մարտի 1»-ի գործի հետ: Մենք ՀՔԾ-ից պարզեցինք, որ Կուտոյանը սույն գործով որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել և չի հարցաքննվել:

Հիշեցնենք, որ Կուտոյանի նախորդը Գորիկ Հակոբյանն էր, որը կյանքից հեռացել է 2017-ին: Արձանագրենք, որ վերջին շուրջ հինգ ամսվա ընթացքում, փաստորեն, երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահ է արձանագրվել` ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԱԾ-ի նախկին տնօրեն, Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյան, որը ամիսներ առաջ կյանքից հեռացավ դժբախտ պատահարի` գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մահացած այս պաշտոնյաները, փաստորեն, ուժային մարմիններում տեղի ունեցած գործողություններին առնչվող պետական կարևորության տեղեկությունների կրող էին, որոնք վերջիններս կուտակել էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնավարելու ընթացքում: 

Սոցցաներում այս մասին թեժ քննարկում է ծավալվում, օգտատերերը կանխատեսում են, թե հետագայում գուցե լսենք այլ նախկին պաշտոնյաների մահվան մասին բոթեր: Շատերն էլ պահանջում են իշխանություններից միջոցներ ձեռնարկել և պետական հատուկ պահպանության տակ առնել բոլոր այն պաշտոնյաներին, որոնց անունը շրջանառվում է  այս կամ այն աղմկահարույց քրեական գործով, մասնավորապես` «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27-ի»:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ