...

Ըստ իրանագետի՝ երկու երկրների հակամարտությունը կտեղափոխվի երրորդ երկիր, որը հավանաբար կլինի Իրաքը

Ըստ իրանագետի՝ երկու երկրների հակամարտությունը կտեղափոխվի երրորդ երկիր, որը հավանաբար կլինի Իրաքը

«Այս տարածաշրջանը վաղուց արդեն Մերձավոր Արևելքը վերածել է եռացող կաթսայի և ամեն րոպե, ամեն վայրկյան կարող է վառոդի նման բռնկվել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում վերլուծելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները՝ ասաց իրանագետ Արմեն Վարդանյանը

Իրանագետի խոսքով՝ վերջին օրերի իրադարձությունները հենց այդ լարվածության գագաթնակետին հասան, և դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2018 թվականի մայիսի 8-ից Իրանի նկատմամբ սկսած պատժամիջոցային և մեկուսացման քաղաքականության գագաթնակետն էր, որով ԱՄՆ նախագահը փորձում էր Իրանի նկատմամբ առավելագույն  ճնշումների քաղաքականություն վարել և, ինչպես իրենք էին ասում, այնպիսի ճնշումների պետք է ենթարկեին, որ պատմությունը մինչև այժմ չի տեսել, այսինքն՝ աննախադեպ: Իրանցի գեներալի սպանությունը, որը նաև իրանական հզորության խորհրդանիշ էր համարվում, բնականաբար չէր կարող անհետևանք մնալ, և Իրանը պետք է պատասխան գործողություններ ծավալեր: Բարեբախտաբար Իրանն էլ շատ լավ հասկացավ, որ ԱՄՆ զինված ուժերի ուղիղ հարվածները և ուղիղ բախումը ԱՄՆ-ի հետ և ամերիկացիների պատասխան սպանությունները կարող են բերել անկանխատեսելի ու շատ լուրջ վտանգների: Իրանական կողմը հարվածեց ամերիկյան ռազմաբազաներին, որպեսզի իր դեմքը փրկի, բայց բարեբախտաբար երկու երկրների ղեկավարությունները ողջախոհություն դրսևորեցին և ուղիղ բախման չեն գնալու: Ըստ իրանագետի՝ երկու երկրները հավանաբար կսահմանափակվեն այսքանով, և նրանց միջև պատերազմը կտեղափոխվի երրորդ երկրների տարածք և կփորձեն միմյանց վնասներ հասցնել, բայց ուղիղ բախման և ուղիղ ճակատամարտի չեն գնա, քանի որ երկուսն էլ հասկանում են, որ դա կարող է բերել անկանխատեսելի և լուրջ հետևանքների:

Արմեն Վարդանյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ երրորդ երկիրը կլինի Իրաքը, որտեղ ԱՄՆ-ն ունի զինված, մոտ հինգ հազար հոգուց բաղկացած կոնտիգենտ, ռազմաբազաներ: Իրանն էլ ունի իրեն աջակցող շատ լուրջ պրոիրանական աշխարհազորը՝ «Ալ-Խաշդ աշ-Շաա-բին», որը ավելի շատ Իրանին է ենթարկվում, քան Իրաքի կառավարությանը: Այն շատ հզոր ուժ է՝ մի քանի տասնյակ հազար զինվորականներից բաղկացած, և հենց նրանց միջոցով էլ կփորձեն հարվածներ հասցնել Իրաքում գտնվող ամերիկյան գործընկերներին: 

Իրանագետը համոզված է՝ այս լարվածությունը անպայման տարբեր փուլերում տարբեր սրացումներ ունենալու է, և այն տևելու է մինչև նոյեմբեր, մինչև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահական ընտրությունները: Ավելին՝ այդ լարվածությունը անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանալու:

Անդրադառնալով երեկ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարությանը, որ «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար», Վարդանյանը նշեց. «Հայաստանի շխանությունների դիրքորոշումը այս հակամարտության մեջ միանգամայն ադեկվատ և հավասարակշռված է, սա մեր խաղը չէ, մեր խնդիրը չէ, և բնականաբար Հայաստանը պետք է կատարյալ չեզոքություն դրսևորի այս հակամարտության մեջ: Այո, Իրանը և ԱՄՆ-ն երկուսն էլ մեր բարեկամ երկրներն են, և մենք չպետք է դիրքավորվենք որպես այդ հակամարտության կողմերից մեկին սատարող երկիր: Հայաստանը պետք է բացարձակ չեզոքություն պահպանի, մանավանդ, որ սա մեր կռիվը չէ»:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6162 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ